Քննիչ հանձնաժողովի առաջնային թիրախը պետք է լինի գազի տեխնոլոգիական կորուստների ուռճացված մակարդակը

43

Եվրոպական միության տարածքում բնական գազի մատակարարման և բաշխման համակարգերում տեխնոլոգիական կորուստների միջին մակարդակը կազմում է 0.5%, մինչդեռ այն Հայաստանում հասնում է 6.4%-ի: Այս ցուցանիշով Հայաստանը գերազանցում է նույնիսկ հարևան Վրաստանին և Եվրոպայում ամենավատ ցուցանիշն ունեցող Մոլդովային: Տեխնոլոգիական կորուստների ֆանտաստիկ բարձր մակարդակը միայն մեկն է այն գործոններից, որոնց հետևանքով Հայաստանի սահման հասած գազը կրկնակի թանկ գնով է վաճառվում վերջնական սպառողին: Բայց արդյո՞ք այդ կորուստներն իրական են, թե՞ դրանց հետևում թաքնված է գերշահույթ ստանալու նպատակը:

Հայսատանում սպառողին վաճառվող բնական գազի սակագնի որոշման մեթոդաբանության հիմքում, ըստ էության, ընկած է «որքան շատ ծախսեր, այնքան մեծ շահույթ» սկզբունքը: Այսինքն ընկերության մոտ շահագրգռվածություն է առաջանում ուռճացնել ծախսերը, դրանք ներառել ինքնարժեքի մեջ և արդյունքում ավելի մեծ շահույթ ստանալ: Եվ այստեղ «Գազպրոմ Արմենիային» օգնության է հասնում «անխուսափելի տեխնոլոգիական կորուստներ» պատճառաբանությունը, որը եվրոպական երկրներում մեր օրերում գրեթե հավասարեցվել է 0-ի:

Այսպես, սակագնի գնագոյացման մեխանիզմում ծախսային կարևորագույն բաղադրիչ հանդիսացող «անխուսափելի տեխնոլոգիական կորուստները» Հայաստանում հասցված են ռեկորդային ծավալների՝ 6.4% կամ 142.6 մլն. խմ (2016թ): Եվրոպական երկրների հետ համեմատելիս ակնհայտ է դառնում, որ բնական գազի մատակարարման ընթացքում գազի տեխնոլոգիական կորուստների ցուցանիշները Հայաստանում էականորեն ուռճացված են: Ընդ որում, այդ կորուստները չափազանց բարձր են ոչ միայն տեխնիկապես գերժամանակակից Գերմանիայի, Նիդերլանդների, Ավստրիայի համեմատությամբ (որտեղ դրանք գրեթե 0-ական են), այլ նաև Հայաստանի հետ տեխնոլոգիական հագեցվածությամբ համադրելի երկրների համեմատությամբ:

Գազամատակարարման համակարգերի մասին մասնագիտական գրականության մեջ առանձնացվում են նորմատիվային և գերնորմատիվային տեխնոլոգիական կորուստների ցուցանիշներ: Այսինքն կան իրապես անխուսափելի կորուստներ, որոնք տեղի են ունենում ջերմաստիճանային տատանումների, վթարների և այլ օբյեկտիվ պատճառներով, և դրանք համարվում են նորմատիվային կորուստներ: Սակայն ինչպես ցույց է տալիս միջազգային փորձը՝ նորմատիվային կորուստները կազմում են գազամատակարարման ծավալների շուրջ 2%-ը, և դրանից բարձր ցուցանիշ հնարավոր չէ գտնել եվրոպական ոչ մի երկրում (բացառությամբ Մոլդովայի): Մասնավորապես՝ Սլովակիայում այդ կորուստները կազմում են 2%, Ուկրաինայում՝ 1.8%, Չեխիայում՝ 1.6%, Խորվաթիայում՝ 1.3%, Ֆրանսիայում՝ 1.2%, Ռումինիայում և Սերբիայում՝ 1%, իսկ մնացած երկրներում՝ 1%-ից ցածր:

Հայաստանի պարագայում կորուստների նման բարձր մակարդակն, ըստ էության, պայմանավորված է գերնորմատիվային կորուստներով, որոնց իրական ծավալի հաշվարկը հնարավոր է միայն գազամատակարարման և գազաբաշխման ողջ համակարգի ամբողջական տվյալներին տիրապետելու դեպքում: Ազգային ժողովում ստեղծվող գազի և էլեկտրաէներգիայի սակագների ուսումնասիրության նպատակով քննիչ հանձնաժողովը և վարչապետի հանձնարարությամբ ստեղծված համապատասխան աշխատանքային խումբն ի թիվս այլ փաստաթղթերի «Գազպրոմ Արմենիայից» և «Տրանսգազ» ՍՊԸ-ից պետք է  պահանջեն և ուսումնասիրեն վերոհիշյալ տվյալները և բացահայտեն չհիմնավորված կորուստների ողջ ծավալը (կարևոր է նկատել, որ «Գազպրոմ Արմենիայի» և «Տրանսգազ» ՍՊԸ-ի ներկայացրած հաշվետվություններում և հայտերում գերնորմատիվային ծախսերը բոլոր տեղերում հավասար են զրոյի):

Հատկանշական է, որ 2016թ-ին մատակարարվող բնական գազի սակագինը սահմանին 165 ԱՄՆ դոլարից նվազեց՝ հասնելով 150 ԱՄՆ դոլարի, սակայն սպառողներին վաճառվող գազի գինն այդպես էլ չնվազեց՝ մնալով 290 ԱՄՆ դոլար 1000 խմ-ի դիմաց (139 000 դրամ): Իսկ պատճառաբանությունն այն էր, որ «ընթանում են արդիականացման և գազաֆիկացման լայնածավալ նախագծեր»:

Սակայն այս պատճառաբանությունը ևս ոչ մի քննադատության չի դիմանում: Տրամաբանությունը հուշում է, որ արդիականացման և գազաֆիկացման ծավալների ավելացման արդյունքում տեխնոլոգիական կորուստները գնալով պետք է նվազեին: Սակայն «Գազպրոմ Արմենիայի» դեպքում տեղի է ունեցել հակառակը՝ կորուստները տարեցտարի ավելացել են: Ընկերության ներկայացրած հաշվետվությունների համաձայն՝ կատարած ներդրումներին զուգահեռ գազի տեխնիկական կորուստները 2012թ.-ի 5.66%-ից աճել են՝ 2016թ-ին կազմելով 6.4%, իսկ  2017թ.-ին 6.23%:

Միևնույն ժամանակ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը 2012թ-ից մինչև 2018թ-ը կատարել է շուրջ 144.5 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, ինչը ևս ներառվել է կազմակերպության ծախսերի մեջ և մտել է գազի սակագնի մեջ: Ներդրումներն ուղղվել են գազափոխադրման համակարգի արդիկանացմանն ու ընդլայնմանը, նոր կայանների ստեղծմանը, ինչպես նաև նոր բաժանորդների միացմանը, խողովակաշարերի վերանորոգմանը և նմանատիպ այլ աշխատանքներ կատարելուն:

Փաստորեն ստացվում է, որ «Գազպրոմ Արմենիա»-ն սպառողներին վաճառվող թանկ գազի հաշվին իբրև միլիոնավոր դոլարների ծախսեր է կատարում արդիականացման, խողովակաշարերի վերանորոգման ուղղությամբ, սակայն տեղի է ունենում հակառակը՝ կորուստները նվազելու փոխարեն գնալով ավելանում են:

ՀՀ էներգետիկայի նախարարի 2007թ-ի հրամանով Հայաստանում բնական գազի փոխադրման կորստի սահմանային չափ է սահմանվել 4.84%, իսկ բաշխման սահմանային չափ է սահմանվել 3.8%-ը: Վերը նշված սահմանային չափերի ստացման վերաբերյալ որևէ կոնկրետ հաշվարկ չկա և բացակայում է տեղեկատվությունը, թե ինչպես են այդ թվերը ստացվել:

Այսպիսով, ակնառու է այն հանգամանքը, որ Հայաստանում հնարավոր է նվազեցնել բնակչությանը մատակարարվող բնական գազի սակագինն՝ առնվազն ուռճացված կորուստների կրճատման հաշվին: Մյուս գործոններից կարող են դիտարկվել գազամատակարարման և գազաբաշխման ոլորտներում ներդրումների արդյունավետությունը, կատարվող այլ ծախսերի արդյունավետությունը և նպատակահարմարությունը, ինչպես նաև՝ մատակարարվող գազի կալորիականության հետ կապված խնդիրները:

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն համատեղ ուժերով ուսումնասիրել Հայաստանի բնակիչների համար գազի գնագոյացման ամբողջ մեխանիզմը, դրա հիմքում ընկած պայմանագրային բազան և անել համապատասխան հետևություններ: Շարադրվածից կարող ենք եզրահանգել, որ գազի սակագինն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի և գազի գնի ձևավորման վրա ազդեցություն ունեցող բաղադրիչների ուսումնասիրության աշխատանքային խմբի առաջնային թիրախը պետք է լինի տեխնոլոգիական կորուստների ուռճացված մակարդակի նվազեցումը:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache