Քոչարյանը Ճիշտ Էր, Հոկտեմբերի 27-Ի Գործը «Ուչաստկովիի» Մակարդակի Է

47

Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի հորեղբորորդի Միհրան Մովսիսյանն օրերս դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ բարձրաստիճան պաշտոնյաների՝ Սերժ Սարգսյանի, Գագիկ Ջհանգիրյանի կողմից Հոկտեմբերի 27-ի գործի բացահայտումը տապալելու, ինչպես նաև իր անձին և ընտանիքի անդամներին անդառնալի կորուստներ պատճառելու մասով։

Հատուկ քննչական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ այդ դիմումի հիման վրա նյութեր են նախապատրաստվում։ Առայժմ հարուցված քրեական գործ չկա։

Միհրան Մովսիսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ 19 տարի շարունակ ինքը և իր ընտանիքը խոշտանգման են ենթարկվել «Հոկտեմբերի 27-ի խարանը իրենց վրա կրելու պատճառով», մինչդեռ ինքը բացարձակ կապ չի ունեցել 27-ի գործի հետ։ Սակայն անհիմն կերպով 1 ամիս շարունակ գտնվել է ԱԱԾ մեկուսարանում՝ առանց կարգավիճակի, առանց մեղադրանքի ու հիմքերի։ «Հուլիսի 9-ին ես նամակ եմ գրել գլխավոր դատախազին, որը հետագա քննության համար ուղարկվել է ՀՔԾ։ Ես հուլիսի 19-ին հրավիրվել եմ ՀՔԾ, տվել եմ բացատրություն, որի բովանդակությունը չեմ կարող առայժմ մանրամանսել։ Բայց կարող եմ ասել, որ 1999 թվականից ես և իմ ընտանիքը խոշտանգման ենք ենթարկվել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, այդ թվում՝ Գագիկ Ջհանգիրյանի, որը հանդիսանում էր 27-ի գործով քննչական խմբի ղեկավարը և շարժվում էր իր քմահաճույքով ու կողմնակի մարդկանց հետ քննություն էր վարում։ Դրա համար էլ առ այսօր կազմակերպիչները բացահայտված չեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մովսիսյանը։

Մեր հարցին, թե ինչու է դրա մասին բարձրաձայնում 19 տարի անց, Մովսիսյանը պատասխանեց, որ նախկինում բազմիցս դիմել է իրավապահ մարմիններին, դիմումներ է ուղարկել, լրատվամիջոցներով հայտարարություններ է արել, բայց այդպես էլ իր հայտարարությունները մնացել են անարձագանք։ «Ոչ մեկին չի հետաքրքրել իմ ճակատագիրը։ Ո՛չ Գորիկ Հակոբյանը, ո՛չ Աղվան Հովսեփյանը, ո՛չ Արամ Թամազյանը ընթացք չեն տվել իմ գործին։ Մինչդեռ ես անհիմն խոշտանգվել եմ, պատանդի կարգավիճակում գտնվել եմ ԱԱԾ մեկուսարանում, մենախցում, 1 ամիս ոչ մեկի հետ չեմ տեսակցել, ոչ էլ իմ այնտեղ գտնվելը որևէ կերպ արձանագրվել է։ Ես 27-ի գործի հետ ոչ մի կապ չունեմ, ոչ դատվել եմ, ոչ կալանավորվել եմ այդ գործով։ Իսկ եթե հակառակը պնդողները կան, ապա ես ցանկանում են այդ հարցերի պատասխանը ստանալ և՛ Սերժ Սարգսյանից, և՛ Կառլոս Պետրոսյանից, և՛ Գագիկ Ջհանգիրյանից, իսկ Գորիկ Գուրգենիչից արդեն ուշ է պատասխան պահանջելը»,- ասաց Մովսիսյանը։

Հոկտեմբերի 27-ի գործի մեղավորների, կազմակերպիչների մասին Միհրան Մովսիսյանը հակված չէր խոսել։ Ասաց, որ դա իրեն չի վերաբերում։ «Ճիշտ կլիներ, որ իրադրության փոփոխությամբ պայմանավորված վերանայվեր գործը, և կազմակերպիչների հետ կապված քննություն կատարվեր այնպես, ինչպես հիմա ակտիվ քննություն է գնում Մարտի 1-ի գործով։ Ժամանակն է, որ Հոկտեմբերի 27-ի գործով էլ քննարկվեր հետագա քայլեր անելու, քանի որ գործի քննությանը նախկինում լուրջ մոտեցում չի ցուցաբերվել անձամբ Գագիկ Ջհանգիրյնաի կողմից։ Նա գործի քննությունը միտումնավոր շեղել է ճիշտ ուղուց։ Քոչարյանը 1999 թվականին հայտարարեց, թե 27-ի գործը մի «ուչաստկովիի» մակարդակի գործ է։ Ես լինելով իրավաբան ու իրավապահ մարմնի նախկին աշխատակից, համոզված եմ, որ Քոչարյանը ճիշտ էր։ Այս գործը կարելի էր կարճ ժամանակում բացահայտել, պարզել ոչ միայն պատվիրատուներին, այլև կատարողներին»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache