Քոչարյանի ու Ալիևի փոխլրացնող օրակարգերը, կամ մոտեցող պատերազմի ուրվականը

128

1in.am — Երեկ Արցախ կատարած այցից և առաջնագծում Արցախի նախագահի, ՀՀ պաշպանության նախարարի, Զինված ուժերի շտաբի պետի և Պաշտպանության բանակի ղեկավարի հետ առաջնագծում աշխատանքային խորհրդակցություն անցկացնելուց հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան տեսաուղերձում, մասնավորապես ասել էր․ «Առաջնագծում, ընդհանուր առմամբ, բավականին լարված է, բայց կարելի է իրավիճակը կայուն համարել և վերահսկելի: ՀՀ զինված ուժերը և պաշտպանության բանակը վերահսկում են իրավիճակը»։ Վարչապետը նշել էր, որ Արցախի նախագահի և զինված ուժերի ներկայացուցիչների հետ քննարկել են ԼՂ-ի շուրջ ստեղծված ընթացիկ վիճակը, հայկական կողմի դիրքորոշումը դրա վերաբերյալ: «Հստակ արձանագրեցինք, որ չկա որևէ կասկած, որ մեր Զինված ուժերը վստահորեն վերահսկում են իրավիճակը և անհրաժեշտ պատասխանն են տալիս Ադրբեջանի զինված ուժերի սադրանքներին: Բայց դա չի նշանակում, որ մենք պատերազմ ենք ուզում կամ պատերազմ ենք հրահրում, մենք պատրաստ ենք բանակցությունների: Արցախի նախագահի հետ այդ դիրքորոշումը նույնպես քննարկեցինք: Մենք պատրաստ ենք բանակցությունների, բայց մենք պատրաստ ենք նաև պատերազմի»,- ասել է Փաշինյանը՝ նշելով, որ դա պետք է արձանագրեն և՛ Հայաստանում, և՛ դրսում։

«Մեր վստահությունը հիմնված է մեր Զինված ուժերի, մեր ժողովրդի վստահության և այսօր հաստատված բացառիկ միասնականության վրա»,- ամփոփել էր վարչապետը:

Այսօր ռուսական առաջատար մի քանի կայքեր, մասնավորապես՝ lenta.ru-ն անդրադարձել են Փաշինյանի այս խոսքերին։

Ի դեպ, ուշագրավ է, որ ռուսական կայքը հիշեցրել է նաև հուլիս ամսին Նիկոլ Փաշինյանի խոսքերը, երբ վարչապետը վստահություն էր հայտնել, որ Ռուսաստանն ունի բոլոր հնարավորությունները նոր պատերազմ թույլ չտալու համար։ «Ես ոչ մի կերպ չեմ կարող հավատալ, որ մեր ռազմավարական գործընկերը թույլ կտա պատերազմ»,- երկու ամիս առաջ ասել էր Փաշինյանը։

Կարելի է ենթադրել, որ լրատվամիջոցը ցանկացել է ընդգծել Նիկոլ Փաշինյանի շեշտադրումների որոշակի, սկզբունքային փոփոխությունը։ Եթե Հայաստանի վարչապետը երեկ խոսել է այն մասին, որ Հայաստանը պատրաստ է նաև պատերազմի, ապա, ըստ ամենայնի՝ հիմա այնքան էլ վստահ չէ, որ Ռուսաստանը կարող է կամ ուզում է կանխել պատերազմը։ Այդպե՞ս է արդյոք, թե՞ ոչ՝ դժվար է միանշանակ պատասխան տալ այս հարցին, սակայն ակնհայտ է, որ հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամը դեռ շարունակվում է, Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո՝ գուցե լատենտ, ավելի քիչ ընդգծված, և այդ իրավիճակից առավելագույնը փորձում է օգտվել Ադրբեջանը՝ շեշտակի մեծացնելով լարվածությունն առաջնագծում ու վերջին օրերին թիրախավորելով Հայաստանի պետական սահմանը։

Մեկ այլ ուշագրավ հանգամանք ևս չվրիպեց մեր ուշադրությունից։ Այսօր lenta.ru-ն հետևողականորեն ներկայացրել է թե՛ Երևանի և թե՛ Բաքվի փոխադարձ կոշտ հայտարարությունները, կարծես՝ հանրային կարծիքը նախապատրաստելով հայ-ադրբեջանական նոր պատերազմի վերսկսմանը։ Պատահականությո՞ւն է սա, թե՞ Ռուսաստանի իշխանության կոնկրետ շրջանակների որոշակի քաղաքականության դրսևորում՝ դժվար է ասել։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Հայաստանի զինված ուժերը չեն կարող մրցակցել Ադրբեջանի բանակի հետ, որովհետև, նրա կարծիքով, Հայաստանը գտնվում է ծանր իրավիճակում։ Ադրբեջանի նախագահը, թերևս, նկատի ունի ներքին ու արտաքին խնդիրները, որոնք առաջացել են հետհեղափոխական Հայաստանում։

Մի քանի օր առաջ Երևանի Շենգավիթ համայնքում տեղի ունեցած հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը կոշտ գնահատականներ էր հնչեցրել Ալիևի իշխանության հասցեին։ Ադրբեջանի նախագահն այսօր, ըստ ամենայնի, պատասխանել է Փաշինյանին։

Ալիևն ասել է, թե քսանամյա տիրապետությունից հետո Հայաստանում տապալվել է «քրեական դիկտատուրայի» ռեժիմը։ «Ես բազմիցս ասել եմ, որ Հայաստանը ղեկավարում է բանդիտների խումբը, այսօր այդ մասին խոսում է ողջ հայ ժողովուրդը։ Բայց, ցավոք, նոր մարդիկ, որոնք Հայաստանում եկել են իշխանության, հանդես են գալիս հիմար հայտարարություններով և կատարում են քայլեր, որոնք մեծացնում են լարվածությունն առաջնագծում, հայ-ադրբեջանական սահմանին»։ Ադրբեջանի նախագահը վերջին օրերի լարվածության իր վարկածն է առաջ քաշել՝ ակնհայտորեն կեղծելով իրականությունը և նշելով, թե ադրբեջանական կողմը ուժեղ հակահարված է տվել Հայաստանին։ Ալիևն իր խոսքում չի էլ թաքցրել, որ նախապատրաստվում է պատերազմի՝ բանակի, տնտեսական պոտենցիալի և երկրի միջազգային դիրքերի ամրապնդման ճանապարհով։

Խիստ ուշագրավ է, որ հենց այսօր Հայաստանի հասարակությանը պատերազմի սպառնալիքով վախեցրել է նաև Ռոբերտ Քոչարյանը՝ ռուսական «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում։ Խոսելով հարևան երկրների հետ հարաբերությունների մասին՝ պաշտոնաթող նախագահն ասել է, որ դա «պոտենցիալ պատերազմ է, որը կարող է բռնկվել ցանկացած պահի»։ Քոչարյանը նաև հավելել է, որ աշխարհաքաղաքական ցանկացած սխալ քայլ ուղղակի սպառնալիք է Հայաստանի անվտանգությանը։

Ինչպես տեսնում ենք՝ Քոչարյանի ու Ալիևի շեշտադրումները միմյանցից քիչ են տարբերվում, նրանք երկուսն էլ, իհարկե տարբեր նպատակներով, խաղադրույք են կատարել հայ-ռուսական խնդրահարույց հարաբերությունների վրա․ Քոչարյանը հետևողականորեն անվստահություն է սերմանում Պուտին-Փաշինյան հարաբերութուններում, ինչից օգտվում է Ալիևը՝ ուժեղացնելով ռազմատենչ հռետորաբանությունը։

Ամբողջ խնդիրն այն է, որ պատերազմի վերսկսման ռիսկերը մեծացել են, ինչը մի շարք գլոբալ, տարածաշրջանային նաև՝ երկու երկրների ներքին պրոբլեմների հետևանք է, ու ռուսական լրատվամիջոցները նոր պատերազմի հավանականության մասին բացահայտ ակնարկներ են անում՝ հակամարտ կողմերի առաջնորդների շուրթերով հասարակություններին նախապատրաստելով իրադարձությունների նման զարգացմանը։ Չնայած՝ ինֆորմացիոն ֆոնը նույնիսկ արհեստական չէ, որովհետև պատերազմի ուրվականն ավելի հաճախ է թակում մեր դուռը․ այսօր՝ ժամը 13։30-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պատասխանատվության տարածքում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կողմից արձակված կրակոցից պարանոցի շրջանում հրազենային գնդակային վիրավորում է ստացել պայմանագրային ժամկետային զինծառայող, շարքային Հայկազ Մաթևոսյանը, որը զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache