Կարտոֆիլնել է թանկացել, հիմա ի՞նչ ուտեն՝ խառը կանաչի՞, սխտո՞ր. Ն. Փաշինյան

0

ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հարցի սկզբում  հիշեցրեց, որ իշխանության որոշ ներկայացուցիչներ, խոսելով թանկացումների մասին, «ինովացիոն» լուծումներ էին առաջարկել:

«Նրանք արձանագրեցին, որ աղքատները հիմնականում կարտոֆիլ են ուտում, և գնաճը նրանց բարեկեցության վրա չի ազդի: Հիմա ԱՎԾ-ն հրապարակել է գնաճի տվյալները, և պարզվել է, որ իշխանական թևի ներկայացուցիչների այդ հայտնի հայտարարությունից հետո շուկայում կարտոֆիլի գները թռել են»,-ասաց նա և հարցրեց, թե այս դեպքում ի՞նչ ուտեն այս պարագայում աղքատները:

Նիկոլ Փաշինյանն առաջարկեց նաև տարբերակներ. « 1-Խառը կանաչի, որ էժանացել է 48.5%-ով, 2- սխտոր, որ էժանացել է 22.2 %-ով, 3-կանաչ սոխ, որ էժանացել է 18.2 %-ով և 4-տաքդեղ՝ 11.1%-ով»:

ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն էլ շնորհակալություն հայտնեց ԱՎԾ տվյալները ներկայացնելու ու տարածելու համար. «Կարծում եմ՝ մեր ազգաբնակչությունը կընտրի այդ ապրանքների տեսականուց առավել մեծ կալորիականությամբ հարուստ այն ապրանքների ցանկը, որը կհամապատասխանի իր բյուջեին և եթե նրանք չկարողանան դա անել, Ձեր կողմից տրամադրված հաշվարկները նրանց համար հիմք կհանդիսանան խնդիրը վերջացնելու»:

Փաշինյանն արձագանքեց, թե անընդհատ ասվում է, որ 2.6 տոկոս է գնաճը, բայց անհասկանալի է թե այդ թիվը ինչպես է ստացել ԱՎԾ-ն , սակայն մեծ թանկացումների հետ համադրել են իր նշած ապրանքների գնանկումը:

«Որ ասում եք 2.6%, ես պատկերավոր ցույց տվեցի, թե ինչպես է ԱՎԾ-ն մանիպուլյատիվ կերպով 48 % դարձրել գնաճը 2.6 տոկոս»,-ասաց նա:

Փոխվարչապետը հույս հայտնեց, որ հունվարի 23-ին կայանալիք լսումների ժամանակ ԱՎԾ-ից մանրամասն կներկայացնեն ապրանքների հաշվման մոթոդաբանությունը, ինքը ներկայացրեց դրա եղանակը: «Վստահեցնում եմ, որ նույն մեթոդաբանությունն օգտագործվում է աշխարհի շատ երկրներում, և այդ տեսակետից մենք ունենք լավագույն վիճակագրությունը»,-ասաց փոխվարչապետը:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache