Կարգին ընտրության սպասումով

39

Դերասան Հայկ Մարությանը, նույն ինքը՝ Կարգին Հայկոն, որոշել է դառնալ Երևանի քաղաքապետ: Ոչ միայն ինքը, այլև Նիկոլ Փաշինյանն ու Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է այդպես որոշել: Իսկ դա նշանակում է, որ Հայկ Մարությանը քաղաքապետ դառնալու ռեալ շանսեր ունի: Դա հասկանալով՝ շատերն արդեն աղմուկ են բարձրացրել: Ասում են՝ Հայկոն լավ դերասան է, ի՞նչ գործ ունի քաղաքականության ու քաղաքապետության հետ: Այդպես մտածողներն ու այդպես ասողները մոռանում են, որ Հայկ Մարությանն արդեն ավելի քան երեք ու չորս տարի է՝ քաղաքականության մեջ է: Ավելի շատ քաղաքականության մեջ է, քան՝ կինոյի ու դերասանության: Ընդդիմության գրեթե բոլոր միջոցառումներին մասնակցել է: Քաղաքային տրանսպորտի թանկացման դեմ միջոցառումներից սկսած և թավշյա հեղափոխությամբ վերջացրած: Ընդ որում՝ ոչ թե կողքանց է մասնակցել, այլ՝ միանգամայն լրջորեն ու հիմնավոր:

Այսուհանդերձ, հակառակ մտածողներ էլ կան: Հակառակ մտածողներից ոմանք էլ, հակառակը մտածելով, հակառակ ծայրահեղության մեջ են ընկնում, ասելով, որ ԱՄՆ նախագահ Ռեյգանն էլ է դերասան եղել: Սրանք էլ մոռանում են, որ Հայկ Մարությանը ոչ թե որոշել է Միացյալ Նահանգների նախագահ դառնալ, այլ ընդամենը՝ Երևանի քաղաքապետ:

Նրանք, ովքեր թավշյա հեղափոխությունից հետո իշխանության մեջ բարձր պաշտոններ ստացան, Հայաստանի ներքաղաքական կյանքում ավելի մեծ ու ավելի լուրջ մասնակցություն չեն ունեցել, քան դերասան Հայկ Մարությանը: Բացառությամբ, իհարկե, վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Եվ եթե Նոր Հայաստանի միանգամայն նոր ու անփորձ բարձրաստիճան պաշտոնյաներին ինքնադրսևորվելու հնարավորություն ենք տվել, պարտավոր ենք նման հնարավորություն նաև Հայկ Մարությանին տալ: Չմոռանանք նաև, որ Հայկ Մարությանը «Կարգին հաղորդման» և այլ ֆիլմերի շրջանակներում ոչ միայն դերասան է եղել, այլև՝ սցենարիստ, ռեժիսոր և, ինչու չէ, նաև՝ պրոդյուսեր: Այսինքն՝ Հայկ Մարությանը նաև կազմակերպչական աշխատանքի փորձ ունի: Այսուհանդերձ, Հայկ Մարությանը չափազանց համեստ է և չափի բավարար զգացողություն ունի, այլապես, եթե մշակույթի նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցն ասում է՝ «մշակույթը ես եմ», Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն էլ կարող է ասել՝ «Երևանը ես եմ»: Բայց մենք էլ չափի զգացողությունը պահպանելով՝ շատ չսևեռվենք Մակունցի ուղղությամբ, մանավանդ որ՝ աղջիկն սկսել և շարունակում է ինքնաբավ աշխատել և ընթացքում էլ գլխի է ընկել, որ Հայաստանի պատմության թանգարանում բացվելիք թավշյա հեղափոխությանը վերաբերող ցուցադրությունը պետք է ժամանակավոր ցուցադրություն լինի:

Եվ վերջապես. համոզված ենք, որ տաղանդավոր ու սիրված արտիստ Հայկ Մարությանը գիտակցում է իր սիրված լինելը և դժվար թե համաձայնվեր հանուն պաշտոնի հարվածի տակ դնել իր վարկանիշը: Նաև համոզված ենք, որ եթե քաղաքապետի պաշտոնում ցանկալի ձևով չաշխատի, դա մեզնից ավելի շուտ կզգա ինքը՝ Հայկ Մարությանը և ավելի շուտ հրաժարական կտա, քան դա արեց Տարոն Մարգարյանը:
Ասացինք, որ Հայկ Մարությանը, ում թեկնածությունն առաջադրել է Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը», քաղաքապետ դառնալու ռեալ շանսեր ունի: Այդուհանդերձ, նաև մտածում ենք, որ Երևանի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում Կարգին Հայկոն միանգամայն լուրջ հակառակորդներ ունի՝ «Բարգավաճ Հայաստանից» Նաիրա Զոհրաբյանը, ՀՀՇ-ից՝ Արարատ Զուրաբյանը, «Երկիր }Ծիրանիից»՝ Զարուհի Փոստանջյանը և էլի ուրիշներ, ովքեր, ըստ ամենայնի, կարող են լուրջ մրցակիցներ լինել Հայկ Մարությանին՝ քաղաքապետի պաշտոնի համար պայքարում: Այնպես որ, Երևանի քաղաքապետի ընտրությունները ոչ միայն Հայկ Մարությանի, այլև «Քաղաքացիական պայմանագրի» և անձամբ Նիկոլ Փաշինյանի համար կարող են լրջագույն փորձություն հանդիսանալ: Բոլոր դեպքերում, սա նաև լավագույն առիթ է համոզվելու համար, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները պատրաստ են անցկացնել ազատ և արդար ընտրություններ՝ հարկ եղած դեպքում նաև այլոց հետ միասին կերտելու նոր Հայաստան կոչվող տեսլականը:

Այնպես որ, ընտրողներին ու ընտրվողներին կարևոր ու լուրջ փորձություն է սպասվում: Երևանի քաղաքապետը, փաստորեն, Հայաստանի հալալ կեսի ղեկավարն է ու նրանից մեծապես է կախված մեր քաղաքացիների վիճակը: Շատերն են գտնում, որ Երևանի քաղաքապետի ընտրություններում Հայկ Մարությանի հնարավորությունները գերադասելի են: Կարծում ենք, վարչապետ Փաշինյանն ու «Քաղաքացիական պայմանագիրն» էլ են այդպես համարում, այլապես Հայկ Մարությանի թեկնածության վրա կանգ չէին առնի: Այդուհանդերձ, Հայկ Մարությանի հակառակորդների շանսերն էլ պետք է հաշվի առնել, և առաջին հերթին դա պետք է հաշվի առնի նաև ինքը՝ վարչապետը:
Միայն այդ դեպքում է հնարավոր Երևանի քաղաքապետի ազատ և արդար ընտրություն: Փաշինյանը պետք է պատրաստ լինի աշխատել ցանկացածի հետ, մանավանդ որ, համոզված ենք, երևանցիները ոչ մի դեպքում անարժանի չեն ընտրի: Հակված ենք հավատալ, որ ընտրակեղծիքները կբացառվեն. հակառակ դեպքում «Քաղաքացիական պայմանագիրը» մեկից կվերածվի ՀՀԿ-ի:

Ինչ վերաբերում է կոնկրետ Հայկ Մարությանի թեկնածությանը, նրա դերասան լինելը ոչ թե թերություն ենք համարում, այլ, ընդհակառակը, առավելություն: Մանավանդ որ, ինքը ոչ թե սովորական դերասան է, այլ՝ չափազանց կարգին ու չափազանց տաղանդավոր: Սա արդեն ոչ թե միայն իմ կարծիքն է, այլ՝ շատերի: Ավելի լավ է լավ դերասան լինել, քան ոչինչ չլինել: Սա արդեն անձամբ իմ կարծիքն է:

Հուսանք և հավատանք, որ Հայկ Մարությանը նաև կարգին քաղաքապետ կլինի: Կարևորն այն է, որ տեղի ունենան Երևանի քաղաքապետի կարգին ընտրություններ: Վարչապետի, Հայկ Մարությանի և բոլորիս ջանքերով:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache