Լրահոս

Կեղծ Սերժ Սարգսյանը

 

 

RA President Serzh Sargsyan attended the opening ceremony of Marshal Baghramyan's statue in Nor Nork District

RA President Serzh Sargsyan attended the opening ceremony of Marshal Baghramyan’s statue in Nor Nork District

lragir.am— Ալ Ջազերա արաբական հեռուստաընկերությանը Սերժ Սարգսյանի հարցազրույցից եւ մասնավորապես իր վարչապետական հեռանկարը չբացառելու վերաբերյալ հայտարարությունից հետո այդ թեման դարձել է քաղաքական ուժերին ուղղված լրագրողական աշխույժ քննարկումների առարկա: Այդ համատեքստում մատնանշվում է դեռեւս 2014 թվականին Սերժ Սարգսյանի արած հայտարարությունը, թե Սահմանադրության փոփոխությունից հետո չի հավակնում դառնալ վարչապետ:
Այժմ պարզվում է, որ այդպիսի հավակնություն այդուհանդերձ կա: Թեեւ, դա իհարկե նոր չէ, որ պարզվում է: Սակայն խնդիրը տվյալ պարագայում դա չէ:
Հավակնելով նախագահի պաշտոնը թողնելուց հետո վարչապետի պաշտոնում առաջադրվելուն, Սերժ Սարգսյանը չի խախտում որեւէ օրենք: Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենսդրությամբ կարծես թե չկա նրա այդ հավակնությունն արգելող որեւէ դրույթ:
Հետեւաբար հարց է առաջանում, թե ինչն է խնդիրը, ինչու՞ է դա խնդիր: Սարգսյանը գուցե խախտում է այսպես ասած բարոյական որոշակի նորմեր, երբ 2014-ին հայտարարում է, թե չի հավակնելու վարչապետի պաշտոնին, ընդ որում չխոսելով որեւէ միջադեպային բացառության մասին, իսկ երկու տարի անց արդեն չի բացառում այդ հավակնությունը:
Բայց, որեւէ մեկի համար անակնկա՞լ է, որ Սերժ Սարգսյանը «առաքինի օրիորդների կացարանի» տնօրենը չէ, այլ երկու տասնամյակ ընտրակեղծիքի գնով վերարտադրվող իշխող համակարգի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը:
Այդպիսով, փաստացի տեղի չի ունենում անակնկալ ոչինչ: Ուրեմն ի՞նչն է խնդիրը, կամ խնդի՞ր է, որ Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնը թողնելուց հետո կարող է առաջադրվել վարչապետի պաշտոնում:
Ու՞մ համար է դա խնդիր եւ ինչ է լինում, երբ նա չի առաջադրվում այդ պաշտոնին:
Եթե նա չի առաջադրվում, դրանից ի՞նչ է փոխվում, արդյոք մեծանում է Հայաստանում իշխանության փոփոխության, առավել եւս համակարգային իշխանափոխության հավանականությունը:
Դիցուք, Ռոբերտ Քոչարյանը նախագահի պաշտոնը թողնելուց հետո չկարողացավ առաջադրվել որեւէ պաշտոնի, թեեւ ինչպես Սարգսյանի դեպքում, նրա պարագայում էլ օրվա ընդդիմությունը հայտարարում էր, թե Քոչարյանը Սահմանադրություն է փոխում նախագահից հետո վարչապետ մնալու համար:
Ընդ որում, այդ հայտարարությունները կամ կասկածները թերեւս այդքան էլ անհիմն չէին: Քոչարյանը ստեղծեց ԲՀԿ-ն, այն բավական ուժեղացավ, արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը հանկարծ սկսեց ծրագրային ելույթներ ունենալ ներքին քաղաքականության, երկրորդ սերնդի բարեփոխումների անհրաժեշտության մասին: Բավական նկատելիորեն ընդգծվում էր Քոչարյանի մտադրությունը կամ պատկերացումը` ԲՀԿ խորհրդարանական մեծամասնություն, Վարդան Օսկանյանը նոր նախագահ, այդ պաշտոնը թողնող Ռոբերտ Քոչարյանը վարչապետ: Բացառված չէ, որ հաջորդ քայլը կարող էր լինել Մեդվեւդեւ-Պուտին փոխատեղման հայաստանյան կրկնությունը:
Մի շարք ներքին ու արտաքին քաղաքական գործոնների արդյունքում, որոնցում բացարձակապես առկա չէր ընդդիմադիր ներգործության հանգամանքը, ԲՀԿ-ն հայտարարելով 400 հազար անդամի մասին, կարողացավ «հաշվել» ընդամենը 200 հազար ձայն, իսկ բացարձակ մեծամասնություն դարձավ Սերժ Սարգսյանի ՀՀԿ-ն: Մինչ այդ էլ Վարդան Օսկանյանն էր կտրուկ դադարեցրել ելույթները ներքին բարեփոխումների թեմայով:
Ռոբերտ Քոչարյանը 2008-ին հեռացավ առանց հենց իր քաղաքական ծրագրի շարունակության, առանց որեւէ պաշտոնի:
Ի՞նչ փոխվեց Հայաստանում: Արդյոք համակարգը դրանից կրեց սկզբունքային փոփոխություն, արդյոք Հայաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն այն իմաստով, ինչ իմաստով դրա հայտը հանրությանն է ներկայացնում ընդդիմությունը:
Ամենեւին: Համակարգը Հայաստանում շարունակում է իր գոյությունը: Իհարկե այդ ընթացքում ենթարկվել է մի շարք տրանսֆորմացիոն գործընթացների, շարունակում է ենթարկվել դրանց: Սակայն, այդ ամենը դուրս է ընդդիմության գործունեության դաշտից: Ավելին, ընդդիմությունն ինքը չի կարողանում ցուցաբերել իշխանության ներսում տեղի ունեցող այդ գործընթացներին համարժեք արագություն եւ մտածողություն, պատկերացումներ:
Դրա հետեւանքն էլ հենց այն է, որ այս անգամ էլ խնդիր է դառնում կամ հռչակվում Սերժ Սարգսյանի վարչապետ լինել-չլինելու հարցը: Որեւէ կասկած կա՞, որ արդյունքը չի լինելու ավելին, քան երբ խնդիր էր Ռոբերտ Քոչարյանի վարչապետ լինել-չլինելը:
Կարճ ժամանակ անց պարզ դարձավ, որ դա կեղծ խնդիր էր, որը գնաց, բայց իրական խնդիրները շարունակեցին մնալ: Ներկայում կեղծ է նաեւ Սերժ Սարգսյանը` որպես խնդիր, իր մնալ թե գնալով:
Ավելին, բացառված չէ անգամ, որ ունենալով նախադեպը եւ լավ տիրապետելով ընդդիմադիր մեթոդաբանությանն ու մտածողությանը, Սերժ Սարգսյանը գիտակցաբար սրում է այդ կեղծ խնդիրը, իշխանության իրական խնդիրներով առավել հանգիստ զբաղվելու համար:
Երբ 2007 թվականին ակնհայտ դարձավ, որ Քոչարյանի գնալ-մնալը կեղծ խնդիր էր, Հայաստանում հասունացավ ընդդիմադիր դաշտի ճգնաժամն, ու այն հանգուցալուծվեց ընդդիմադիր նոր ստատուս-քվոյի հաստատմամբ` Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքականություն վերադարձով:
Ներկայում, ընդ որում տեւական ժամանակ, ակնհայտ է նաեւ այդ ստատուս-քվոյի հասունացած ճգնաժամը, եւ հերթական կեղծ թիրախի սահմանումն ըստ երեւույթին կբերի ընդդիմադիր դաշտում նոր ստատուս-քվոյի հաստատման:

 

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

Հրապարակող՝

armhing