Լրահոս

Քրեա-օլիգարխիայի նոր հնարքը միլիարդները փրկելու համար

 

arm147160103068

lragir.am -Հրապարակ օրաթերթը տեղեկություն է հրապարակել, որ օգոստոսի 12-ին Սոչիում ԵՏՄ վարչապետների հավաքի ժամանակ Հայաստանի մասով ձեռք է բերվել կարեւոր պայմանավորվածություն: Խոսքն ազատ տնտեսական գոտու հնարավորության մասին է: Ըստ տեղեկության, ԵՏՄ վարչապետները պայմանավորվել են, որ ԵՏՄ տարածքում չպետք է լինեն արտոնյալ գոտիներ, բայց Հայաստանի մասով հաջողվել է հասնել վերապահման եւ կորզել համաձայնություն, որ այստեղ կարող են լինել ազատ գոտիներ, մասնավորապես Սյունիքում՝ Իրանի հետ սահմանին:Հայաստանի կառավարության համար դա իհարկե եզակի հնարավորություն է ցույց տալ, որ ԵՏՄ վարչապետների հավաքը Հայաստանի համար ունեցել է ինչ որ դրական նշանակություն: Եթե իհարկե այդ հավաքում իսկապես եղել է այդպիսի խնդիր, եւ ԵՏՄ վարչապետների համար որեւէ նշանակություն ունեցել է Հայաստանում ազատ գոտի լինել-չլինելը:Բանն այն է, որ այդ հանգամանքն իսկ կասկածելի է, թե կարող էր ինչ որ ջանք պահանջվել Հայաստանի համար բացառություն անելու տեսանկյունից: Բանն այն է, որ Հայաստանը որպես ԵՏՄ անդամ գործնականում որեւէ հետաքրքրություն չի ներկայացնում մյուս անդամների համար: Թեկուզ այն պարզ պատճառով, որ Հայաստանը ԵՏՄ հետ ունի ընդհանուր մի մազ՝ Լարսի ճանապարհը, որն էլ տարին մի քանի անգամ կտրվում է եւ հարկ է լինում նորից «երկարացնել»:Ըստ այդմ, Հայաստանի ազատ տնտեսական գոտի կոչվածը գործնականում հետաքրքիր չէ թե ԵՏՄ, թե այլ ներդրողների համար: Որովհետեւ Հայաստանը ԵՏՄ ծայրագավառն է, վերածվել է փակուղու, որին ոչինչ չի շողում: Եվ դա հստակ ցույց տվեց նաեւ Պուտինը, ակնարկելով, որ Հայաստանը պետք է յոլա գնա նրանով, ինչ այժմ կա: Իսկ ըստ Պուտինի, այժմ կա ՀՆԱ 10 տոկոս աճի պոտենցիալ: Աճեցրեք եւ յոլա գնացեք, փաստացի ազդարարեց Հայաստանի տնտեսա-քաղաքական հովանավորը:Դրանից հետո իհարկե կառավարությանը խիստ անհրաժեշտ է ցույց տալ գեթ մի որեւէ դրական բան ԵՏՄ-ից: Այլապես մնում է խոստովանել, որ մեզ նույնիսկ գրողի ծոցը չեն ուղարկել, այլ հանձնարարել են յոլա գնալ եղածով:Բանն այն է, որ Պուտինի հայտարարությունից երկու օր անց տեղի ունենալիք վարչապետների հավաքին Հայաստանն ուներ ընդամենը երկու անելիք՝ կամ հստակ հայտարարել, որ Պուտինը ներկայացրել է կեղծ վիճակագրություն եւ ներկայացնել Հայաստանի համար ԵՏՄ արդյունավետության պահանջներ, կամ հայտարարել ԵՏՄ անդամակցության վերանայման հարցը դիտարկելու մտադրության մասին՝ առնվազն դիտարկելու մտադրության:Հովիկ Աբրահամյանը չարեց թե մեկը, թե մյուսը: Մնում է ինչ որ կերպ ցույց տալ ինչ որ արդյունք: Ազատ տնտեսական գոտու տարբերակն ամենահարմարն է, նկատի առնելով այն, որ դա տեւականություն ենթադրող երեւույթ է, մեծ հաշվով չի պահանջում մոտալուտ առարկայական շոշափելիություն, միշտ հնարավոր է ասել, թե դրա ձեւավորման ուղղությամբ աշխատանքն ու քննարկումը շարունակվում են:Ընդհանրապես ազատ տնտեսական գոտի հասկացությունը Հայաստանում սպառնում է վերածվել տնտեսա-քաղաքական ծուղակի, որում փորձ է արվում գցել հանրությանը եւ փրկել քրեա-օլիգարխիան:

Բանն այն է, որ Հայաստանի տնտեսությունն ավելի շատ ունի ոչ թե ազատ տնտեսական գոտու, այլ ազատ մրցակցության անհրաժեշտություն, երբ իշխանությունը չի միջամտում բիզնեսին, իսկ մրցակցությունը կարգավորվում է սեփականության պաշտպանության իրավունքի գերակայությամբ եւ իրական արդարադատությամբ, որի միջոցով մղվում է պայքար կոռուպցիայի, մենաշնորհների, հովանավորչության դեմ:Ի՞նչ է նշանակում ազատ տնտեսական գոտի Հայաստանում: Դա նշանակում է մնացյալ գոտիների «անազատության» լեգիտիմացում: Ձեւավորվելիք, կամ քննարկվելիք ազատ տնտեսական գոտիների գաղափարներով փաստացի օրակարգից, հանրային ենթագիտակցության կամ անգամ գիտակցության մակարդակով դուրս է բերվում ընդհանրապես Հայաստանի տնտեսության ազատության եւ ազատականության հարցը: Իսկ դա նշանակում է այդ տնտեսությունը յուրացրած քրեա-օլիգարխիկ մի քանի բեւեռների գործունեության լեգիտիմացման նոր շերտ: Քրեա-օլիգարխիկ տնտեսա-քաղաքական համակարգը ներկայում ունի այդպիսի շերտերի անհրաժեշտություն, քանի որ բավական լրջացել են թե տնտեսական, ռեսուրսային, թե նաեւ աշխարհքաղաքական, աշխարհակարգային մարտահրավերները:Այդ թվում թե քաղաքական սուբյեկտության պատասխանատվության տեսքով, ինչպիսին ենթադրվում է թեկուզ դե յուրե ինքնիշխան պետականության պարագայում, թե նաեւ տնտեսա-քաղաքական ռեսուրսային այնպիսի գործընթացների, ինչպիսիք օրինակ օֆշորային հաշիվների գաղտնազերծման, կամ Հայաստանի իշխանության այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյայի հետ առնչություն ունեցող անձանց արտասահմանյան գործունեության բացահայտման տեսքով:Առկա է երկու բավական խորքային ճնշող համակարգ՝ մեկը այդ մարտահրավերները, մյուսը՝ ներքին տնտեսական իրավիճակը, որը պահանջում է ռեսուրսներ, ինչը անհրաժեշտ կամ ցանկալի ծավալով մերժում են թե Արեւմուտքը, թե Ռուսաստանը: Հայաստանի քրեա-օլիգարխիայի համար առաջանում է արտերկիր արտահանված միլիարդները ինչ որ կերպ փրկելու անհրաժեշտություն, մյուս կողմից այդ քրեա-օլիգարխիան ավելի ու ավելի է մոտենում Հայաստանի տնտեսական կայունությունը սեփական փողերով պահելու մեծացող անհրաժեշտության:Այդ դեպքում ազատ տնտեսական գոտիները կլինեն փրկօղակ: Մի կողմից դրանք կլեգիտիմացնեն տնտեսության ամբողջական համակարգի քրեա-օլիգարխիզացիայի հանգամանքը, մյուս կողմից կլինեն այն գոտիները, ուր կվերադարձվի արտերկրում վտանգի տակ ենթարկված կապիտալի որոշակի մասը՝ չենթարկվելով Հայաստանում պետական պատասխանատվության:Այսինքն՝ երկուսը մեկում:Ազատ տնտեսական գոտին որպես տնտեսական գաղափար իհարկե քննարկելի, ողջունելի, կիրառելի է: Այն հաջողություն է բերել տարբեր պետությունների: Սակայն, խնդիրը այն է, որ դա ամենեւին ունիվերսալ եւ միարժեք բանաձեւ չէ: Իսկ Հայաստանի դեպքում, ազատ տնտեսական գոտու անհրաժեշությունը հասկանալու համար նախ անհրաժեշտ է ազատել եւ ազատականացնել Հայաստանի տնտեսությունը մինչեւ ուղն ու ծուծը կոռումպացված քրեա-օլիգարխիկ համակարգից, բացել Հայաստանի հասարակության ստեղծագործական ներուժի ազատ դրսեւորման ճանապարհները, եւ միայն դրա արդյունքի անբավարարության դեպքում պարզ կլինի՝ լրացնել այդ ամենն ազատ տնտեսական գոտիներով, թե ոչ:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing