Կենսաթոշակների և ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը 2019թ. հունվարի 1-ից կավելանան

133

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար Արսեն Մանուկյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության 2018թ. նոյեմբերի 29-ի հերթական նիստում ընդունվել է որոշում՝ ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը, ինչպես նաև պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը երրորդ խմբի հաշմանդամների և պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափերը բարձրացնելու վերաբերյալ:

Կառավարությունը հավանության է արժանացրել նաև ««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և  փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով սահմանվում է «նվազագույն կենսաթոշակի չափ» եզրույթը` Կառավարությանը վերապահելով այդ չափը սահմանելու իրավասությունը:

 Նշված օրենսդրական փոփոխությունների նպատակը՝ կենսաթոշակառուների, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստառուների շրջանում ծայրահեղ աղքատությունը բացառելն է:

Նախագծով առաջարկվում է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը երրորդ խմբի հաշմանդամի համար և պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը 2019 թվականի հունվարի 1-ից սահմանել պարենային (ծայրահեղ) աղքատության գծի կանխատեսվող չափին հավասար` 25500 ՀՀ դրամ։

Աշխատանքային կենսաթոշակների` աղքատության գծի կանխատեսվող չափից ցածր կենսաթոշակների չափերը կվերանայվեն նվազագույն կենսաթոշակի չափը սահմանող օրենքի ընդունումից հետո:

Անկախ օրենքն ընդունվելու ժամկետից` ծայրահեղ աղքատության գծից ցածր կենսաթոշակները կավելանան 2019թ. հունվարի 1-ից` օրենքն ընդունվելու դեպքում 2019թ. հունվարի 1-ից մինչև օրենքն ուժի մեջ մտնելն ընկած ամիսներին վճարված ցածր կենսաթոշակները կվերահաշվարկվեն և կվճարվեն:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache