Կատարվում է անխուսափելին. Պուտինի երաշխիքը Փաշինյանին

115

Հայաստանը դադարել է Ռուսաստանի համար լինել հարաբերության հասկանալի սուբյեկտ, կարծում է ռուսաստանցի հրապարակախոս Դենիս Դվորնիկովը tert.am-ի հետ զրույցում: Դվորնիկովի գնահատականը բավական դիպուկ է: Չէր կարող լինել այլ կերպ: Ոչ թե գնահատականը չէր կարող չլինել դիպուկ, այլ Հայաստանը չէր կարող Ռուսաստանի համար չլինել անհասկանալի:

Հակառակ պարագայում Հայաստանը չէր կարող փոխվել: Եթե Հայաստանը փոխվում է սկզբունքորեն, ինչը թավշյա հեղափոխության նպատակն ու օրակարգն է, ապա անխուսափելի է Ռուսաստանի համար անհասկանալիության փուլը: Դա ունի՞ իր ռիսկերը: Անկասկած, որովհետեւ Ռուսաստանն այդ անհասկանալիության պայմաններում կարող է կատարել անզգույշ քայլեր, որոնք կունենան ծանր հետեւանք: Բայց, մյուս կողմից, ապրիլյան քառօրյա պատերազմը ամենացցուն կերպով ցույց տվեց, որ այդպիսի քայլերի հետեւանքը ծանր է ոչ միայն Հայաստանի համար, այլ Ռուսաստանին էլ դնում է չափազանց բարդ խնդիրների առաջ:

Ըստ այդմ, Հայաստանի հանդեպ անզգույշ քայլերի հարցում Մոսկվան ունի մտածելու բավական շատ բան: Գուցե դրանով է նաեւ պայմանավորված Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների հանդեպ որոշակի նյարդայնությունը, որ նկատվում է ռուսական շրջանակներում: Հայաստանը դարձել է որոշակիորեն անհասկանալի, մյուս կողմից Մոսկվան էլ ներքուստ զգում է, որ խորքային առումով չունի այդ իրավիճակում հակազդեցության այնպիսի քայլեր, որոնք նաեւ իր համար էլ ավելի չբարդացնեն իրավիճակը: Այլ կերպ ասած զգում են, որ Հայաստանին պատժելը հիմա այդքան էլ հեշտ չէ, առավել եւս, որ Երեւանը չի էլ տվել որեւէ ծանրակշիռ առիթ, գործուն հավաստիացնելով, որ բացարձակապես չունի արտաքին քաղաքական ուղու վերանայման խնդիր եւ ավելին, ոչ պակաս կոշտ է խոսել նաեւ Եվրամիության հետ:

Ռուսաստանին գուցե նյարդայնացնում է այդ անզորությունը, որը զգում է թերեւս առաջին անգամ, հաշվի առնելով նաեւ Հայաստանում նոր իշխանության բացառիկ լեգիտիմությունը:

Սակայն, որքան էլ չհնչի տարօրինակ, դա գործընթաց է, իրողություն է, որն ունի հայ-ռուսական հարաբերության առողջացման հնարավորություն, մեծ ներուժ եւ միտում: Ռուսաստանը չի սկսի հասկանալ նոր Հայաստանն ու դրա հետ նոր որակի հարաբերության ձեւավորման անհրաժեշտությունը, եթե Հայաստանում տեղի ունեցողը չդադարի լինել իր համար հասկանալի:

Մինչ այդ ամեն ինչ հասկանալի էր՝ կար ոչ լեգիտիմ, վերից վար կոռումպացված իշխանություն, որը արտաքին կենտրոնների, այդ թվում գլխավոր հենարան դիտվող Ռուսաստանի հետ հարաբերությունում դնում էր սեփական շահին առնչվող շատ պարզ խնդիրներ:

Հիմա այլ իշխանություն է, որը մի կողմից հստակ հավաստիացնում է Ռուսաստանի առաջնահերթությունը Հայաստանի համար, մյուս կողմից սակայն դնում է այլ խնդիրներ, հարաբերության այլ որակի հարց, դրան զուգահեռ ներսում ապամոնտաժելով կոռուպցիոն բուրգը, ինչը նաեւ հղի է դրանում ռուսական հետքի հայտնաբերումով, ամենատարբեր հարցերում, տնտեսականից մինչեւ քաղաքական հանցագործություններ:

Բնական է, որ Ռուսաստանը փորձելու է «հասկանալ» տեղի ունեցածը, որովհետեւ սկսել է չհասկանալ, թե ինչ է շահում կամ կորցնում Հայաստանում:

Սակայն այստեղ էլ մյուս առանցքային հարցն է. պետք է հասկանալ, թե ինչ ասել է Ռուսաստան: Օրինակ, երբ ռուսաստանյան իշխանամեիձ մամուլի մի շարք պարբերականներ գրում են Հայաստանի դեմ հոդվածներ, այստեղ միարժեք ընկալում կա, որ դրանք գրվում են Կրեմլի պատվերով: Ավելին, շատերը գուցե համոզված են, որ գրում է անձամբ Պուտինը, կամ նա թելադրում է, իսկ Պեսկովը՝ գրում:

Հայաստանում թերեւս շատերին դժվար է պատկերացնել, որ Ռուսաստանում ներկայում չի գործում իշխանության բրգաձեւ հիերարխիա, որովհետեւ Մոսկվայի խնդիրները՝ թե ներիքն, թե արտաքին, ներկայում չափազանց շատ են այդ բրգաձեւ հիերարխիայով սպասարկելու համար: Ըստ այդմ անհասկանալի կարող է լինել անգամ Կրեմլ ասվածը, թե այնտեղ ինչն է անմիջապես Պուտինը որոշում, իսկ ինչ իրավասություններ նա թողել է տարբեր այլ ֆունկցիոներների, գորշ կարդինալների եւ այլն, այսպես ասած տալով «հրամանադրում առաջադրանքով» սկզբունքով գործելու հնարավորություն, երբ առանձին պատասխանատուները կայացնում են ինքնուրույն որոշումներ, «չանհանգստացնելով» Պուտինին, որը կենտրոնացած է ավելի փոքր, սակայն չափազանց բարդ արտաքին խնդիրների վրա:

Հենց այդ իրավիճակն է Հայաստանի համար վտանգավորը, որովհետեւ երբ ռուսական բուրգը չի աշխատում, ավելի շուտ երբ Ռուսաստանում աշխատողը բուրգը չէ, դա կարող է բերել Հայաստանի համար արատավոր էֆեկտների, քանի որ անցնող տարիների ընթացքում Հայաստանը չափազանց վատ է լուծել հայ-ռուսական հարաբերության ինստիտուցիոնալացման, ինստիտուցիոնալ արդյունավետության բարձրացման խնդիրը: Առավել եւս դա վատ է արել Ադրբեջանի հետ համեմատությամբ:

Խնդրի առկայությունը շաբաթներ առաջ բաց տեքստով հաստատել էր նաեւ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, որը ռուսական Վեստիին տված հարցազրույցում ասել էր, թե Հայաստանը Ռուսաստանում ներկայացված է ցածր մակարդակով, անբավարար որակով, ինչպես նաեւ Ռուսաստանը Հայաստանում:

Հենց այդ իրողությունն էր նաեւ, որ Նիկոլ Փաշինյանին ստիպում էր շեշտել Պուտինի հետ հարաբերության խնդիրը, այն գնահատելով բաց ու անկեղծ, սպասվածից ավելի դյուրին: Դա երաշխիքն է: Ու թերեւս դա է նաեւ ավելի ցածր մակարդակներում գործող ամենատարբեր խմբերի նկատելի նյարդայնության պատճառը, այն էլ արդեն մի քանի ամիս: Այդ համատեքստում բոլորովին զարմանալի չեն Պուտինի հետ այս կամ այն «անձնական մտերմության» խաղաքարտերը, որոնց հրապարակայնացման իմաստը բոլորովին չէր լինի, եթե դրանք լինեին իսկապես կենսունակ խաղաքարտեր:

Այդ շրջանակների ռազմավարական խնդիրն այժմ իրավիճակի շուրջ լարվածության այնպիսի մթնոլորտ գեներացնելն ու սպասումներ առաջացնելն է, որը Նիկոլ Փաշինյանին զրկի հայ-ռուսական հարաբերության առավել հիմնարար վերափոխման, ըստ այդմ արդեն նոր իրողության պայմաններում փոխադարձ հասկացվածության ավելի լայն եւ նորորակ շրջանակի ձեւավորման համար անհրաժեշտ ժամանակից: Որովհետեւ այդ իրողությունն արդեն հայ-ռուսական հարաբերությունից դուրս է դնելու «մակաբույծների» մի հսկա բանակի, որոնք «գիրացել» են հայ-ռուսական հարաբերության միջպետական որակի հաշվին:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache