Քաղաքակա՞ն, թե՞ պատմական ճշմարտության որոշում․ Թրամփը այսօր կօգտագործի՞ Ցեղասպանություն բառը

0

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը:

– Պարոն Սասունյան, Ջո Բայդենը մնում է միակ թեկնածուն Դեմոկրատական կուսակցությունից։ Հաշվի առնելով այն իրողությունը, որ արտակարգ դրության պայմաններում գուցեև լիարժեք ընտրարշավ չիրականացվի ԱՄՆ-ում, նախագահական ընտրություններին նախորդող ողջ գործընթացները սպառնալիքի տակ են։ Ի՞նչ են անելու հայերը, որոնք ավանդաբար համարվել են դեմոկրատների կողմնակից։

– Ես չէի ասի, որ բոլոր հայերը դեմոկրատների կողմնակից են, անշուշտ, կան դեմոկրատ հայեր, բայց նաև ունենք հանրապետականներ, և ընդհանրապես ամեն մեկը պաշտպանում է իր կուսակցության թեկնածուին։ Ինչ վերաբերում է Բայդենին, նա շարունակում է իր արշավը, ելույթներ է ունենում հեռուստատեսությամբ։ Որոշ նահանգներ հետաձգեցին նախնական ընտրությունը, բայց նա չունի հակառակորդ իր կուսակցության մեջ, քանի որ Բեռնի Սանդերսը վայր դրեց իր թեկնածությունը, հիմա սպասում ենք, որ ավարտվի նախնական ընտրությունների փուլը։ Այս ամռանը առաջին կարևոր քայլը թեկնածուի պաշտոնական ընտրության համաժողովն է։ Եթե մինչ այդ վիրուսը չնահանջի, չգիտեմ՝ ինչպես պետք է անեն, որովհետև տասնյակ հազարավոր պատգամավորներ բոլոր նահանգներից մի սրահում հավաքվում և ընտրում են իրենց կուսակցության ներկայացուցիչներին։

Անշուշտ, հանրապետականներն էլ նույն պրոցեսում են, իրենք էլ ընտրում են իրենց թեկնածուին, այս դեպքում Թրամփն է իրենց թեկնածուն։

Սկզբում խոսք էր գնում այն մասին, որ հնարավոր է նոյեմբերի 3-ի ընտրությունները հետաձգվեն, բայց սա շատ լուրջ և ծանր քայլ է, և չեմ կարծում ընտրությունները հետաձգեն, նույնիսկ նախագահ Թրամփին էլ երբ հարցրին այդ մասին, ասաց՝ ոչ, նույն օրը պետք է տեղի ունենան ընտրությունները։ Միակ պայքարը, որ տեղի է ունենում երկու կուսակցությունների միջև, այն է, որ դեմոկրատները ուզում են ընտրությունները փոստի միջոցով իրականացնել, նամակի միջոցով իրենց քվեները ուղարկեն, իսկ հանրապետականները դեմ են և ասում են, որ կարող է կեղծ քվեներ լինեն, պատճառներ են բռնում, որ պետք չէ փոստով լինի, որպեսզի կեղծիքներ չլինեն։

Մինչդեռ դեմոկրատները ասում են, որ կեղծիք չի կարող լինել, երկար տարիներ փոստով են քվեարկություն արել, և որևէ խնդիր չի եղել։ Իրավիճակը սա է, բայց հիմա ԱՄՆ ժողովրդի, ինչպես նաև ամբողջ աշխարհի մտասևեռումը կորոնավիրուսի վրա է, այնքան էլ շատ չեն զբաղվում ընտրություններով, թեկնածուներով, ինչը հասկանալի է։

– Կորոնավիրուսի դեմ պայքարը որքանո՞վ է արդյունավետ իրականացվում, հայերի շրջանում արդյոք վարակվածները շա՞տ են։

– Անշուշտ, հետևում եմ բոլոր դեպքերին, ինչ վերաբերում է հայերին, փառք Աստծու, շատ քիչ հայերի մասին եմ լսել իմ անմիջական շրջանակի մեջ կամ կարդացել մամուլով։ Կարծեմ Նյու Յորքում փոքրաթիվ հայեր են մահացել, նշում եմ Նյու Յորքը, որովհետև ամենաբարձր վարակման տոկոսն այնտեղ է, իսկ Լոս Անջելեսի շրջանը, որտեղ հսկայական թվով հայեր կան, բարեբախտաբար շատ չեմ լսել մարդկանց մասին, որոնք վարակվել են կամ մահացել։ Հայ բժիշկ կար, որ այստեղ վարակվեց, հիվանդանոց գնաց, երկու շաբաթ բուժվեց, հիմա արդեն առողջ է։ Սա նշանակում է, որ հայերը զգուշավոր են, տնից դուրս չեն գալիս։ Մարդիկ վարակվում են, երբ տանը չեն մնում։

– Հայաստանում պայքարը կորոնավիրուսի դեմ ինչպե՞ս եք գնահատում։

– Սկզբում մի քիչ դժգոհ էի, որովհետև տեսնում էի, որ Հայաստանի ղեկավարությունը սկզբնական օրերին լուրջ չէր վերաբերվում վարակին, բայց հետո, երբ մարդիկ սկսեցին վարակվել, մանավանդ որ դրսից էին գալիս, հյուրանոցներում առանձնացրին, առողջապահության նախարարությունը քայլեր ձեռնարկեց դեմն առնելու համար, հիմա կարող եմ ասել, որ Հայաստանի կառավարությունը ուշադիր և զգույշ է վարվում։ Հիմա 22 մահացած կա, և թեև ամեն մի մահ էլ շատ է, բայց, բարեբախտաբար, քսան թիվն այնքան էլ մեծ չէ՝ համեմատած մյուս երկրների։

– Պարոն Սասունյան, ապրիլի 24-ին որևէ միջոցառում տեղի չի՞ ունենալու, միայն օնլա՞յն հարթակն է օգտագործվելու:

– Այո՛, զանազան ծրագրեր ու միջոցառումներ կան տարբեր երկրներում, նահանգներում ու քաղաքներում, որովհետև չի կարելի քայլարշավներ անել, հավաքվել: Սա էլ մի հետաքրքիր փորձառություն է մեր ժողովրդի համար, որ կարողանանք տեսանյութերով, համացանցով, հեռուստաժամերով տարածել Ցեղասպանության մասին մեր տեղեկությունները:

– Ակնկալիքներ կա՞ն, որ ԱՄՆ նախագահը այս տարի կարտասանի Ցեղասպանություն բառը:

– Ես ընդհանրապես թե՛ այս, թե՛ նախկին նախագահների վերաբերյալ երբեք լավատես չեմ եղել, և իրենք էլ երբեք հուսախաբ չեն արել, թեև միշտ փախուստ են տվել Ցեղասպանություն բառից: Այս անգամ էլ չեմ ակնկալում, որ ապրիլի 24-ին Թրամփը Ցեղասպանություն բառը կօգտագործի, թեև Կոնգրեսի երկու պալատները անցյալ տարվա վերջին ճանաչեցին Ցեղասպանությունը: Երկրի նախագահի համար սա ոչ թե պատմական ճշմարտության որոշում է, այլ քաղաքական որոշում: Դեռ երեկ նախագահ Թրամփը հեռախոսազրույց ունեցավ Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, որի ժամանակ խոսեցին տարբեր թեմաների, այդ թվում թուրք-ամերիկյան հարաբերությունների մասին: Ես, որ երկար տարիներ հետևում եմ Թուրքիայի անցուդարձերին, միշտ նկատում եմ, որ Թուրքիայի ղեկավարները ապրիլի 24-ից առաջ կամ այցելում են Ամերիկա, կամ հեռախոսազրույց են ունենում: Միշտ մի բան անում են, և ամեն անգամ, երբ այդ առիթը գալիս է, իրենք փոխանցում են իրենց պատգամը, որ ապրիլի 24-ին Ամերիկան չհամարձակվի Ցեղասպանություն բառն օգտագործել: Միշտ այդպես զգուշացնում են, սպառնում են ԱՄՆ նախագահին, որ այդ քայլին չդիմի:

Հեռախոսազրույցի ամբողջ սղագրությունը, դժբախտաբար, չունենք, բայց կարդացի, որ խոսել են Ամերիկա-Թուրքիա հարաբերությունների մասին, գուցե նաև խոսել են Ցեղասպանության հարցում շատ առաջ չգնալու մասին, ինչպես նախկինում: Դա մեծ ազդեցություն է ունենում ԱՄՆ նախագահի վրա, որովհետև նախագահը միշտ մտածում է՝ այնպիսի բան չանենք, որ ՆԱՏՕ-ում մեր դաշնակցին վիրավորենք, չհեռացնենք մեզնից, ավելի շատ ռուսների գիրկը չգնա: Այս բոլոր մոտեցումներն անշուշտ սխալ են, որովհետև եթե ԱՄՆ նախագահը Ցեղասպանություն բառն օգտագործի, թուրքերը կարող են մի քանի օր նեղանալ, մի քանի ծանր խոսքեր ասել Ամերիկայի հասցեին, բայց շատ շուտով այդ ամենը կմոռացվի, և նորից կվերադառնան նախկին հարաբերություններին, ինչը տեղի ունեցավ տարբեր երկրների պարագայում, այդ թվում՝ Ամերիկայի հետ հարաբերություններում, երբ 1981-ի ապրիլի 22-ին նախագահ Ռեյգանը նախագահական հռչակագիր ստորագրեց՝ նշելով նաև Հայոց ցեղասպանություն բառապաշարը: Այդ ժամանակ էլ թուրքերը մի քիչ նեղացան, հետո մոռացվեց ամեն ինչ: Այնքան է մոռացվել, որ ոչ ամերիկացիները, ոչ էլ անգամ հայերից շատերը չեն հիշում, որ Ռեյգանը այդպիսի խոսք է ասել 1981 թվականին:


Բաժանորդագրվեք և ստացեքհրապարակումների ծանուցումները