Քոչարյանի գործի քաղաքական երանգը, կամ ՀՔԾ պետի ֆիասկոն

39

ՀՔԾ վարույթում գտնվող Ռոբերտ Քոչարյանի գործը, կարելի է ասել, իրավական փակուղի է մտել, և գնալով այն միայն քաղաքական բնույթի գործ է դառնում: Ասածս հիմնավորելու համար բացառապես փաստերի արձանագրում կանեմ, բայց մինչ այդ խիստ կարևոր նկատառում. գրառումս քաղաքական գնահատականների տիրույթում չէ, ուստի էս գործի հետ կապված խիստ սուբյեկտիվ ընկալումներ ունեցող ընկերներիս կխնդրեմ խիստ անձնական չընդունել:

Եվ ուրեմն՝ Ռոբերտ Քոչարյանին կանչում են հարցաքննության որպես վկա, հարցաքննությունից առաջ տեղում փոխում են կարգավիճակը և միանգամից մեղադրյալ են ներգրավվում Մարտի 1-ի գործի շրջանակներում` սահմանադրական կարգը տապալելու հոդվածով, մի գիշերվա մեջ արագ-արագ դատավարություն են «կազմակերպում», կալանավորման սանկցիան ստանում են, ու սկսվում է քարոզչական մի մեծ գրոհ էս թեմայի շուրջ:

Հանրության զգալի մասն իր քաղաքական հակակրանքը բավարարված է համարում (այդ թվում՝ նաև ես): Մինչև ՀՔԾ պետի «աստղային ելույթը» ոչ ոք չէր կասկածում, որ գործի իրավական մասն ապահովված է և խիստ հիմնավոր: Համացանցում իշխանական պրոպագանդայի գործիքներ դարձած մի քանի էլեկտրոնային ԶԼՄ-ներ սկսում են Քոչարյանին մեղադրել մարտի 1-ին տեղի ունեցած սպանությունների հրահանգը տալու, ընտրություններ կեղծելու և էլի բազմաթիվ հանցանքների մեջ՝ այդպիսով բավականին մեծ սպասումներ առաջացնելով հանրության շրջանում:

Սասուն Խաչատրյանը, չբավարարվելով Հ1-ին տված հարցազրույցով, որը, մեղմ ասած, աբսուրդ էր, մի հարցազրույց էլ տալիս է քաղաքական իշխանությունների պրոպագանդիստական ամենահայտնի գործիք «Ազատություն» ռադիոկայանին: Ազատության հարցազրույցում Սասուն Խաչատրյանն ավելի անհեթեթ մտքեր է երկնում, որից հետո ավելի պարզ է դառնում այն հանգամանքը, որ Քոչարյանին մեղադրելու իրավական հիմքերը խիստ կասկածելի են: Այս ամենը տեղի է ունենում Վերաքննիչ դատարանի նիստից առաջ, ինչն ուղղակիորեն ճնշում է դատարանի նկատմամբ: Վերաքննիչը Քոչարյանի կալանքը անթույլատրելի է համարում և վերացնում է այն իր վճռով` հիմքեր ստեղծելով քրեական հետապնդումն ընդհանրապես դադարեցնելու համար:

Դրանից հետո դատական իշխանություններին հանրահավաքից շատ բաց տեքստով սպառնում է Նիկոլ Փաշինյանը («խելքներդ գլուխներդ հավաքեք»), իսկ Քոչարյանի ազատ արձակման համար մեղադրվում են բացառապես դատավորները: Ավելին՝ Սասուն Խաչատրյանն իր հերթական անփառունակ հարցազրույցում տառացիորեն հայտարարում է, որ Քոչարյանին ազատ արձակած դատավոր Ազարյանը «ապօրինի որոշում է կայացրել»:

Այս հայտարարությունից հետո տրամաբանությունը ենթադրում է, որ Ազարյանի նկատմամբ քրեական հետապնդում պետք է սկսվի, կամ գոնե համապատասխան մարմինը դիմի ԲԴԽ-ին, բայց դա էլ չի լինում, և հերթական անգամ Սասուն Խաչատրյանի հայտարարությունը մնում է օդում կրակած փամփուշտի կարգավիճակում: Բայց Սասուն Խաչատրյանը վերոգրյալ աբսուրդներով չի սահմանափակվում և շարունակում է Քոչարյանի գործին քաղաքական երանգ տալը նաև հետագայում: Մասնավորապես, Սասունն ասում է, որ, նախաքննության գաղտնիությունից ելնելով, չի կարող հրապարակել գործի մանրամասները, բայց չի զլանում իրենց ձեռնտու մասերը բարձրաձայնել: Քոչարյանի պաշտպանական կողմն ասում է՝ կարող եք հրապարակել գործի` Քոչարյանին վերաբերող հատվածը, ՀՔԾ պետն ասում է՝ չենք կարող, բայց պետք եկած տեղն իր ուզածը հրապարակում է:

Հիմա էլ Քոչարյանի անձնագիրը տալ-չտալու մասով է ՀՔԾ-ն անհասկանալի գործողություններ անում, իսկ Քոչարյանի փաստաբանական խումբն իրավական առումով դնում ու ջարդուփշուր է անում ՀՔԾ պետի կողմից արված հայտարարություններն ու բոլոր գործողությունները: Հիմա հարց է առաջանում. ՀՔԾ-ն ինադու ամեն ինչ անում է, որ հանրությունը գնալով համոզվի, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործն ամբողջությամբ քաղաքական վրեժխնդրությո՞ւն է, թե՞ ՀՔԾ-ն կարծում է, որ, բացառապես հանրային հակակրանքի վրա հենվելով, կարողանալու է Ռոբերտ Քոչարյանին դատապարտել բարոյական հարթության մեջ, իսկ վերջում Ավարայրի ճակատամարտին հղում անելով խոսի բարոյական հաղթանակի մասին: Լուրջ, էս ամեն ինչից շատ վատ հոտ է գալիս, ու հուզականության շղարշի անցնելուց հետո Սասուն Խաչատրյանին շատ դաժան օրեր են սպասվում:

 Գրում է քաղաքագետ Նարեկ Սամսոնյանը իր ֆեյսբուքյան էջում


Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache