Քոչարյանի փակուղին, կամ՝ թալանը դուրս է գալիս ջրի երես

164

1in.am — Ռոբերտ Քոչարյանի թիմի արձագանքը ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի գաղտնալսված հեռախոսազրույցների հրապարակայնացմանը կանխատեսելի էր։ Երկրորդ նախագահի գրասենյակը հանդես է եկել ծավալուն հայտարարությամբ, որտեղ զարգացրել է Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հետապնդման ու դատարանների նկատմամբ իշխանության «բիրտ ճնշումների» թեմաները։

Տեսականորեն չի բացառվում, նույնիսկ շատ հավանական վարկած է, որ հենց Քոչարյանի շրջապատն է կանգնած այս գաղտնալսումների հետևում, ու դրանք հրապարակայնացվել են հենց այն նպատակով, որպեսզի փորձ արվի կոտրել Մարտի 1-ի գործի նախաքննության ողնաշարը։ Համենայնդեպս, երեկվա հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը սլաքներն ուղղել է հենց Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի և նրանց շրջապատների կողմը։

Իհարկե, պատկերն ամենևին էլ միանշանակ չէ։ Եթե հրապարակված հեռախոսազրույցները երկարաժամկետ հեռանկարում կարող են հարվածել իշխանության հեղինակությանը, ապա այս պահին միանգամայն հակառակ էֆեկտն են ունենում՝ հասարակությանն ավելի համախմբելով Նիկոլ Փաշինյանի ու հեղափոխության շուրջը։ Զուտ մարտավարական իմաստով սկանդալը, ըստ էության, բանտ վերադառնալու «ուղեգիր» է ապահովում Ռոբերտ Քոչարյանի համար։

Երեկվա իրադարձությունն իր հետևանքով շատ նման է ՀՀԿ խմբակցության մայիսի 1-ի դեմարշին, երբ հասարակության տոտալ մոբիլիզացիան անխուսափելի դարձրեց հեղափոխության անվերապահ հաղթանակը։ Վանեցյանի ու Խաչատրյանի գաղտնալսված հեռախոսազրույցների հրապարակայնացումը գուցե Քոչարյանի ալիբին դառնա Եվրոպական դատարանում, սակայն հիմա նրան զրկեց մանևրելու անգամ նվազագույն հնարավորությունից՝ գրեթե անխուսափելի դարձնելով երկրորդ նախագահի մոտալուտ կալանավորումը Վճռաբեկ դատարանի որոշմամբ կամ գուցե մեկ այլ գործով, որի մասին հասարակությունը տեղեկացավ երեկ։

ԱԱԾ տեսադաշտում հայտնվել են Ռոբերտ Քոչարյանի տարիների թալանը, ապօրինի հարստացումը, ու այդ առթիվ մեկ շաբաթ առաջ հարուցվել է նոր քրեական գործ՝ փողերի լվացման հատկանիշներով։

«Նույն Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի ունեցվածքի մասին կխոսենք: Երբ նա հեռուստատեսությամբ հանդես է գալիս ու հայտարարում, որ ոչ մի բան չունի, մենք փաստերով կխոսենք և կհրապարակենք, թե ով ինչ ունի և ինչպես է ձեռք բերել: Օրինակ, թե ինչպես է նա ձեռք բերել «Կոնգրես» հյուրանոցը՝ 6 միլիոն դոլար կաշառք վերցնելու արդյունքում: Մենք ունենք ցուցմունք, ունենք հիմնավոր ապացույցներ»,- երեկվա ասուլիսում ասել է Արթուր Վանեցյանը:

Նա շեշտել է, որ իրենց ձեռքի տակ է այն սխեման, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը դարձել «Կոնգրես» հյուրանոցի սեփականատեր: «Ունենք գումարի սկզբնաղբյուրը, թե որտեղից է այն եկել, ունենք տվյալները, թե ինչպես է այդ գումարը փոխանցվել Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին»,- մանրամասնել է ԱԱԾ տնօրենը: ՀՀ ԱԱԾ տնօրենը նաև հայտնել է, որ Ռոբերտ Քոչարյանի մնացած ունեցվածքի մասին էլ տվյալներ ունեն, որոնք հետագայում կներկայացնեն: ԱԱԾ տնօրենը շեշտել է, որ խոսքը 100 միլիոնավոր դոլարների մասին է:

Ռոբերտ Քոչարյանի հանցագործ դիմանկարն ամբողջանում է՝ խորհրդանշելով անցած երկու տասնամյակի քրեաօլիգարխիկ իշխանությունը։ Քոչարյանի տասնամյա նախագահության դեմքին դրոշմված է արյան ու թալանի խարանը, ու անկարելի է պատկերացնել հեղափոխության հաղթանակն առանց նրան քրեական պատասխանատվության ենթարկելու։

Խիստ ուշագրավ է, որ երեկվա հանրահավաքում հեղափոխությունից հետո թերևս առաջին անգամ Նիկոլ Փաշինյանն ամբողջովին նույնացրել է Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին՝ նրանց դնելով նույն հարթության վրա։ Երրորդ նախագահի «անձեռնմխելիության» շրջանը կարծես մոտենում է ավարտին, ու նա նույնպես անցնելու է մի քանի աղմկոտ քրեական գործերով, այդ թվում՝ Մարտի 1-ի դրվագով։ Մասնավորապես՝ երեկ հայտնի է դարձել, որ կալանք է դրվել Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի բանկային հաշիվներից մեկի վրա, որտեղ առկա է երեսուն միլիոն ամերիկյան դոլար։

Առաջիկա օրերին մեզ սպասում են աղմկոտ բացահայտումներ ու գուցե ձերբակալություններ։ Քաղաքական աշնան հիմքում նույնպես քրեական քրոնիկոնն է՝ քրեաօլիգարխիայի առանցքային ներկայացուցիչների դեմքերով։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache