Քոչարյանի առաջարկն ու բումերանգը. ՀՅԴ ընտրությունը

56

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, պատասխանելով Ազատության հարցին, թե արդյոք գործակցելու են Ռոբերտ Քոչարյանի հետ, ասել է, թե պատրաստ են գործակցել բոլորի հետ, բայց հատուկ Քոչարյանի հետ գործակցության մտադրություն եւ օրակարգ չունեն:

Հրանտ Մարգարյանը զգուշավոր է եւ չի ուզում այրել կամուրջները որեւէ ուղղությամբ: Դաշնակցությունն ունի խորհրդարանում հայտնվելու խնդիր: Սերժ Սարգսյանը չկա, որի հետ պայմանավորվել էին նախորդ տարի ապրիլի 2-ին: Դաշնակցությանը Սարգսյանի հրաժարականից հետո լքեց նրան, թեեւ կարող են ասել, որ առաջինը լքել է Սերժ Սարգսյանը՝ իր հրաժարականով:

Ռոբերտ Քոչարյանի հետ էլ կպայմանավորվեին, բայց նա չունի իշխանություն: Ունի քաղաքական հավակնություն, բայց ՀՅԴ ղեկավարի համար դա ոչ միայն քիչ է, այլ նաեւ ոչ հուսալի: Մի անգամ արդեն Դաշնակցությունը վճարել է Քոչարյանի քաղաքական հավակնության համար, երբ հույս էր դրել նրա վերադարձի վրա, մինչեւ որ ձանձրացավ ու զայրացավ այնքան, որ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Ռուստամյանն իր հարցազրույցներից մեկում հայտարարեց, թե վերադարձողը վերադառնում է՝ չի սպասում հանգամանքների: Դաշնակցությունն էլ այլեւս չսպասեց Քոչարյանին եւ պայմանավորվեց Սերժ Սարգսյանի հետ:

Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում ցույց տվեց, որ մտադիր չէ գնալ այդօրինակ պայմանավորվածությունների ճանապարհով եւ իրեն որեւէ ուժի պարտք չի համարում, բոլորն ազատ են իրենց որոշումներում եւ «ճշմարտության հետ իրենց հարաբերություններում»:

ՀՅԴ-ն պետք է ինչ որ մեկի հետ պայմանավորվի՝ խորհրդարան անցնելու համար: Միայնակ, առանձին մասնակցությամբ դա կլինի չափազանց բարդ խնդիր: Այդ մեկն օրինակ կարող է լինել Ծառուկյանը, բայց Ծառուկյանին այդ պայմանավորվածությունը պետք չէ: ՀՅԴ-ն որեւէ վճռորոշ բան չի փոխելու ԲՀԿ համար, փոխարենը լինելու է ավելորդ բեռ եւ ընտրության արդյունքը տանող ավելորդ «բերան»:

Կգտնի՞ ՀՅԴ-ն Քոչարյանից բացի այլ դաշնակից: Հավանականությունը շատ քիչ է: Մյուս կողմից, Հրանտ Մարգարյանին իհարկե պետք է հասկանալ, թե ինչ շանս ունի Քոչարյանը, որովհետեւ նրա հետ դաշնակցությունը կարող է լինել նաեւ բումերանգ:

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը արդեն իսկ անուղղակի առաջարկ արել է Դաշնակցությանը, նախօրեին տապալված ասուլիսի մասին հայտարարության մեջ ցիտելով Հրանտ Մարգարյանին, թե Հայաստանում «մտքի տեռոր» է: Հրանտ Մարգարյանն իր վիճակը տարածել էր Հայաստանի վրա: Բանն այն է, որ ներքաղաքական իրավիճակը դասավորվել է այնպես, որ այն իսկապես «տեռոր» է ՀՅԴ ներկայիս ղեկավարության մտքի համար: Այդ իրավիճակը թույլ չի տալիս միտք աշխատեցնել, որովհետեւ չկա այն, ինչին սովոր է այդ ղեկավարության միտքը՝ պայմանավորվել խորհրդարան անցնելու հարցը որոշողի հետ:

Այդ որոշողը մեծ հավանականությամբ լինելու է հանրությունը, իսկ հանրության հետ պայմանավորվելու ուղղությամբ աշխատելուն ՀՅԴ ներկայիս ղեկավարության միտքը կարծես թե այնքան էլ վարժված չէ: Այդ ղեկավարությունը նախորդ համակարգում վարժվել է իշխանության հետ զանազան գործարքների, դրանց քաղաքական ու տնտեսական քվոտաներով հանդերձ: Ընդ որում, ոչ միայն վարժվել է, այլ գործնականում նաեւ կապկպվել այդ գործարքներից բխող տարաբնույթ պարտավորություններով:

Բայց լուծումը թերեւս ավելի պարզ է: Ու դրա շնորհիվ էլ կպարզվի, որ ամենեւին էլ չկա «մտքի տեռոր»: Պարզապես, նոր իրավիճակում ՀՅԴ-ին պետք է թերեւս նոր ղեկավարություն: Իսկ այդ ներուժը կուսակցությունն անկասկած կունենա, որովհետեւ այն ունի իրապես գաղափարական նվիրյալներ ու համակիրներ, ինչը գործնականում բացառիկ երեւույթ է հայկական ներքաղաքական կուսակցական դաշտում:

Միեւնույն ժամանակ, Դաշնակցությունը նաեւ իր գաղափարախոսական ու արժեքային բովանդակությամբ պահանջված գույն է Հայաստանի ներքաղաքական ներկապնակում՝ հաշվի առնելով նաեւ այն ռազմա-քաղաքական իրողություններն ու մարտահրավերները, որ կան թե ռեգիոնալ, թե աշխարհքաղաքական մասշտաբով: Այդ գույնը պարզապես  ունի նոր իրողություններին ադապտացման եւ հանրության հետ հաղորդակցության առումով արդիականացման անհրաժեշտություն, ինչը անհնար է առանց ղեկավարության սկզբունքային սերնդափոխության:

Այդ դեպքում ՀՅԴ-ն չի ունենա որեւէ մեկի առաջարկին սպասելու եւ անցողիկ ռելս փնտրելու կարիք, այլ մյուս ուժերը կզգան ՀՅԴ կարիքը:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache