Կետային ուժեղ հարվածներ համակարգի հիմքերին. ՀՀԿ-ն օրենքից դուրս

173

lragir.am — Հայաստանում վերջին երկու օրերին նշանակալի իրադարձություններ կատարվեցին:

Ոստիկանության հաղորդագրության համաձայն, կասեցվել է օրենքով գողերի հավաքը: Ըստ տեղեկությունների, ոստիկանությունը նաեւ ժամանակ է տվել Դեդ Հասանի թոռանը՝ հեռանալ Հայաստանից:

Հայաստանում հեղափոխության օրերին քաղաքականության նրբությունները հասկացող մարդիկ մասնավոր զրույցներում տալիս էին հետխորհրդային իրականության մեջ գրեթե սակրալ դարձած հարցը՝ իսկ ինչ դիրքորոշում ունեն օրենքով գողերը: Հարցն առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ, իրականում հետխորհրդային տարածքում օրենքով գողերն ու ընդհանրապես հանցաշխարհը նշանակալի ազդեցություն ունեն տնտեսական ու քաղաքական գործընթացների վրա:

Հայաստանում կրիմինալը սերտաճած էր պետական իշխանությանն ու կատարում էր որոշակի գործառույթներ իշխանության ձեւավորման ու տնտեսա-քաղաքական քվոտաների բաշխման գործընթացում: Վերջին տարիներին այդ սերտաճածությունն ստացավ ինստիտուցիոնալ բնույթ՝ անմիջապես պետական լծակներին տիրապետելու առումով, որին մեծապես նպաստեց այսպես կոչված ռեյթինգային ընտրակարգը:

Հաջորդ նշանակալի իրադարձությունը Մասիսի քաղաքապետի ձերբակալությունն էր՝ ցուցարարների դեմ հարձակումների համար: ՏԻՄ-երը քրեականացված համակարգի կարեւոր օղակներն են՝ կրիմինալի ու պետական իշխանության սերտաճածության հիմքը:Մասիսի քաղաքապետի դեպքում, դրանից  բացի, կա մեկ այլ հանգամանք. ՀՀԿ-ն դիմադրությունը պահում է այսպես կոչված ընտրովի մարմիններում՝ ԱԺ, ՏԻՄ, Գլխավոր դատախազություն, ԿԸՀ, փորձելով պահպանել իր դիրքերը:

Զուր չէ, որ Մասիսի քաղաքապետի ձերբակալությունը լուրջ անհանգստություն առաջացրեց ՀՀԿ-ում, նույնիսկ ստորագրահավաք սկսվեց: Հասկանալի է, որ մտահոգության առարկան իրենց կուսակիցը չէ, այլ այն, որ սա ինչ որ առումով «նախադեպ» է, եւ բացի այդ՝ ՀՀԿ-ական քաղաքապետը կարող է հետաքննությանը հայտնել, որ կատարել է բարձրագույն իշխանության հրահանգը:Վերջին օրերի նշանակալի իրադարձություններից էր նաեւ ԱԱԾ կողմից կոռուպցիոն սխեմաների բացահայտումը մասնավորապես առեւտրային խոշոր ցանցերում: Այդ բացահայտումների արդյունքում պարզ դարձավ, որ այդ սխեմաները համաձայնեցվել ու հովանավորվել են նախկին վարչակարգի կողմից՝ ամենաբարձր մակարդակով:

Այսպիսով, կետային հարվածներ են հասցվել քրեական օլիգարխիայի համակարգի հիմքերին՝ կրիմինալին եւ կոռուպցիային՝ սեւ դրամարկղին: Իսկ այդ համակարգի քաղաքական ցուցանակը՝ ՀՀԿ-ն, ամբողջական պատասխանատվություն է կրում իրավիճակի համար, քանի որ եղել է կրիմինալի ու կոռուպցիայի հովանավորը:Ըստ էության, սա բավարար հիմք է ՀՀԿ-ն օրենքից դուրս հայտարարելու համար: Պատրա՞ստ են ՀՀԿ-ականները կրել այդ պատասխանատվությունը:



Загрузка...