Քիչ անց Սերժ Սարգսյանը կասի

110

lragir.am — Մամուլը հրապարակել էր տեղեկություն, որ ՀՀԿ-ն վերսկսում է ամեն հինգշաբթի անցկացվող ԳՄ նիստերը եւ սեպտեմբերի 27-ին սպասվող նիստը վարելու է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը: Ըստ հրապարակված տեղեկության, տեւական դադարը պայմանավորված է եղել արձակուրդային շրջանով: ՀՀԿ կազմակերպական հանձնաժողովի նախագահը Ժողովուրդ թերթին ասել է, որ ինչպես միշտ օրակարգը կորոշվի տեղում:

Առաջին հայացքից տարօրինակ է իհարկե, որ մի «հսկա» կուսակցություն ԳՄ նիստ է անում «տեղում որոշվող» օրակարգով, ու դա ավանդույթ է: Մյուս կողմից, սակայն, ամեն ինչ շատ հասկանալի է: Բանն այն է, որ «օրակարգը որոշվում է տեղում» ձեւակերպումը «թարգմանաբար» նշանակում է «Սերժ Սարգսյանը կգա ու կասի»:

ՀՀԿ-ում դա է ավադույթը, Սերժ Սարգսյանը գալիս է ու ասում, թե ինչպիսին է օրակարգը, որն է հարցը, ինչ պետք է անել:

Սեպտեմբերի 27-ին Սերժ Սարգսյանը կգնա ու կասի, թե ինչ է պետք անել: Թեեւ, Սարգսյանը առնվազն երկու անգամ դա ասել է, իհարկե տեքստով, բայց բավականին հստակ; Ընդ որում հետաքրքիր է, որ Սարգսյանը մի անգամ դա ասել է իր անունից տեքստով, իսկ երկրորդ անգամ՝ Սաշիկ Սարգսյանի, թերեւս մտածելով, որ այդպես գուցե ավելի մատչելի լինի կուսակցության համար:

Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի: Փողոցի շարժումը իմ պաշտոնավարման դեմ էր. Սերժ Սարգսյանն այդ ամենն ասաց ու գնաց ապրիլի 23-ին, շատ պարզ ակնարկելով, որ կա երկու խնդիր՝ կամ հաղթում է Նիկոլ Փաշինյանը, կամ ներիշխանական, ներհամակարգային մի որեւէ թեւ: Սարգսյանն ակնարկել էր, որ ճիշտը Նիկոլ Փաշինյանի հաղթանակն է: Պատճառը շատ պարզ էր՝ Նիկոլ Փաշինյանը առաջարկում էր իշխանության անցման ամենաընդունելի մոդելը, սահուն, սիրո եւ հանդուրժողության տրամաբանությամբ:

Բանն այն է, որ իշխանության անցումն այլեւս դարձել էր անխուսափելի, եւ խնդիրը այն էր, թե ինչ մոդելով կլինի այն:

Առերեւույթ կա տպավորություն, թե ներհամակարգային որեւէ թեւով անելու դեպքում այն լինելու էր առավել, իրական սիրո եւ հանդուրժողության միջոցով: Դրանում համոզված են շատերը, այդ թվում ՀՀԿ-ում: Բայց, իրավիճակին ծանոթ է Սերժ Սարգսյանը, ՀՀԿ-ն օրակարգից, այսինքն բանից անտեղյակ էր: Իսկ Սերժ Սարգսյանը լավ էր պատկերացնում՝ իշխանափոխության օբյեկտիվ անխուսափելիության պայմաններում, որ այսպես ասած հեռացող ուժի հանդեպ առավել անխնա է լինելու համակարգի ներսից եկող ուժը, որովհետեւ ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, նա ունի ժողովրդական բացարձակ եւ անվիճելի լեգիտիմության «հիմնադիր կապիտալի» խնդիր, եւ այդ խնդիրը պետք է լուծի ժամանակի ընթացքում: Իսկ այդ լուծումը լինելու էր հենց ՀՀԿ միջոցով, ՀՀԿ հաշվին:

Ահա թե ինչու Սերժ Սարգսյանն անխուսափելի իշխանափոխության պայմաններում ցույց տվեց ճիշտ, այսինքն իշխանության փոխանցման առավել անվտանգ ու սահուն ճանապարհը, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը լեգիտիմության հսկա պաշարով չուներ ՀՀԿ վրա ինքնահաստատվելու կարիք, նա արդեն առաջնորդում էր հսկա շարժում, եւ մնում էր ընդամենը գնահատել իրավիճակն ու Փաշինյանի հետ քննարկել սահուն անցումը:

Բայց ՀՀԿ-ն Սարգսյանին չլսեց, որովհետեւ նա այլեւս նախագահ չէր, նա հրաժարականի տեքստ էր ասում, մինչդեռ Սարգսյանի տեքստերը չէին լսում նույնիսկ երբ նա դրանք արտասանում էր ՀՀԿ համագումարում:

Եղավ մայիսի 2-ը, թեեւ ապրիլի 30-ին ՀՀԿ-ն դեռ ուներ քաղաքական ճանապարհով հեռանալու եզակի շանս:

Դրան հաջորդեց որոշակի կայուն, սահուն փուլ, սակայն Ռոբերտ Քոչարյանն իրեն առաջադրված մեղադրանքից հետո քաղաքականություն վերադարձի մասին հայտարարությամբ կամա թե ակամա ապակողմնորոշեց ՀՀԿ-ին: Մյուս կողմից, Սարգսյանը չփորձեց վերակողմնորոշել, գնահատելով իրավիճակն ու լավ պատկերացնելով, որ Քոչարյանն ու ՀՀԿ-ն խորքային առումով միմյանց խանգարելուց բացի, այլ բան չեն անի:

Իսկ Սարգսյանին դա էր պետք, որովհետեւ դա օգնություն էր Նիկոլ Փաշինյանին: Իսկ այդտեղ խնդիրը Փաշինյանի անձը չէր, այլ իշխանափոխության նրա առանց բռնության, թավշյա մոդելը: Կա թյուրըմբռնում, թե հակառակը՝ Նիկոլ Փաշինյանն է դիմում բռնի մեթոդի: Իրականում այստեղ կա «բռնության թյուրընկալում»: Բուն խնդիրը սեփականության անձեռնմխելիությունն է այսպես ասած հիմքում, ոչ թե ունեցվածքի ծավալում:

Նիկոլ Փաշինյանը չի դնում սեփականության վերաբաշխման, այսինքն հիմքից ապամոնտաժման խնդիր, մի շարք օբյեկտիվ եւ ռացիոնալ պատճառներով: Դա նրան պետք չէ, եւ այդ մասին հայտարարել է պարզ: Նրան պետք է գալ փոխհամաձայնության երկիրը առաջ շարժելու հարցում, վճարելով գինը այն տեւական ճահճացման համար, որ տեղի է ունեցել պետական ու հանրային ռեսուրսները յուրացնելու հետեւանքով:

Նախկին իշխող համակարգի որեւէ թեւի իշխանության գալը նշանակելու էր նախ լեգիտիմության կապիտալիզացիա ՀՀԿ սեփականության վերաբաշխման գնով, այդպիսով հագուրդ տալով «կուլակաթափության» հանրային արմատական, կոշտ պահանջներին: Միայն այդպես հանրությունը իշխանության մանդատ կտար նախկին համակարգի որեւէ այլ թեւի:

Սերժ Սարգսյանը լավ էր պատկերացնում դա, ու եղավ երկրորդ հայտարարությունը, ուշագրավ իրավիճակում, հայտնի գաղտնալսման ի հայտ գալուց մեկ շաբաթ անց, երբ Նիկոլ Փաշինյանը տվեց թալանածը վերադարձնելու մեկ շաբաթ ժամանակ: Մեկ շաբաթ անց եղավ Սաշիկ Սարգսյանի հայտարարությունը, որում մեծամասնությունը կարդաց միայն այն, որ նա հերքում էր իր ունեցվածքի ապօրինի լինելը: Մինչդեռ այդ հայտարարության ամբողջ իմաստը վերջին պարբերությունն էր, որտեղ Սաշիկ Սարգսյանը հայտարարում էր, որ պատրաստ է իր ունեցվածքի մի մասը նվիրել Հայաստանի Հանրապետությանը, եթե հանվի դրա վրա արգելանքը: Այդպիսով, Սաշիկ Սարգսյանը, կամ իրականում նրա անունից Սերժ Սարգսյանը երկրորդ անգամ ցույց տվեց, թե որն է ճիշտ եւ որ իրականում՝ հնարավոր հեռանկարների շարքում Նիկոլ Փաշինյանի առաջարկած մոդելը իրապես սիրո եւ հանդուրժողության մոդելն է:

Բայց, ըստ երեւույթին երկրորդ տեքստն էլ «բարբառեց անապատում», եւ Սերժ Սարգսյանը երրորդ անգամ որոշել է արդեն անհրաժեշտը ասել բանավոր, Երեւանի ընտրությունից հետո: Ինչպիսին կլինի դրա արդյունքը:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache