Լրահոս

Կարեն Կարապետյանն ու իշխանությունը 2017-ից հետո

 

^DB27F913FBCED09B5555DE8D03F9D11F24A1AC2F449FB8883E^pimgpsh_fullsize_distr

1in.am– Վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակումից հետո ամենից հաճախ հնչող ու հետաքրքրություն ներկայացնող հարցերից մեկը այն է, թե արդյոք նա գլխավորելո՞ւ է կառավարությունը խորհրդարանի ընտրությունից հետո: Իհարկե այդ հարցն առավելապես հուզում է փորձագիտական, լրագրողական, քաղաքական շրջանակներին, քանի որ հասարակությանը հուզող հարցը միակն է՝ փոխվելո՞ւ է Հայաստանում կյանքի որակը, լինելո՞ւ է պայքար կոռուպցիայի, հովանավորչության դեմ, Հայաստանը լինելո՞ւ է իրավական պետություն, թե՞ ոչ:

Ու դժբախտաբար, հասարակությունն ինքն էլ ունի իր այդ հարցերի պատասխանները: Դժբախտաբար, որովհետև այդ պատասխանները հուսադրող չեն՝ դրանց հիմքերի գոնե առայժմ բացակայության պատճառով: Այդուհանդերձ, խորհրդարանի ընտրությունից հետո Կարեն Կարապետյանի հետագա պաշտոնավարման հարցը ուշագրավ է՝ առավել ևս նկատի ունենալով, որ դա վերաբերում է իշխանության խնդրին, իսկ իշխանությունը քանի դեռ կա այս վիճակում՝ դա այն կառույցն է, որը կայացնում է հասարակական-պետական կյանքին վերաբերող որոշումներն ու սահմանում խաղի կանոնները:

Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները հայտարարում են, որ Կարեն Կարապետյանը երկարաժամկետ վարչապետ է: Այդ մասին գրեթե վստահությամբ հայտարարում էր օրինակ խորհրդարանական կառավարման Սահմանադրական նախագծի հեղինակներից մեկը՝ արդարադատության նախկին նախարար և ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը: Այլ հանրապետականներ էլ հայտարարել են, որ Կարապետյանը երկարաժամկետ վարչապետ է: Չնայած ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ հայտարարում էր, որ դեռ պետք է տեսնեն նրա աշխատանքը, նոր հետո որոշեն՝ մնա, թե ոչ:

Կասկած չկա, որ այս հարցում ՀՀԿ ներսում առկա է տարակարծություն, որը ժամանակի ընթացքում անկասկած վերածվելու է դիմակայության, քանի որ Սերժ Սարգսյանը բացահայտորեն Կարապետյանի առաջ է դրել ՀՀԿ-ի նորացման խնդիրը, իսկ դա նշանակում է ստատուս-քվոյի փոփոխություն և շատերի հեռացում ասպարեզից: Այստեղ խնդիրը իսկապես խորն է և պայմանավորված չէ լոկ ցուցանակային փոփոխությունների անհրաժեշտությամբ:

Կարեն Կարապետյանը քաղաքական գործիչ չէ, համենայնդեպս մինչև այժմ: Դժվար է պատկերացնել, որ առաջիկա յոթ-ութ ամիսների ընթացքում նա դառնալու է այդպիսին: Կարգավիճակը իհարկե պարտադրում է, բայց Կարապետյանն ընդգծված մենեջերական կերպարից չի կարող արագորեն դուրս գալ: Առավել ևս, որ նա չունի անհրաժեշտ քաղաքական թիմ-հենարան: 2017 թվականից հետո, իհարկե որոշակի միջանկյալությամբ, սակայն վարչապետի պաշտոնն ըստ էության դառնում է թիվ մեկ պաշտոնը երկրում, վարչապետը դառնում է պետության առաջին դեմքը: Իսկ առաջին դեմքը չի կարող չլինել քաղաքական: Եվ եթե 2017 թվականից հետո Կարեն Կարապետյանը շարունակում է պաշտոնավարումը վարչապետի պաշտոնում, ապա դե ֆակտո կստացվի, որ Հայաստանի Հանրապետության առաջին դեմքը քաղաքական անձ չէ:

Սա ինչ որ առումով թե´ քաղաքական, թե´ քաղաքագիտական նոնսենս կարող է լինել, բայց իհարկե միայն ոչ Հայաստանի իշխանական համակարգի պայմաններում, ընդ որում՝ մի շարք ոչ միայն սուբյեկտիվ, այլև օբյեկտիվ հանգամանքներից ելնելով: Եվ քանի որ վարչապետն ինքը ընդգծված քաղաքական դեմք չէ, սակայն պարտադրված քաղաքական կարգավիճակում է, ապա այդ պարագայում էապես կտրուկ ավելանալու է ՀՀԿ-ի ոչ միայն ֆորմալ դերը՝ որպես իշխանական մեծամասնություն, այլև ոչ ֆորմալ դերը, քանի որ վարչապետը ոչ ֆորմալ առումով չի լինում «մաքուր քաղաքական» ֆիգուր: Դա իր հերթին նշանակում է, որ զգալիորեն մեծանալու է նաև ներկուսակցական ստատուս-քվոյի դերը, և հետևաբար նաև դրա համար պայքարի սրությունն ու լարվածությունը:

Մեծ հաշվով, դե ֆակտո ոչ քաղաքական առաջին դեմքի պարագայում ստացվում է, որ իրական առաջին դեմքը հանդիսանալու է նա, ով քաղաքական առումով կղեկավարի ՀՀԿ-ն, եթե իհարկե այդ ընթացքում ՀՀԿ-ն է շարունակում մնալ իշխող ուժը Հայաստանում: Եթե Սերժ Սարգսյանն ունի ՀՀԿ ղեկավարի պաշտոնում մնալու մտադրություն, ապա ըստ էության կստացվի, որ Կարեն Կարապետյանի վարչապետության պարագայում դե ֆակտո առաջին դեմք կմնա Սերժ Սարգսյանը: Ընդ որում՝ չի բացառվում, որ նաև հենց դա է եղել մոտիվներից մեկը, որ վարչապետի հարցում ընտրությունը կանգ է առել Կարեն Կարապետյանի վրա՝ միակը չէ, միգուցե ամենավճռորոշը չէ, սակայն կարևորներից մեկն է: Եթե ոչ, ապա 2017 թվականին ընդառաջ, իսկ հատկապես դրանից հետո պետք է սպասել Կարեն Կարապետյանի բավականին ակտիվ ջանք ոչ միայն, իսկ գուցե ոչ այնքան տնտեսական ուղղությամբ, ինչքան ՀՀԿ-ում սեփական հենարան և թիմ ձևավորելու՝ ըստ ամենայնի Սերժ Սարգսյանի աջակցությամբ, եթե իհարկե մինչ այդ որևէ բան չփոխվի: Ի վերջո, Հայաստանի վերջին տարիների պատմության ընթացքում բազմաթիվ դեպքեր են եղել, երբ էական բաներ է փոխել ընդամենը մեկ գիշերը:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing