Կատարվում է անխուսափելին

0

Սերժ Սարգսյանի «անփոխարինելիության» առասպելը շարունակում է հյուսվել գրեթե բոլոր ուղղություններով, ընդ որում թողնելով տպավորություն, որ իշխող համակարգը ոչ թե ինչ որ այլ սուբյեկտի է փորձում համոզել այդ հարցում, այլ ինքն իրեն:Տպավորություն է, որ Սարգսյանի «անփոխարինելիության» մասին հայտարարություններով իշխող համակարգը անցնում է հոգեբանական թերապիայի յուրօրինակ մի փուլ, ներկայիս բարդ եւ անորոշ, անկանխատեսելի հեռանկարով եւ բավական մեծ ռիսկերով անցումային փուլը առանց շոկի հաղթահարելու համար:Որքան էլ հանրության մեջ տարածվել է համոզում՝ հիմնականում ընդդիմության եւ հարակից մի շարք փորձագիտական շրջանակների ջանքով, որ Սահմանադրությունը փոխվել եւ պառլամենտական կառավարում է հաստատվել գերազանցապես Սերժ Սարգսյանի համար որպես վարչապետ իշխանությունը պահելու նպատակով, այդուհանդերձ խորքային առումով իրավիճակը թերեւս առավել բարդ ու բազմաշերտ է:

Հայաստանն իր ռեսուրսային հագեցածության, ինքնաբավության խիստ սահմանափակ մակարդակով, նաեւ անվտանգային ու արտաքին քաղաքական անմիջական ու անուղղակի մարտահրավերներով ու խնդիրներով հանդերձ չունի իշխանության խնդիրը լոկ մեկ անձի ճակատագրի ելակետով լուծելու բավարար ռեսուրս, այդ անձի ամենամեծ ցանկության դեպքում անգամ:Հնարավոր է անձի ճակատագիրը տեղավորել գործոնների ավելի բարդ ու բազմազան համակարգում, ոչ թե հակառակը:Իշխող համակարգում այդ հանգամանքը հասկանում են թերեւս շատ ավելի լավ ու խորը, քան ընդդիմադիր շրջանակներում:

Ըստ այդմ, այստեղ առավել առարկայական է պատկերացումը, թե ինչ է կատարվում, քանի որ ամեն ինչ զգացվում է պարզապես «մաշկի վրա»:Իսկ զգացվում է թերեւս այն, որ Հայաստանում փոխվում է իշխող համակարգը ոչ միայն իր կառուցվածքով, այլ նաեւ դրանից բխող մտածողության եւ հոգեբանության տարրերով: Այդ փոփոխության խորքային շարժառիթը համակարգի անկենսունակությունն ու սպառվածությունն է, որ հին, այսինքն կիսանախագահական կամ նախագահական կառուցվածքով ոչ միայն չէր աշխատում էֆեկտիվ, այլ պարունակում էր բազմաթիվ սաբոտաժային ռիսկեր՝ հաշվի առնելով այն աճող խնդիրները, որի առաջ կարող է կանգնել համակարգը թե տնտեսական, թե քաղաքական առումով:Նոր համակարգով Սերժ Սարգսյանն այդ իմաստով փորձում է բերել փողի եւ պատասխանատվության համադրման, այդպիսով ստեղծելով վիճակ, երբ ներհամակարգային սուբյեկտների մոտիվացիոն հիմքում մրցակցային տրամաբանությունը կկառուցվի ավելի շատ սեփական դրական բալանս ձեւավորելու, քան մրցակից թեւի կամ սուբյեկտի բացասական բալանսի շահագրգռության «սկզբունքի» վրա:Այդպիսով, ներհամակարգային մրցակցությունը որոշակիորեն ստանում է ինստիտուցիոնալ, դե յուրե բնույթ, ինչն անխուսափելիորեն բերելու է համակարգի ներսում էական վերադասավորումների եւ վերափոխումների: Սերժ Սարգսյանի «անփոխարինելիությունն» այդ իմաստով համակարգի հոգեբանության շրջանակում թարգմանաբար նշանակում է ներիշխանական ստատուս-քվոյի «անփոփոխություն», քանի որ համակարգը «մաշկի վրա» է զգում դրա անխուսափելիությունը:

Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը թե վարչապետի կարգավիճակում, թե միայն ՀՀԿ նախագահի կարգավիճակում անխուսափելիորեն կանգնած է լինելու ներիշխանական ստատուս-քվոյի փոփոխությունն ապահովելու անհրաժեշտության առաջ: Դա թելադրված է թե ընդհանուր համակարգի, թե այդ համատեքստում սեփական անվտանգության նկատառումներով:

Ըստ այդմ, Սարգսյանը թե գնալու, թե մնալու պլաններում խորքային առումով առաջնորդվում է մի նկատառումով՝ ապահովել այդ փոփոխությունը, այլապես համակարգը կարող է խափանվել ցանկացած պահի:Գործնականում, անխուսափելիության այդ տոտալ մթնոլորտում, որ առկա է իշխող համակարգում, Սերժ Սարգսյանի «անփոխարինելիության» յուրաքանչյուր արտահայտություն գործնականում ավելի շատ տվյալ խոսքի հեղինակի անձնական «անփոխարինելիության» մասին հոգու ճիչն է:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache