Լրահոս

Կատարվեց այն, ինչից Մոսկվան ամենաշատն էր զգուշանում

 

Այն պահից ի վեր, երբ Ելքը հայտարարեց ԵՏՄ-ից դուրս գալու նախաձեռնության մասին, շատերն են նկատել, որ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրեթե ամեն օր, երբեմն օրը մի քանի անգամ հայտարարում է, որ ՀԱՊԿ-ին ու ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է պետական շահից, եւ որ այդ միություններն այլընտրանք չունեն:
ՀՀԿ խոսնակի այս պահվածքը տարբեր կերպ է մեկնաբանվում. Ոմանք այն կարծիքին են, որ իշխանությունը հավատարմության երդում է տալիս Մոսկվային, առաջիկա անցումային փուլը հաջողությամբ հաղթահարելու համար, ինչի վերաբերյալ հույս էր հայտնել Պուտինը, ոմանք էլ ավելի հեռուն են գնում ու պնդում, որ սա ավելի լայն խաղ է, որի միջոցով էլ իշխանությունն իր անայլընտրանքայնության խնդիրն է լուծում:
Կարող են լինել թե մեկը, թե մյուսը, առավել եւս, որ երբ ՀՀԿ խոսնակն ասում է, որ անդամակցությունը բխում է պետական շահից, նկատի ունի՝ իշխանության շահից, եւ այդ մասով նա ճիշտ է՝ այդ ընտրությունը մի քանի տարի առաջ ՀՀԿ-ին հնարավորություն տվեց պահել իշխանությունը:
Մյուս կողմից, Շարմազանովի այս համառ պնդումները նոր իրողություն են բացում, որը թերեւս ամենակարեւորն է, քանի որ Երեւան-Մոսկվա հարաբերություններում խաղերը վաղուց ավարտված են:
Բանն այն է, որ իշխանությունը բոլորից լավ գիտե, թե իր խոսքին որքան են վստահում ու հավատում Հայաստանին: Ավելին, հանրության շրջանում կա համոզմունք, որ իշխանության ասածների հակառակը պետք է հասկանալ: Եվ Շարմազանովի համառ պնդումներն այդ տեսակետից կարծես «իշմար» են հանրությանը, որ ԵՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի մասով իր ասածների հակառակը պետք է հասկանալ:
Եվ ամենակարեւորը: Այդ կառույցներին անդամակցելուց հետո, վերջին տարիներին Ռուսաստանը ցուցադրաբար նվաստացնում է Հայաստանին թե միջազգային ասպարեզում, թե երկկողմ հարաբերություններում՝ Հայաստանին որոշումներ պարտադրելու ու Ադրբեջանին զինելու տեսքով, այդպիսով հարվածելով նաեւ իշխանությանը:
Այս տարիներին Հայաստանի իշխանությունը լուռ տանում էր այդ նվաստացումները, համաձայնվում ռուսների գրեթե բոլոր քմահաճույքներին ու պահանջներին, զիջելով շատ բան: Եվ այս «մարտավարությունը» մի կողմից հետեւողականության, մյուս կողմից՝ Ռուսաստանի թուլացման արդյունքում բերեց հետաքրքիր վիճակի՝ Մոսկվան իր համար աննկատ Հայաստանի մասով հայտնվեց մեղքի ու պարտավորությունները կատարելու խնդրի տակ: Մի բան, որը չէին սպասում ու որից ամենաշատն էին զգուշանում:
Հիմա արդեն 2013-ի սեպտեմբերը չէ, շատ բան է փոխվել ու տեղ-տեղ՝ այլեւս անշրջելի: Հայաստանն արդեն պրո-ռուսական բոլոր բլոկների անդամ է, կատարել է իր բոլոր պարտավորությունները, եւ հիմա այն, ինչ կարելի է մեզ, արդեն չի կարելի իրենց: «Դեհ, թող նրանք մեր անդամության տակից դուրս գան, կրնա՞ն նե», ասում է մերձավոր սփյուռքում բնակվող տաղանդավոր հայ քաղաքագետը:
Հիմա հայ հանրությունն արձագանքում է ցանկացած երեւույթի ու խոսքի՝ որոնք հնչում են Ռուսաստանից եւ ուղղված են Հայաստանի ու հայկական շահերի դեմ:
Այսպիսով, Շարմազանովի համառ պնդումները հենց այս իրողությունն են արձանագրում՝ դրանք մի կողմից «իշմար» են հայ հանրությանը, մյուս կողմից ուղղված են Մոսկվային՝ «դե դուրս եկեք մեր անդամության տակից»:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing