Քարոզարշավ՝ օր չորրորդ․ Փաշինյանի «դեղին քարտը» Բակո Սահակյանին

86

1in.am — Անցած քսան տարիների ընթացքում Հայաստանում տեղի են ունեցել բազմաթիվ իրադարձություններ, որոնք վտանգել են Արցախի շահերը, սակայն մենք Ստեփանակերտից որևէ դատապարտող հայտարարություն չենք լսել։ Անգամ այն պարագայում, երբ Ռոբերտ Քոչարյանի «թեթև ձեռքով» Արցախը դուրս մղվեց բանակցային գործընթացից, Արցախի էլիտան դա համարեց «բնական», էլ չենք ասում այն մասին, որ 2016-ի Ապրիլյան պատերազմում, երբ բացահայտվեց հայկական բանակի, մեղմ ասած, անմխիթար վիճակը, Ստեփանակերտից չլսեցինք որևէ առարկություն։

Ընդունված կարծիքի համաձայն՝ ԼՂՀ ղեկավարությունը համարել է, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ ղարաբաղցիներ լինելով, չեն կարող գործել Արցախի ու նրա շահերի դեմ։ Սա, իհարկե, մակերեսային կարծիք է, որովհետև Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի «ազգային» քաղաքականության հետևանքները մենք քաղեցինք Քառօրյա պատերազմում։

Սա, անշուշտ, հասկանում են Ղարաբաղի էլիտայում ու պետք չէ այնքան միամիտ լինել՝ նրա համերաշխությունը Հայաստանի վերջին երկու նախագահների հետ պայմանավորվելու համար ազգային կամ գաղափարական հարցերով։ Գուցե ծանր է խոստովանել, սակայն, այսպես կոչված, ղարաբաղյան կլանը գոհանում էր այն հանգամանքով, որ իր երկու հայտնի ներկայացուցիչները, իրար հաջորդելով, յուրացրել են Հայաստանի իշխանությունը՝ իրենց խմբավորմանը տալով «էլիտար» կարգավիճակ։ Դասական իմաստով՝ Արցախում անցած երկու տասնամյակում դադարեց ինքնուրույն իշխանության գոյությունը ու իշխանությունը կենտրոնացավ Հայաստանի քրեաօլիգարխիայի տեղական խմբավորման ձեռքերում։

Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո ակնհայտ էր, որ մի օր լուրջ ճգնաժամ առաջանալու է Հայաստանի նոր ու Արցախի հին իշխանությունների միջև, որովհետև երկու համակարգերը անհամատեղելի են ու Ստեփանակերտի էլիտան բազմաթիվ անգամներ տվել է հակադրության առիթը, օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումից հետո գրեթե բաց համերաշխվելով Հայաստանի երկրորդ նախագահի հետ, կամ՝ ԼՂՀ նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանի պրովոկացիոն հարցազրույցները։

Որպես կանոն, Ստեփանակերտի էլիտայի դժգոհությունները ինքնաբուխ չեն եղել ու սնուցվել են Հայաստանի հին համակարգի ներկայացուցիչների «խռովություններից» կամ Մոսկվայից եկած ազդակներից։

Այս օրերին այդ տխուր օրինաչափությունը պահպանվեց։

Սասուն Միքայելյանը հանդես եկավ անզգույշ հայտարարությամբ, որին հաջորդեց ՀՀԿ գործիչների, իսկ ավելի ուշ՝ ԼՂՀ մի քանի պաշտոնյաների անզուսպ քննադատությունը։

Կամ՝ երեկ Ալավերդիում հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ինքը ՀՀ միակ ղեկավարն է, որի որդին ծառայում է Արցախում: Նա նշել էր, որ նույնիսկ ղարաբաղցի ղեկավարների զավակները Ղարաբաղում չեն ծառայել և ընդհանրապես բանակում չեն ծառայել:

Փաշինյանի հայտարարությունը միանգամից արժանացավ ՀՀԿ գործիչների, Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի քննադատությանը, ովքեր հիշեցին, որ Հայաստանի վարչապետը բանակում չի ծառայել։

Իսկ Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը ավելի ուշ «Երկիր մեդիայի» հետ զրույցում երկրորդել է քննադատներին և նշել է, որ Փաշինյանը պետք է պարզաբանի, թե կոնկրետ որ ղեկավարի մասին է խոսքը: «Օրինակ՝ Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի որդին ծառայել է բանակում, նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի որդին ևս ծառայել է, ծառայել են նաև Պաշտպանության բանակի հրամանատարի 2 որդիները»,- նշել է Բաբայանը:

Հայաստանի վարչապետը վեց-յոթ ամիս հրապարակավ չէր արձագանքել Ստեփանակերտի «կամակորություններին», անգամ՝ ամռանը Արցախում տեղի ունեցած հուզումների ֆոնին անվերապահ աջակցություն էր ցույց տվել Բակո Սահակյանի իշխանությանը։

Սակայն Փաշինյանի նյարդերն այսօր, ի վերջո, տեղի տվեցին։ Թերևս, դա պայմանավորված է Հայաստանում ընթացող նախընտրական արշավի տրամաբանությամբ։

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում տեղի ունեցած հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը տարօրինակ է համարել ՀՀ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին ԼՂՀ իշխանությունների ներկայացուցիչների ակտիվությունը:

«Ես հարցեր ունեմ և այդ հարցերը կքննարկեմ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, իսկ մինչ այդ ես պարոն Սահակյանին հորդորում եմ, որ կարգի հրավիրի իր կառավարության ներկայացուցիչներին և իրենց ուղարկի իրենց աշխատանքով զբաղվելու: Արցախի նախագահի մամուլի խոսնակն օրումեջ իմ ասածի վերաբերյալ մեկնաբանություն է տալիս, այ քեզ բան: Սթափվե՛ք, հարգելիներս, և զբաղվեք ձեր աշխատանքով»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Իհարկե, քննարկելու հարց է, թե ինչքանով էր նպատակահարմար, որ Փաշինյանը հանդես գա հրապարակային հայտարարությամբ, մանավանդ որ այդ հարցն իսկապես կարող էր քննարկել Բակո Սահակյանի հետ առանձնազրույցի ընթացքում։ Այս մասին բարձրաձայնում ենք, որովհետև Հայաստանի քաղաքական էլիտայում քիչ չեն մարդիկ, ովքեր Արցախի իշխանությունը «օկուպացնելու» գայթակղություն ունեն՝ ճիշտ այնպես, ինչպես քսան տարի առաջ Ստեփանակերտի էլիտան «օկուպացրեց» Հայաստանի իշխանությունը։

Սակայն այս վտանգավոր մտայնությունից պետք է ձեռնպահ մնալ, հատկապես հեղափոխությունը Արցախ «արտահանելու» գաղափարից, ինչի մասին բարձրաձայնում է «Սասնա ծռեր» կուսակցությունը։

Արցախում հեղափոխությունն անհանդուրժելի է, որովհետև մեծ շռայլություն կլինի ցնցումներ անել առաջնագծում, մյուս կողմից՝ ԼՂՀ-ում անհանդուրժելի է քրեաօլիգարխիկ համակարգի պահպանումը, որն իրեն պարտական է համարում Հայաստանը քսան տարի ղեկավարած Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգի առաջ։

ԼՂՀ իշխանությունը դադարել է լինել առանձին սուբյեկտ՝ դառնալով Հայաստանի քաղաքական համակարգի ռևանշիստական ճամբարի մասնիկը։ Այս վիճակը կարող է հաղթահարվել, եթե տեղի ունենա Հայաստանի ու Արցախի համակարգերի վերաինտեգրման գործընթաց, որը թույլ կտա ԼՂՀ-ում իշխանության որակը ու կադրային կազմը փոխել առանց ցնցումների՝ հերթական ընտրությունների ու բարեփոխումների միջոցով։

Իսկ առայժմ ցավալի է արձանագրել, որ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը ոչ թե բովանդակային դիսկուրս է առաջացրել ԼՂ հարցում, այլ դարձել է նախընտրական գզվռտոցի պատճառ՝ Արցախի իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ։




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache