Քարոզարշավ՝ երկրորդ օրը․ «սպիտակների» ռեյդերը, կամ ովքե՞ր են պառկելու ասֆալտին

62

1in.am — Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավի հենց առաջին օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը, որտեղ նա գործընթացին մասնակից որոշ ուժերի մեղադրեց ՀՀԿ-ի հետ համագործակցելու ու հեղափոխությունը տապալելու մեջ, ամբողջովին փոխեց ընտրարշավի տրամաբանությունը։ Դասական իմաստով՝ մրցակցային ընտրությունների մասին խոսք լինել չի կարող, որովհետև Փաշինյանի ջանքերով սեպտեմբերի 23-ը վերածվել է հեղափոխության հերթական հանգրվանի, իսկ հեղափոխությունները, որպես կանոն, ընդդիմություն չեն ունենում։

Այսօր առավոտյան «Լույս» դաշինքի, ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի առաջին դեմքերը՝ յուրաքանչյուրն իրենց մասով, հերքեցին ՀՀԿ-ի հետ համագործակցության ու հակահեղափոխական դավադրությանը մասնակից լինելու մեղադրանքները, սակայն այդ պարզաբանումները որևէ կերպ չեն կարող ազդել ընտրական համատեքստի վրա։

«Իմ քայլը» դաշինքի քարոզարշավին անմիջականորեն մասնակցում է Նիկոլ Փաշինյանը ու նրա բարձր վարկանիշը ընտրական գործընթացի մյուս մասնակիցներին դնում է «խաղից դուրս» վիճակում։ Անկասկած, Երևանի ընտրությունները, որպես այդպիսին, ավարտված են, ու Երևանի տարբեր հրապարակներում հավաքված մարդկանց հետաքրքրում են ոչ թե քաղաքային խնդիրները կամ դրանց լուծման բանալիները, այլ քաղաքական այն օրակարգը, որը սահմանել է վարչապետը։

Ընտրությունների ու քաղաքային ապագա իշխանության որակը սրա հետևանքով տուժելու են, սակայն այդպիսին են հեղափոխությունները․ նրանք բացում են քաղաքական նոր հեռանկարներ, սակայն նաև սպանում են քաղաքականությունը՝ հասարակության հուզականության ու հարթակի պոպուլիզմի տարափի տակ։

Այսօր Հայաստանի քաղաքական կյանքում սկանդալային բացահայտումներ եղան։ Պարզվեց՝ գաղտնալսվել են ԱԱԾ տնօրենն ու ՀՔԾ պետը։ Սա արտառոց վիճակ է, պետականության դեմ ուղղված ոտնձգություն, հանցագործություն։ Հիմա հասարակության, համենայն դեպս լայն շերտերին չի հուզում, որ այս վիճակը հետևանք է նաև Հայաստանի պետական ինստիտուտների, ուժային կառույցների դիլետանտիզմի․ մարդիկ վստահաբար կարծում են, որ պետք է համախմբվել Նիկոլ Փաշինյանի շուրջ հեղափոխությունը մինչև վերջ հասցնելու համար։ «Սև-սպիտակի» այս տրամաբանությունն անխուսափելիորեն տարածվում է ընթացող քարոզարշավի վրա՝ հասարակության մեծամասնությանը կոնսոլիդացնելով «Իմ քայլը» դաշինքի շուրջ, մյուսներին զրկելով քաղաքական տարածությունից, ու ընտրությունները զրկելով մրցակցային ռեսուրսից։

Քարոզարշավի երկրորդ օրվա՝ հատկապես սկանդալից հետո, քաղաքական օրակարգ թելադրող միակ գործիչը դարձյալ Նիկոլ Փաշինյանն է, որը ֆորմալ առումով դուրս է ընտրական գործընթացից, սակայն, ըստ էության, դարձել է հասարակական տրամադրությունների միակ կրողն ու արտահայտիչը և միայնակ է կանխորոշելու ընտրությունների ելքը։ Դավիթաշեն համայնքում Նիկոլ Փաշինյանի հանրահավաքային ելույթի թեման այսօրվա սկանդալային իրադարձություններն էին, որոնք արդյունավետ օգտագործվելու են վարչապետի կողմից՝ հասարակության լայն համախմբում ապահովելու և քաղաքային ընտրություններում համոզիչ հաղթանակ տանելու համար։ Այս հարցում կասկած գոյություն չունի, դեռ ավելին՝ ըստ ամենայնի, երկրում առաջիկա օրերին տեղի են ունենալու աղմկոտ իրադարձություններ, գուցե նաև ձերբակալություններ, որոնց համատեքստում սեպտեմբերի 23-ի ընտրությունները վերածվելու են հեղափոխության առաջնորդի վստահության հանրաքվեի։

ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսումը դավադրություն է, հանցագործություն Հայաստանի պետականության նկատմամբ․ Դավիթաշենում «Իմ քայլը» դաշինքի հրավիրած հանրահավաքի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես հանձնարարել եմ ԱԱԾ-ին, ոստիկանությանը՝ ամենակարճ ժամանակահատվածում հայտնաբերել դավադրությունը կազմակերպածներին և նրանց ենթարկել ամենախիստ պատասխանատվության: Դեռևս, երբ ես «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր էի, հրապարակել էի տեղեկություն, որ մեր տեղեկություններով՝ որոշ օլիգարխներ և պետական բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապ ունեցող մարդիկ ձեռք են բերել գաղտնալսման սարքեր և, հատուկ ծառայություններին զուգընթաց, ստեղծել են հատուկ ծառայություն պետության մեջ: Այդ բոլոր՝ չակերտավոր հատուկ ծառայությունները «սափրագլուխների» և «ախրանաների» տեսքով հայտնաբերվելու և ոչնչացվելու են: Բոլոր ապօրինի զինված խմբավորումները զինաթափվելու են: Այստեղից ես ԱԱԾ-ին, ոստիկանությանը հրահանգում եմ այս պահից իրականացնել ռեյդեր, օլիգարխների, բարձրաստիճան պաշտոնյաների թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին և զինաթափել բոլորին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն Արթուր Վանեցյանից և Վալերի Օսիպյանից պահանջել է երկու ժամից իրեն ներկայացնել զեկույց կատարված աշխատանքների մասին. «Տո մկին էլ, ձկին էլ: Ոչ մի մուկ ու ձուկ չի պլստալու:

Հայաստանում գողերի ժամանակն անցել է, Ամերիկաներից, Ավստրալիաներից, Ռուսաստաններից գտնելու ենք և բերելու ենք: Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան, դե հիմա սպասեք»:

Այսօրվա իրադարձություններից հետո Փաշինյանի հայտարարությունը միանգամայն համարժեք է, իհարկե՝ այն չի վերացնում իրավապահ համակարգի պատասխանատվության խնդիրը, դիլետանտիզմի վերացման անհրաժեշտությունը։

Անցած ամիսների ընթացքում մենք մի քանի անգամ անդրադարձել ենք օլիգարխիկ բանդաների ոչնչացման անհրաժեշտությանը՝ այս համատեքստում քննադատելով ԱԱԾ-ի և ոստիկանության ոչ համարժեք գործունեությունը։ Մեր կանխատեսումները, մտահոգությունները միանգամայն ճիշտ էին․ կառավարության հապաղումը հանգեցրեց այսօրվա սկանդալին, որն անդառնալի հարված հասցրեց Հայաստանի պետական ինստիտուտների հեղինակությանը՝ բացահայտելով մեր պետական համակարգի խեղճությունը։

Լավ է՝ այսօր վարչապետը ձևակերպեց բանդաների ոչնչացման խնդիրը՝ թեկուզ ուշացումով նախապատրաստելով մահացու հարված քրեաօլիգարխիային։

«Սևերի» դավադրության ու «սպիտակների» ռեյդերի համատեքստում հասարակությունը կորցնում է ընտրության հնարավորությունը անցած քսանամյակի խավարում չհայտնվելու համար։ Սեպտեմբերի 23-ը դառնալու է «սպիտակների» հաղթանակի օր։ Փաշինյանը, իր բարձր վարկանիշի ուժով, արդեն որոշել է «սպիտակներին»։ Հասարակությունը գնալու է տեղամասեր առաջնորդի որոշումը վավերացնելու համար։ Ուղիղ ժողովրդավարությունը Հայաստանում առայժմ պարզունակ դրսևորում ունի․ դիսկուրս չկա, հասարակությունը հավանության է արժանացնում հեղափոխության առաջնորդի բոլոր նախաձեռնությունները։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache