Լրահոս

Կեղծ իրականության պայթյունավտանգ ճիշտը

 
young adult man holding hand over his mouth over grey background

young adult man holding hand over his mouth over grey background

168.am — Ճշմարտություն և նպատակահարմարություն։ Սրանք մեր կյանքում ամենաշատը բախվող երևույթներն են։ Դրանք բախվում են ամենուր ու ամեն օր։ Եվ բոլոր այդ բախումներում գերապատվությունը տրվում է նպատակահարմարությանը՝ քաղաքական, քարոզչական, հասարակական, տնտեսական, մշակութային։

Բոլոր ոլորտներում նպատակահարմարությունը հաղթում է ճշմարտությանը, ինչի արդյունքում մենք ապրում ենք պատրանքային իրականության մեջ, որը ոչ թե իրականություն է, այլ իրականության կոնյունկտուրային պատկերը։ Իշխանությունը հասարակության հետ խոսում է ոչ թե ճշմարտության մասին ու ճշմարտության լեզվով, այլ՝ ըստ նպատակահարմարության, մամուլն ու հեռուստատեսությունը հաղորդում է ոչ թե ճշմարտությունը, այլ ճշմարտախեղումը՝ իշխանական պատվերի հանգույն, քաղաքական գործիչները՝ հետ չմնալով պաշտոնյաներից, հայտնում են ճշմարտության՝ միայն իրենց ձեռնտու մասը, հայտնումի մնացած մասը լցնելով կեղծիքով։

Խեղաթյուրված ճշմարտության մեջ է ապրում նաև հասարակությունն ինքը։ Մարդիկ խաբում են լույսի մարդուն ու հարկային տեսուչին, որովհետև չխաբելով ապրել ու գոյատևել չի լինի, նրանք խաբում են հարևանին ու բարեկամին, ուսուցչին ու ձայն առնող կամ մուրացող կուսակցականին։ Խաբող մարդկանց, իրենց հերթին, խաբում են խաբվողները՝ ուսուցիչն ու ջրմուղի տեսուչը, թաղային հեղինակությունն ու հեղինակազուրկ մտավորականը։

Մենք ապրում ենք խեղաթյուրված ճշմարտության, չիրականության մեջ՝ չընդզվելով դրա դեմ ու ճշմարտության պահանջարկ չներկայացնելով ու ստի սպառողից ճշմարտություն արտահայտողի չվերածվելով։ Դրա համար ելույթից ելույթ, բանավեճից բանավեճ ու ընտրությունից ընտրություն՝ որակական որևէ փոփոխություն չի արձանագրվում, իշխանությունը չի դառնում ավելի ճշմարտախոս ու ճշմարտագործ, ինչպես և ստի շրջանակից դուրս չեն գալիս իշխանություն չունեցող ու իշխանության գալ ցանկացող ընդդիմադիրները։

Մի քանի ամիս հետո տեղի են ունենալու հերթական ընտրությունները։ Տեղի են ունենալու ստի, ճշմարտության բացակայության պայմաններում։ Հաղթելու են բոլոր նրանք, ովքեր ավելի հմուտ ու գրագետ ու ճշմարտանման կստեն, այսինքն՝ նրանք, ովքեր ավելի մրցունակ կլինեն ճշմարտությունը խեղաթյուրելու գործում։ Բայց այդ ճշմարտությունը՝ աղավաղված, խեղաթյուրված, ճզմված ու անտեսված, այդուհանդերձ կա, գոյություն ունի՝ չարտասանվող ելույթներում ու չարտաբերվող մտքերում, հայացքներում մարդկանց ու լռության մեջ։

Ու որքան ավելի շատ սեղմվի ճշմարտությունը, այնքան ավելի ուժգին է լինելու պայթյունը, որը մի օր լինելու է անխուսափելի։ Ահա այդ օրը կեղծված իրականության ու կեղծվող կյանքի բոլոր մասնակիցները՝ իշխանություններն ու ընդդիմությունները, նրանց ծառայողներն ու նրանց դեմ պայքարողները, բոլորը ֆրուստրացիա են ապրելու՝ ճշմարտության ու նպատակահարմարության բախման այն միակ կետում, որտեղ  հաղթելու է ճշմարտությունը։

Իսկ քանի դեռ դա տեղի չի ունեցել, շարունակվելու է տասնյակ, հազարավոր ճշտերով լցված ու կեղծված կյանքը, որի հիմնական դերակատարները ճշտով ապրողներն են ու ճշտին ծառայողները։

Առջևում ընտրություններ են։ Ճշտով։

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

Հրապարակող՝

newhing

newhing