Լրահոս

Կարեն Կարապետյանն ու Մեդվեդեւը բացահայտեցին ամենակարեւորը

 

arm147765746524

lragir.am — Բելառուսում մասնակցելով ԵՏՄ վարչապետների հավաքին, Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին:
Այդ հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրությունը բավական համառոտ է: Թե ինչ կոնկրետ հարցեր են քննարկել Հայաստանի եւ Ռուսաստանի Դաշնության վարչապետները, այդքան էլ պարզ չէ: Ռազմավարական դաշնակից համարվող, տնտեսական գործակցության տիեզերական ներուժի մասին անվերջ հավաստիացնող երկու պետությունների վարչապետների հանդիպման մասին ավելի անբովանդակ եւ ընդհանրական պաշտոնական հաղորդագրություն պատկերացնելը դժվար է: Եվ դա այն պարագայում, երբ մասնավորապես Հայաստանն ունի խիստ կոնկրետ տնտեսական հեռանկարների անհրաժեշտություն:
Թեեւ, հենց այդ բովանդակությունը վկայում է, որ Հայաստանն ու Ռուսաստանն իրականում ընդամենը համարվում են ռազմավարական դաշնակիցներ, իսկ նրանց միջեւ տնտեսական գործակցության խորացման մեծ ներուժի մասին հայտարարություններն ընդամենը պրոտոկոլային copy paste են կամ ֆոնոգրամա:
Մյուս կողմից, Կարեն Կարապետյանն ըստ երեւույթին Մեդվեդեւի հետ քննարկելու ոչինչ չունի, քանի որ մի քանի օր առաջ Երեւանում ընդունել էր Գազպրոմի նախագահ Միլլերին, իսկ Հայաստանի մասով Ռուսաստանի «վարչապետը» երեւի թե նա է, հաշվի առնելով այն պայմանագիրը, որ Հայաստանը Գազպրոմի հետ կնքել է 2013 թվականի դեկտեմբերին:
Ընդհանուր առմամբ, տնտեսական իմաստով հայ-ռուսական հարաբերությունը բավական հարաբերական երեւույթ է: Անկախությունից հետո Հայաստանը սկսելով որոշ տնտեսական եւ քաղաքական բարեփոխումներ, դրանք զոհաբերեց իշխանական կոնյունկտուրային, թողնելով կիսատ եւ փաստացի չստեղծելով լիովին նոր միջավայր, որը Հայաստանի համար կստեղծեր դիվերսիֆիկացված տնտեսության նախադրյալ: Քանի որ այդ ամենը զոհաբերվեց իշխանական կոնյունկտուրային, Հայաստանի տնտեսությունն էլ հանգեց ռուսական խողովակին:
Այնտեղից հոսում էր առատ «ջուր»: Անորակ, բայց «առատ» ջուր, որը թույլ էր տալիս պահել Հայաստանի անորակ համակարգը: Ինչ որ պահի նույնիսկ դրական դարձավ միգրացիոն սալդոն: Հայաստանի իշխող համակարգի համար գրեթե իդեալական, սակայն բթացած վիճակ, որովհետեւ այդ համակարգը բացարձակապես պատրաստ չէր ֆորս-մաժորի, ռուսական խողովակի խցանումների:
2008 թվականից սկսեցին պարբերական խցանումները, այժմ խողովակը գրեթե փակ է: Բայց Հայաստանի համակարգը չունի այլ խողովակ: Չկա նաեւ ռուսական խողովակը բացելու հույս: Ստեղծվել է մի վիճակ, երբ ընթացիկ կառավարման խնդիրներ լուծելու առումով Հայաստանը չունի ռուսական խողովակին այլընտրանք եւ փորձում է անել ամեն ինչ դրանով թեկուզ կաթիլներ ավելացնելու կամ ստանալու համար:
Եվ այս իմաստով, այդ ջանքերը հասկանալի են, դրանք ավելի քան երկու տասնամյակ ստեղծված իրավիճակի հետեւանքն են:
Սակայն, ընթացիկ կառավարման անհրաժեշտություններին զուգահեռ, կան ռազմավարական անհրաժեշտություններ, եւ այդ իմաստով հարց է առաջանում, թե Հայաստանի նոր կառավարությունը գիտակցու՞մ է, որ Հայաստանը կարիք ունի ռազմավարական շրջադարձերի, որոնք ենթադրում են հիմնարար քայլեր տնտեսության զարգացման այլ ոլորտներ եւ արտաքին ուղղություններ ապահովելու համար, որոնցում Ռուսաստանի իրավիճակից եւ կամքից կախվածությունը կլինի գրեթե զրոյական:
Ընդ որում, այդ դեպքում կա նույնիսկ հնարավորություն, որ արդեն ոչ թե Հայաստանը Ռուսաստանի հետեւից կընկնի տնտեսական կաթիլների համար, այլ Ռուսաստանը կփորձի Հայաստանին առաջարկել հեռանկարներ, որպեսզի պահպանի տնտեսական շոշափելի ներկայությունը Հայաստանում:
Ի դեպ, այդ տեսանկյունից խնդիրը հաճախ ենթարկվում է գիտակցական կամ ակամա նենգափոխումների, ամեն մեկի դեպքում տարբեր շարժառիթով: Նենգափոխման իմաստը լինում է այն, թե այլընտրանքի մասին, դիվերսիֆիկացիայի մասին խոսակցությունը ենթադրում է հրաժարում Ռուսաստանի հետ գործակցությունից:
Մինչդեռ, հենց ներկայիս Հայաստանն ունի առանցքային օրինակ ՏՏ ոլորտում, որտեղ եւս գերիշխող է ռուսական կապիտալը` հեռահաղորդակցության երկու ընկերությունների պարագայում, բայց այդ կապիտալի պահվածքը Հայաստանում որակապես տարբեր է այն պահվածքից, որ ցուցաբերել եւ ցուցաբերում է Ռուսաստանի այսպես ասած պետական կապիտալը:
Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում ներկայացված ռուսական կապիտալը նպաստել է ոլորտի որակական զարգացմանը, մրցակցությանը, դրա շնորհիվ հանրության համար շոշափելի էֆեկտին: Դրանում նաեւ էական նշանակություն է ունեցել այն, որ վերջին տարիներին Հայաստանն էլ իր հերթին աշխույժ քայլեր է կատարել ոլորտում հայկական կապիտալի գեներացման համար, բերելով մրցակցության իր բաժինն ու այդպիսով ոլորտի զարգացումը տեղափոխելով որակապես նոր մակարդակի:
Այստեղ անշուշտ դեր ունի եւ այն, որ Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում ներկայացված ռուսական կապիտալը որոշակի այլ մտածողության կրող կապիտալ է նաեւ Ռուսաստանում: Բայց այդ հանգամանքն էլ տալիս է հետեւությունների տեղիք, որ Հայաստանը նաեւ պետք է փնտրի Ռուսաստանի հետ աշխատանքի նոր հասցեներ, ընդ որում ոչ միայն տնտեսական, այլ նաեւ քաղաքական, ռազմա-քաղաքական տեսանկյունից:
Ինքնին հասկանալի է, որ Ռուսաստանի պարագայում, որտեղ ամբողջատիրական ՖՍԲ-ական կառավարում է, այդ տարբերակումները խիստ հարաբերական են, սակայն Հայաստանն անգամ փոքր եւ հարաբերական հնարավորություններն օգտագործելու այլընտրանք չունի` իրավիճակը թեկուզ փոքր քայլերով փոխելու համար:
Հակառակ պարագայում, Հայաստանի իներտությունը չի բերելու որեւէ արդյունքի, միաժամանակ պոտենցիալ այլ` երրորդ ուղղությունների համար լինելով խիստ բացասական մեսիջ, քանի որ երրորդ կողմերի համար էլ առանցքային նշանակություն ունեցող գործոններից է այն, թե Հայաստանն ինչքանով է ունակ սեփական շահին միտված արդյունավետ քայլեր անել առաջին հերթին հենց իր այսպես կոչված դաշնակից կամ հիմնական գործընկեր համարվող պետության հետ հարաբերությունում:
Ռուսաստանի ներկայիս իշխանությունը որքան էլ ամբողջատիրական, այդուհանդերձ միջազգային դե ֆակտո դատավճռի արժանացած իշխանություն է, որը վաղ թե ուշ փլուզվելու է, եւ Հայաստանը թե տնտեսական, թե քաղաքական իմաստով կարիք ունի պատրաստ լինելու այդ իշխանությունից կամ պայմանական ասած Պուտինից հետո Ռուսաստանի հետ գործ ունենալուն, քանի որ գործ չունենալն իրատեսական եւ ռացիոնալ չէ:

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am