Քոչարյանի «բարաթը», որը նա պատրաստվում է օգտագործել Հայաստանի դեմ

141

1in.am — Վերաքննիչ դատարանում, որտեղ տեղի է ունենում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով քննությունը, երկրորդ նախագահի պաշտպանական կողմը՝ որպես նոր հանգամանք, ներկայացրել է բողոք՝ կապված ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի հեռախոսային զրույցի գաղտնալսման հետ։

Ըստ փաստաբան Հայկ Ալումյանի՝ ՀՔԾ պետի և ԱԱԾ տնօրենի հեռախոսազրույցի գաղտնալսումը կարելի է կապել ցանկացած մեկի հետ, քանի դեռ ապացույցներ չկան. «Ամեն մարդ կարող է յուրովի մտածել, պետական քննչական ապարատը նրա համար է, որ ճշմարտությունը բացահայտի»:

Ալումյանի խոսքերով, եթե Ռոբերտ Քոչարյանը կապ ունենար գաղտնալսման հետ, վաղուց բացահայտված կլիներ:

Իհարկե, Ալումյանն այնքան էլ անկեղծ չէ, որովհետև ԱԱԾ տնօրենը տողատակով մի քանի անգամ ակնարկել է, որ գաղտնալսման հետևում կանգնած են հասարակությանը հայտնի շրջանակները՝ մատնացույց անելով նախկին համակարգի կարկառուն դեմքերին։

Ամբողջ խնդիրն այն է, որ ԱԱԾ-ն չի կարողանում կոնկրետ փաստերով հիմնավորել Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունն այս հանցագործությանը, ինչը այս կառույցի պրոֆեսիոնալիզմի բացակայության կամ հանցագործության առանձնահատկության մասին է խոսում։

Ինչևէ, քանի դեռ հանցագործությունը բացահայտված չէ, Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները կարողանում են գաղտնալսման փաստն օգտագործել իրենց պաշտպանյալի օգտին։

Ըստ Ալումյանի, երբ բոլորը լսեցին ՀՔԾ պետի և ԱԱԾ տնօրենի հեռախոսային զրույցը, պարզ էր իրենց համար, որ դրա տակ ինչ է եղել իրականում: «Այսինքն՝ հանկարծ պարզվեց, որ առաջին ատյանի դատարանն իր որոշումը կայացրել է որոշակի ճնշումների տակ, և առաջին ատյանի դատարանը, երբ կալանավորելու մասին միջնորդություն է եղել, և լսում ենք ՀՔԾ պետի և ԱԱԾ տնօրենի հեռախոսային զրույցը, հեռախոսային խոսակցությունը, ստացվում է, որ միջնորդությունը ներկայացվել է ոչ թե օրենքով նախատեսված նպատակներից ելնելով, անձի փախուստ և այլն, այլ պարզվում է՝ միջնորդությունը եղել է կալանավորելու համար, որպեսզի անձանց ստիպեն ցուցմունք տալ»,- ասել է նա:

Ալումյանը նշել է, որ թեև նոր հանգամանքը գաղտնալսումն են ասում, բայց ինքը ասում է հեռախոսային զրույց, քանի որ պետական երկու պաշտոնատար անձինք, երբ իրենց մասնագիտական խնդիրների շուրջ են խոսում, դա անձնական կյանքի հետ ընդհանրապես կապ չունի, չի պաշտպանվում այն նորմերով: «Այս խնդիրը դրա համար մենք չենք կիսում, որ ձայնագրությունը եղել է ապօրինի»,- ասել է նա: Իհարկե, Ալումյանը «մոռանում» է, որ տվյալ պարագայում հեռախոսազրույցի ձայնագրությունն իրականացվել է արտաիրավական ճանապարհով։

Ալումյանը, փաստորեն, խիստ ուշագրավ հայտարարություն է անում։ Նա մի կողմից հերթապահ հայտարարություն է անում, որ Ռոբերտ Քոչարյանը կապ չունի գաղտնալսման հետ, մյուս կողմից՝ ասում, որ գաղտնալսումն ապօրինի չի եղել, այլ խոսքով՝ հիմքեր է նախապատրաստում հայտնի ձայնագրությունը իրավական հարթության վրա օգտագործելու համար։

Եթե ընդունենք Ալումյանի փաստարկները, ապա ստացվում է՝ գործ ունենք ոչ թե ապօրինի գաղտնալսման, այլ հեռախոսային զրույցի ձայնագրության հետ, այլ խոսքով՝ մի ապացույցի, որտեղ երևում է ԱԱԾ տնօրենի միջամտությունը դատական գործընթացին։ Համենայնդեպս, եթե նույնիսկ մեր դատարանները հեռախոսային այդ զրույցի բովանդակությունը հիմք չընդունեն, այդ փաստը հազիվ թե անտեսվի Ստրասբուրգում։ Այլ խոսքով՝ Վերաքննիչ դատարանում այսօր ներկայացրած բողոքով Քոչարյանի պաշտպանական կողմը հիմքեր է ստեղծում ՄԻԵԴ-ում երկրորդ նախագահի կալանավորման հիմքերը վիճարկելու համար։

Սակայն այստեղ խնդիրը միայն իրավական հարթության վրա չի սահմանափակվում ու չի վերաբերում բացառապես կոնկրետ քրեական գործին։ Շատ ավելի կարևոր է այն հանգամանքը, որ միջազգային կարծիք կարող է ձևավորվել, որ հեղափոխությունից հետո Հայաստանում ոչ միայն չի վերացել «զանգով արդարադատությունը», այլ նաև դրանում ներգրավված է հատուկ ծառայության ղեկավարը։ Իսկ նման կարծիքն իսկապես լուրջ հարված կլինի Հայաստանի հեղինակությանը։

Հիմա գնդակը գտնվում է Հայաստանի իրավապահների, հատկապես՝ ԱԱԾ-ի դաշտում, որոնք շատ կարճ ժամանակահատվածում պետք է կարողանան հիմնավորել ոչ միայն ապօրինի գաղտնալսման փաստը, այլ նաև, որ այն իրականացվել է Ռոբերտ Քոչարյանի շրջապատի կողմից՝ հասարակությանը ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի զրույցի պատառիկներն ընտրողաբար ներկայացնելու ու Մարտի 1-ի գործի լեգիտիմությունը կասկածի տակ առնելու նպատակով։ Այսինքն՝ պետք է հնարավորինս կարճ ժամանակում և որակյալ իրավական փաթեթավորում ստանա այն, ինչի մասին ակնարկում է Արթուր Վանեցյանը։

Եթե իրադարձություններն ընթանան այս սցենարով, ապա Ռոբերտ Քոչարյանին ոչ միայն երկրորդ մեղադրանք կառաջադրվի, այլ նաև նա կզրկվի գաղտնալսման բովանդակությունը որպես ալիբի օգտագործելու հնարավորությունից, հակառակ պարագայում՝ պատկան մարմինների ոչ պրոֆեսիոնալ գործողությունների հետևանքով կասկածի տակ կարող է դրվել Մարտի 1-ի գործի լեգիտիմությունը։ Որևէ մեկը տարակույս չունի, որ Ռոբերտ Քոչարյանն է Մարտի 1-ի կազմակերպիչը, սակայն նախաքննության մարմնի խնդիրն է այդ ամենն այնպես փաստաթղթավորել, որպեսզի միջազգային որևէ ատյան չկարողանա կասկածի տակ դնել Հայաստանի դատական համակարգի կայացրած վճիռները։




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache