Քար լռություն Մոսկվայից

0

Ապրիլի 24-ին Հայերի Ցեղասպանությունը ճանաչած ու չճանաչած, դաշնակից ու ոչ դաշնակից երկրների ղեկավարները, խորհրդարանականները, հասարակական-քաղաքական գործիչները, միջազգային կառույցների ներկայացուցիչները ուղերձներ էին հղում Հայաստանին ու հայերին: Խոսեց նույնիսկ Էրդողանը, «ցավելով մահացած օսմանցի հայերի համար»: Բայց Ռուսաստանից քար լռություն էր:

Հայաստանի «ընդդիմությունը» դա թերեւս կվերագրի այն հանգամանքին, որ «հայ-ռուսական հարաբերություններում խնդիրներ կան, եւ դրանով ինչ որ բան են ուզում հասկացնել»: Մյուս կողմից, այդ երբ չեն հայ-ռուսական հարաբերություններում խնդիրներ եղել, սկսած այն պահից, երբ Ռուսաստանը մտավ Հարավային Կովկաս: Եվ ընդհանրապես, կա՞ մի երկիր ակտուալ քաղաքական տարածությունում, որի հետ Մոսկվան խնդիրներ չունենա:

Բայց դառնանք հայ-ռուսական խնդիրներին: ՌԴ Պետդուման 1995 թվականի ապրիլի 14-ին միաձայն ճանաչեց «1915-1920 թվականներին հայ ժողովրդի ցեղասպանությունը դատապարտելու մասին» հայտարարությունը։ Դրանից անմիջապես հետո Թուրքիային հավաստիացրին, որ Դումայի այդ ակտը որեւէ հետեւանք չի ունենալու: Բացի այդ, Դումայի ճանաչումը շարունակություն չունեցավ՝ ցեղասպանության ժխտման արգելքի, պետական ԶԼՄ-ների միջոցով իրազեկման, պատմության դասագրքերում թեմայի հիշատակման եւ այլ առումներով։

Ավելին, ռուսական ԶԼՄ-ներում թեման առավելապես շոշափվում է ժխտման եւ թուրքական մոտեցումների լույսի տակ: Դրա վառ արտահայտությունը ԱՄՆ Կոնգրեսի զույգ պալատներում Հայոց ցեղասպանության ճանաչման ակտերի լուսաբանումն էր ռուսական առաջատար ԶԼՄ-ներում. Կոնգրեսի ակտերը ներկայացվեցին բացառապես թուրքական տեսանկյունից:

Կարելի է հիշել 2015 թ. Երեւանում Ցեղասպանության 100-րդ տարելիցի արարողությունը, որին մասնակցում էր ՌԴ նախագահ Պուտինը եւ որը ելույթ ունեցավ: Նրա ելույթում ոչ մի անգամ չարտաբերվեց ցեղասպանություն բառը:

ՌԴ Պետդումայի 1995 թ. որոշման մեջ հետաքրքիր է «1915-1920 թվականներին հայ ժողովրդի ցեղասպանությունը» ժամանակային արձանագրումը, թեեւ լուրջ խնդիր է նաեւ Ռուսաստանի դերը 1915-1920 թթ. իրադարձություններում: Մի կողմից, ժամանակը բերվում-հասցվում է Հայաստանի խորհրդայնացում, եւ դա հասկանալի է՝ ընդգծվում է, որ Մոսկվան է փրկել հայերին: Միեւնույն ժամանակ, այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանի խորհրդայնացումից անմիջապես հետո՝ 1921-23 թթ, լիովին տեղավորվում է ցեղասպանության իրավա-քաղաքական ձեւակերպման մեջ:

Հայաստանն օկուպացվեց թուրքական ու ռուսական զորքերի կողմից, թուրքական զորքը շարունակեց հայերի ցեղասպանությունը ռուս-սովետական հրավերով ու մասնակցությամբ: Սովետական կառավարությունը որպես երաշխիք եղբայրական Թուրքիային օգնեց ավարտին հասցնել թուրքահայերի կոտորածները, որպեսզի փակվի նրանց հետ վերադառնալու խնդիրը մեկընդմիշտ: Սպանվեցին 300 հազար հայեր, մնացյալին քշեցին Ռուսաստանի խորքերը:

1921 թ. ռուս-թուրքական պայմանագրերով Նախիջեւանը հանձնվեց Բաքվին, հայ բնակչության տեղահանման իրավունքով, Արեւելյան Հայաստանի մեծ մասը՝ Կարս, Արդահան, Սուրմալու շրջանները եւ Արարատը՝ Թուրքիային: 1923 թ. Ղարաբաղը ռուս բոլշեւիկների կամայական որոշմամբ հանձնվեց Բաքվին: Նշենք, որ այդ ժամանակ Հայաստանը դեռեւս անկախ պետություն էր, ճանաչված Ազգերի լիգայի կողմից, ի տարբերություն օրինակ Ադրբեջանի: Այսինքն, Մոսկվան ու Անկարան օկուպացրել են հայկական տարածքները, բաժանել դրանք, տեղի են ունեցել հայերի զանգվածային սպանություններ եւ հայրենազրկում:

Մոսկվայից երեկ քար լռություն էր:


Բաժանորդագրվեք և ստացեքհրապարակումների ծանուցումները