Լրահոս

Կեղտը ջրի երես է ելել. Առաջիկայում ավելի հետաքրքիր է լինելու

 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ հանդիպման ընթացքում վստահություն է հայտնել Մոսկվայի հետ ռազմատեխնիկական համագործակցության հետագա զարգացման հարցում։
Ռուսաստան-Ադրբեջան ռազմական համագործակցության նախորդ պայմանագիրն արդեն ավարտվում է, Ռուսաստանը զենքի վերջին խմբաքանակներն է մատակարարում, եւ երկու երկրների պաշտոնյաները խոսում են համագործակցության նոր պայմանագրի մասին:
Ալիեւի այս հայտարարությունը համընկավ Եվրոպայում կոռուպցիոն բացահայտումների աննախադեպ ալիքին, որ սկսել է Ադրբեջանի հարցում: Ըստ համաշխարհային ԶԼՄ-ների բացահայտումների, Ալիեւի ռեժիմը մոտ 3 միլիարդ դոլար է ծախսել եվրոպացի պաշտոնյաների, ԶԼՄ-ների ու փորձագետների գնելու համար, լվացել ահռելի փողեր:
Ըստ բացահայտումների՝ կոռուպցիոն սխեմաների մեջ ներգրավված է նաեւ ռուսական Ռոսօբորոնէքսպորտը, որը Ադրբեջանին զենքի հիմնական մատակարարն է: Դա նշանակում է, որ Ադրբեջանը ոչ միայն զենք ու այդ զենքը կիրառելու աջակցություն է ստանում Մոսկվայից, այլեւ կոռուպցիոն կապեր են հաստատվում ռուսական վերնախավերի հետ, եւ այդ կապերն օգտագործվում են Հայաստանի դեմ թե քաղաքական, թե ռազմական ոլորտներում:
Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անցած շաբաթ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Արևմուտքը ճնշում է գործադրում Ռուսաստանի դաշնակիցների՝ մասնավորապես Ադրբեջանի վրա: Այս մասին նա նշել է՝ մեկնաբանելով արևմտյան հեղինակավոր լրատվամիջոցների հրապարակումները, որոնք ստացել են «Ադրբեջանական լվացքատուն» անվանումը:
Ադրբեջանի պետական պաշտոնաթերթում հոդված է հրապարակվել, որում սպառնալիքներ կան Արեւմուտքի հասցեին: Մասնավորապես, դրանում ասվում է, որ եթե Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ մտցվեն, Բաքուն կվերանայի իր ռազմավարական համագործակցությունն Արեւմուտքի հետ: Ասվում է նաեւ, որ պրո-արեւմտյան գործիչներն ու լրագրողները խարխլում են ադրբեջանական պետության հիմքերը:
Հետաքրքիր է, որ օրեր առաջ, մեկնաբանելով ԱՄՆ սահմանափակումները ռուսական հյուպատոսությունների հարցում, նման մի ձեւակերպում էր տվել նաեւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ասելով, թե դա Ռուսաստանի ներքին իրավիճակն ապակայունացնելու նպատակ ունի: Թե ադրբեջանական պետական պաշտոնաթերթի, թե Լավրովի այս ձեւակերպումները այդ երկրների ներքին լուրջ խնդիրների վկայություն են:
Այս տեսակետից, չի բացառվում, որ Արեւմուտքի հետ հարաբերությունը վերանայելու սպառնալիքը Բաքվի առաջարկն է դժբախտության իր ընկերոջը՝ Ռուսաստանին, գուցե նաեւ Իրանին, որոնց դեմ արդեն ընդունվել է պատժամիջոցների նոր փաթեթը, «համատեղ դիմակայելու», ավելի ճիշտ՝ այնտեղ ապաստան գտնելու համար:
Միջազգային այս սկանդալի արդյունքում, որն ըստ Ադրբեջանի նախագահի գրասենյակի՝ նաեւ հայկական լոբբիի աշխատանքն է, կտրուկ ընկել են ադրբեջանական «արժեթղթերը» Մոսկվայի ու նաեւ Թեհրանի քաղաքական «բորսայում», եւ այս երկրներն ադրբեջանական պահանջները հաշվի առնելու պատճառներ ըստ էության չունեն, առավել եւս՝ հայկական հարցերում: Առավել եւս՝ Հայաստանի հետ հարաբերությունների երկարամյա պատմա-քաղաքական իրողությունների համատեքստում:
Հայաստանը կարո՞ղ է օգտագործել այս իրավիճակը արտաքին քաղաքականության ու մասնավորապես ղարաբաղյան խնդրի համատեքստում մի շարք աննպաստ հանգամանքներ փոխելու համար:
Ռուսաստանն այս սկանդալի արդյունքում կարող է Ադրբեջանն ստանալ «անվճար», եւ կարող է առաջանալ արդեն անսքող՝ Ռուսաստանի ու Ադրբեջանի մերձեցում՝ ընդդեմ ՀԱՊԿ անդամ Հայաստանի: Շարմազանովը կրկին կհայտարարի, որ ՀԱՊԿ-ին ու ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունն այլընտրանք չունի, ինչն ավելի կամրապնդի այս սխեման: Հետագան ավելի հետաքրքիր է լինելու:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing