Կգնա՞ն Քոչարյանն ու Պուտինը արկածախնդրության, կամ՝ ինչի՞ց է զգուշանում Նիկոլ Փաշինյանը

58

Ազատ, արդար և թափանցիկ ընտրությունները պետք է դառնան և կդառնան Հայաստանում անշրջելի իրականություն, որը կհանգեցնի ուժեղ ու կենսունակ ժողովրդավարական ինստիտուտների և հակակշիռների գործուն համակարգի կայացմանը՝ երեկ ուշ երեկոյան ՄԱԿ-ի բարձր ամբիոնից հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Կասկածից վեր է, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստան վերադառնալուն պես ձեռնամուխ է լինելու խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախապատրաստման գործընթացին, որը ենթադրում է բանակցություններ առաջին հերթին ՀՀԿ խմբակցության հետ։

ՀՀԿ-ի երեկվա հայտարարությունը, որի ֆորմալ առիթը Երևանի ավագանու ընտրություններն էին, ուղերձ էր, որ Սերժ Սարգսյանի կուսակցությունն առնվազն պատրաստ է բանակցությունների, մյուս կողմից՝ ակնհայտ է, որ Հանրապետականն ամեն կերպ փորձելու է երկարաձգել բանակցությունների ընթացքն ու գործող խորհրդարանի կյանքը։ Նիկոլ Փաշինյանն իր հերթին գիտակցում է, որ հիմա ամենահարմար պահն է՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու համար, որովհետև ինչքան էլ ոգևորիչ լինեն Երևանի ավագանու ընտրությունները, բացարձակապես կանխատեսելի չէ, թե երկրում ինչ իրավիճակ կլինի մյուս տարվա մայիս-հունիս ամիսներին։

Մյուս կողմից՝ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում ասել է, որ պետք է գտնել ԱԺ-ն առանց վարչապետի հրաժարականի լուծարելու տարբերակ։ Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանի շրջապատում մտավախություններ կան, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքում խորհրդարանը կգնա ոչ թե նոր վարչապետ չընտրելու և արձակվելու, այլ հակահեղափոխություն իրականացնելու կամ նոր վարչապետ ընտրելու ճանապարհով։

Ինչքանո՞վ են իրական Փաշինյանի թիմակիցների մտավախությունները, ո՞վ է համարձակվելու Երևանի ավագանու ընտրություններում Փաշինյանի թիմի տպավորիչ հաղթանակից հետո հակադրվել հասարակության կամքին։ Միանգամից նկատենք, որ դավադրության պոտենցիալ թեկնածուն պետք է համարձակվի ոչ միայն ձեռնոց նետել հասարակական տրամադրություններին, այլ նաև կարողանա դառնալ հին համակարգի, այսպես կոչված, կոնսենսուսը։

Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ակնհայտ դարձավ, որ համակարգում չկա կոնսոլիդացնող այլ ֆիգուր. պատահական չէ, որ Կարեն Կարապետյանը նույնիսկ չհանդգնեց առաջադրվել վարչապետի պաշտոնում, կամ գուցե ՀՀԿ-ն չկոնսոլիդացվեց նրա թեկնածության շուրջը։ Գործնականում կամ նույնիսկ տեսականորեն հին համակարգի ռեստավրացիայի շարժումը կարող են ղեկավարել միայն Սերժ Սարգսյանը կամ Ռոբերտ Քոչարյանը։

Նիկոլը ճիշտ էր, ես՝ սխալ. սա է եղել ընդամենը հինգ ամիս առաջ հեռացած Սերժ Սարգսյանի հրաժարականի բանաձևը։ Ցանկացած հեղափոխության կամ հակահեղափոխության հիմքում գոյություն ունի արկածախնդրության բաղադրիչ, սակայն եթե Սերժ Սարգսյանը դրան հակված լիներ, ապա ապրիլին համեմատաբար հանգիստ չէր հեռանա իշխանությունից։ Դժվարանում ենք ասել՝ Սերժ Սարգսյանի հետ եղե՞լ են պայմանավորվածություններ, թե՞ ոչ, համենայնդեպս՝ որևէ հիմք չկա կարծելու, որ առաջիկայում երրորդ նախագահը խախտելու է լռության «ուխտը»՝ մանավանդ, որ նա նոր իշխանությունների կողմից անձնապես չի թիրախավորվել և, այսպես ասած, կորցնելու բան ունի, տվյալ դեպքում՝ իշխանության լոյալությունն իր հանդեպ։

Սկզբունքորեն վա-բանկ կարող է գնալ միայն Ռոբերտ Քոչարյանը։ Սակայն այս տարբերակը նույնպես գրեթե անհնար է՝ մի քանի պատճառներով։ Առաջին հերթին՝ շատ մեծ է հավանականությունը, որ շուտով Ռոբերտ Քոչարյանը կրկին կհայտնվի ճաղերի հետևում՝ մանավանդ, որ առաջիկայում Վճռաբեկ դատարանը քննարկելու է նրա խափանման միջոցի հարցը։ Մյուս կողմից՝ խիստ կասկածելի է թվում, որ Քոչարյանը կարող է իր շուրջը կոնսոլիդացնել խորհրդարանական մեծամասնություն, եթե նման ցանկություն չունենա Սերժ Սարգսյանը, իսկ մենք իրականում չգիտենք, թե ինչ պլաններ կամ մտադրություններ ունի երրորդ նախագահը։

Սակայն եթե անգամ տեսականորեն ընդունենք, որ Քոչարյանն ու Սարգսյանը կոնսոլիդացնում են իրենց ռեսուրսները, նրանց պլանները հանգիստ կարող է չեղարկել Նիկոլ Փաշինյանը՝ երկու շաբաթ խորհրդարանի շենքը պաշարման մեջ առնելով իր տասնյակ հազարավոր կողմնակիցների կողմից։ Այս պարագայում խորհրդարանի նիստեր գործնականում տեղի ունենալ չեն կարող, հետևաբար ԱԺ-ն նոր վարչապետ ընտրելու հնարավորություն չի ունենա ու իրավունքի ուժով կարձակվի։

Սակայն եթե այս բոլոր գործոնների համադրմամբ, որոնք, ըստ էության, բացառում են հակահեղափոխական ռևանշը, Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը դարձյալ ունեն մտահոգություններ, ապա դրանք պետք է փնտրել երկրից դուրս։

Ամենահավանական վարկածն այն է, որ Փաշինյանին վախեցնում է հայ-ռուսական հարաբերություններում առկա ճգնաժամը, այլ խոսքով՝ նա չի վստահում Վլադիմիր Պուտինին ու կարծում է, որ վերջինս կարող է ուղղակիորեն միջամտել Հայաստանի ներքին գործերին՝ իր ընկեր Ռոբերտ Քոչարյանին աջակցելու նպատակով։ Հակահեղափոխության ռևանշի այլ սցենար Հայաստանում պարզապես գոյություն չունի։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache