Քանի մեր աչքով չենք տեսել, ոչ մի բանում համոզված չենք

46

Որեւէ խոչընդոտ չկա, որ մենք մտնենք ընտրապայքարի մեջ, բայց վերջնական որոշումը կկայացնի Գերագույն մարմինը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին ՀՅԴ-ի մասնակցության հնարավորությանը:

«Այստեղ շատ խնդիրներ կան, թե ինչ ձեւով ենք գնում ընտրությունների, նախկին ձեւաչափով, թե նոր ինչ-որ ձեւաչափով: Նոր քաղաքական իրավիճակ է, Երեւանն էլ այդ զարգացումների թատերաբեմն է եղել, եւ այս նոր իրողությունները պարտադրելու են նոր մոտեցումներ քաղաքական ուժերին, որ իրենց մարտավարությունը ճշտեն, քարոզչության ձեւերն ու մեթոդները մշակի: Իհարկե, ընտրությունները կլինեն բոլորովին այլ, նոր մթնոլորտում, ենթադրում եմ՝ ավելի ժողովրդավարական:

Նախկին մեթոդները չեն լինի, մենք նախորդ ընտրություններին չմասնակցեցինք հենց այդ պատճառաբանությամբ: ԱԺ ընտրությունները, որ տեղի ունեցան, մենք հայտարարեցինք, որ եղել է համատարած ընտրակաշառքի երեւույթ, հետեւաբար, նույնն էլ լինելու էր Երեւանի ընտրություններում:  Հիմա նոր ընտրական միջավայր պետք է որ լինի, որն ավելի քաղաքական ու ազատ ընտրություններ է ենթադրում»,-հայտարարեց Ռուստամյանը:

Հարցին, թե մտավախություն չկա՞, որ նոր իշխանությունն էլ հնի պես նորից վարչական ռեսուրս կօգտագործի ու կկեղծի ընտրությունները, դաշնակցական պատգամավորը պատասխանեց. «Քանի  մեր աչքով չենք տեսել, ոչ մի բանում էլ համոզված չենք, բայց ես ենթադրում եմ, որ նոր, հեղափոխական ալիքի  վրա եկած իշխանությունը պետք է կրկինի նախորդների սխալները, որովհետեւ տեսել են նախորդների ճակատագիրը»:

Նա չհամաձայնեց տեսակետին, որ ՀՅԴ-ն առաջիկա ընտրություններում հաջողություն գրանցելու քիչ շանս ունի. «Այդ կարծիքները միշտ էլ եղել են, ցանկացած իրադարձությունից հետո համարել են, որ Դաշնակցության գործերն ավարտված են, պետք է ՀՅԴ-ն իր ճամպրուկները կապի, գնա: Բայց ինչպես տեսնում եք, բոլորը գալիս-գնում են, Դաշնակցությունը մնում է»:

 



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache