Կենացները քաղցրանում են. Կարապետյանն ու Սարգսյանը հանեցին ջրի երես

0

Տնտեսական վիճակագրությունը Կարեն Կարապետյանի «ֆիշկան» է վարչապետի պաշտոնի համար ապրիլի «մարտից» առաջ: Նա ձեռնամուխ է եղել դրա գեներացմանը, անցնելով մարզ առ մարզ, ճյուղ առ ճյուղ քաղցրացնելով իր վարչապետության վիճակագրական կենացները:Սերժ Սարգսյանը եւ նրան վարչապետ առաջադրելու պատրաստվող ՀՀԿ մեծամասնությունը անկասկած բարդ վիճակում են: Ինչպե՞ս չառաջադրել Կարապետյանին, եթե նա ինքը չհրաժարվի վարչապետ մնալուց: Իհարկե կա անվտանգության, արտաքին քաղաքականության ասպեկտը, բայց հնարավո՞ր է դա անել դեկլարատիվ մակարդակում, առանց կոնկրետ նոր իրավիճակի եւ զարգացումների, որոնք կառաջացնեն Սերժ Սարգսյանի հրատապ պահանջ:

Մյուս կողմից, ՀՀԿ մեծամասնությունը առայժմ առաջացնում է Կարեն Կարապետյանի ելույթի հրատապ պահանջ, որում նա ի վերջո կասի՝ ինքը պատրա՞ստ է անվտանգության, արտաքին քաղաքական հարցերի ներառումով վարչապետ լինելուն, թե ոչ: Գրեթե բոլոր ՀՀԿ-ականները ասել են ու շարունակում են ասել, որ նա այդ հարցերից չի հասկանում ոչինչ կամ չի տիրապետում այնքան, որ հնարավոր լիներ այդ հարցերը վստահել նրան:Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ պատրաստ է 2018-ի ապրիլից հետո լինել վարչապետ: Նա թերեւս պետք է գիտակցեր, որ այդ վարչապետությունը նշանակում է նաեւ արտաքին հարցեր եւ անվտանգություն: Հետեւաբար, պետք է ենթադրել, որ ասելով պատրաստ եմ, Կարապետյանը նկատի ուներ նաեւ ընդհուպ Ալիեւի հետ բանակցելը, եթե հարկ լինի:Այլապես տարօրինակ ու զավեշտալի կլինի, երբ վերջին օրը նրան հարցնեն այդ մասին ուղիղ, ու հնչի պատասխան՝ «վայ, ոնց էի մոռացել դրա մասին, չէ, ուրեմն պատրաստ չեմ, պատրաստ չեմ»:Իրավիճակն ընդհանուր առմամբ իսկապես զավեշտալի է, թեեւ հաշվի առնելով այն, որ խոսքը վերաբերում է պետության ճակատագրին, ճակատագրական նշանակության հարցերին, այն ավելի շատ վերածվում է տրագիկոմեդիայի:

Մեկ ամիս անց Հայաստանի նախագահը պետք է վայր դնի լիազորությունը, Հայաստանի կառավարությունն ու վարչապետը նույնպես, պետք է ընտրվի նոր վարչապետ՝ կառավարման նոր, արդեն խորհրդարանական մոդելի պայմաններում, որտեղ դե ֆակտո առաջին դեմքն այլեւս վարչապետն է, ոչ թե նախագահը: Կա իշխող մեծամասնություն, որը ունի վարչապետ նշանակելու մանդատների «կայուն» քանակ:Այլ կերպ ասած, գործ ունենք մի հավասարման հետ, որում չկա ոչ մի անհայտ, բայց արդյունքը ոչ ոք չգիտե կամ ոչ ոք չի համարձակվում բարձրաձայնել արդյունքը:Պատճառն այն է թերեւս, որ բոլորն են պատկերացնում՝ արդյունքը, որ հայտարարվելու է, որեւէ կերպ չի համապատասխանում հավասարության այսպես ասած բաղադրիչներին՝ գումարելիներին, հանելիներին, բազմապատկելիներին ու բաժանելիներին:

Բոլորի համար ակնհայտ է, որ հայտարարվելիք արդյունքը բացարձակապես չի համապատասխանելու այդ հավասարությանը, ըստ այդմ թերեւս որեւէ մեկը չի ստանձնում համարձակություն՝ հանդես գալ հավասարման արդյունքի վերաբերյալ հայտարարությամբ:Խոշոր հաշվով, խորհրդարանական կառավարման մոդելի փոխարեն, Հայաստանը հայտնվել է անհեթեթ կառավարման մոդելի կամ կառավարման անհեթեթ մոդելի շեմին:Մյուս կողմից, Հայաստանը դե ֆակտո այդ մոդելում է եղել գործնականում գրեթե միշտ: Պարզապես եղել է բավականաչափ, նվազագույն անհրաժեշտի չափ փող՝ անհեթեթությունները ծածկելու համար, եւ «վերմակից դուրս» է մնացել միայն այդ կառավարման տխուր հետեւանքը, իսկ ընթացքը բարեհաջող քողարկվել է ֆինանսական ռեսուրսով:Ներկայում չկա քողարկման համար բավարար փող, եւ անհեթեթությունը ելել է ջրի երես, հետն էլ բավականաչափ այլ բաներ:Կարեն Կարապետյանը փաստորեն չի խանգարում, որ դրանք լողան: Դա համահունչ է «Մաքուր Հայաստանի» նրա հայեցակարգին, գործնականում միակ հայեցակարգը, որ մեկուկես տարիների ընթացքում քիչ թե շատ ամբողջական ներկայացրել է Կարեն Կարապետյանը:

Սերժ Սարգսյանն էլ չի խանգարում այդ լողին: Նա ակնկալում է Կարապետյանի ձեռքով հանել շագանակները կրակից՝ տվյալ դեպքում մաքրել աղբը իր վարչապետության ճանապարհից:Բայց նրանք երկուսն էլ թերեւս լավ են պատկերացնում, որ մինչեւ ապրիլ հնարավոր չէ մաքրել ամեն ինչ, եւ ով էլ լինի վարչապետ, հենարանը լինելու է կուտակված աղբը, որը ծածկելու համար նրանցից ոչ ոք չունի բավարար փող: Աղբի վրա կառուցված վարչապետությունը ռիսկային է լինելու ցանկացած թեկնածուի համար:



Загрузка...