Քիմ Քարդաշյանի երկրորդ այցը Հայաստան

190

lragir.am — ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր թվիթերյան հերթական գրառմամբ հայտնել էր, որ հանդիպում է ունեցել շոու բիզնեսի աստղ Քիմ Քարդաշյանի հետ, որի հետ Սպիտակ տանը քննարկել են բանտային ռեֆորմի հետ կապված հարցեր: Քիմ Քարդաշյանն էլ հետո շնորհակալություն էր հայտնել նախագահ Թրամփին՝ հանդիպման համար:

Դժվար է ասել իհարկե, թե հետո հանդիպման ի՞նչ այլ մանրամասներ կարող են հանկարծ սպրդել հանրային տարածք, Սպիտակ տան օվալաձեւ աշխատասենյակում տեղի ունեցածի առնչությամբ: Առավել եւս, որ գեղեցկուհիների հետ հարաբերության աղմկոտ պատմությունները Թրամփի կարծես թե անբաժան ուղեկիցներն են:

Եթե լուրջ, ապա ավելի հետաքրքիր է, թե արդյոք ԱՄՆ նախագահի ու հայազգի աստղի հանդիպումը կլինի նրանց միջեւ որեւէ գործնական փոխհարաբերության սկիզբ, թե՞ դա երկուսի համար էլ կլինի գերազանցապես մեկանգամյա քարոզչական ակցիա, որի ընթացքում գուցե լուծվել են նաեւ մի քանի կարեւոր հարցեր, որ կառնչվեն մարդկային ճակատագրերին:

Քիմ Քարդաշյանը 2015 թվականի ապրիլին առաջին անգամ այցելեց Հայաստան՝ ցեղասպանության 100-րդ տարելիցի առումով: Նրա եւ ոչ պակաս հեղինակավոր ամուսնու հայաստանյան այցը թե երկրի ներսում, թե արտերկրում արժանացավ մեծ ուշադրության, ընդ որում ամենատարբեր համատեքստերում եւ տողատակերով:

Այդուհանդերձ, այցից հետո մնաց հարց՝ արդյոք Քիմ Քարդաշյանի հայաստանյան այցն ունի երկարաժամկետ էֆեկտ: Եվ արդյոք ափսոս չէ, եթե չլինի այդպես ու եթե Հայաստանը չկարողանա օգտվել Քիմ Քարդաշյան ռեսուրսից: Անկախ դրա հանդեպ ոչ միարժեք վերաբերմունքից, որ կա Հայաստանում՝ արժեհամակարգային, բարոյախրատական տիրույթում, Քարդաշյանը համահայկական ռեսուրսի մի մաս է, որն ունի համաշխարհային բացառիկ ընդգրկում:

Հետեւաբար, հույժ կարեւոր էր հայաստանյան այցը օգտագործել ավելի երկարաժամկետ հաղորդացություն ձեւավորելու եւ այդպիսով Հայաստանի համար հնարավոր էֆեկտ ստանալու համար: Ի՞նչ է հաջողվել այդ առումով, պարզ չէ: Բայց Դոնալդ Թրամփի հետ Քարդաշյանի հանդիպումը թերեւս կարող է մտորելու առիթ լինել, որ եթե նրա հայաստանյան այցի հնարավորությունը լավ չի օգտագործվել, արժե թերեւս մտածել նոր այցի մասին՝ արդեն նոր Հայաստան: Առավել եւս, որ Թրամփի հետ հանդիպումից հետո դա թերեւս անհրաժեշտ կլինի նաեւ Քիմին՝ հաջորդ հանդիպման համար:



Загрузка...