Լրահոս

«Քրոջդ հեռախոսի համարն ասա՛». Առաջնագծում զինվորին ստորացրել, նվաստացրել են․ նա ինքնասպան է եղել

 

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ ընթանում է Մհեր Մ.-ի և Պարույր Հ.-ի գործով դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ Մհեր Մ.-ն, լինելով ժամկետային զինծառայող, պարբերաբար նվաստացրել է համածառայակից, շարքային Գևորգ Ա.-ի արժանապատվությունը:

2016 թվականի մարտի 29-ից մարտական հերթապահության մեջ ընդգրկված լինելով՝ Մհերն ու Գևորգը նույն հենակետում են իրականացրել հերթապահությունը:

Մարտի 30-ին Գևորգ Ա.-ն հենակետում որպես դիտորդ ծառայության ժամանակ, ըստ Մհերի, քնել է կրակակետում, իսկ երբ Մհերը դիտողություն է արել, Գևորգը չի ընդունել, որ քնած է եղել կրակակետում:

Մհեր Մ.-ն հայհոյանքներ է տվել Գևորգի հասցեին:

Նույն օրը մարտական հենակետում Մհերը Գևորգից պահանջել է նրա քրոջ հեռախոսահամարը: Գևորգը ինչ-որ հեռախոսահամար է տվել, պարզվել է՝ սխալ համար է եղել:

Սխալ հեռախոսահամար տալու պատճառով Մհեր Մ.-ն, ըստ մեղադրանքի, դարձյալ հայհոյանքներ է տվել Գևորգի հասցեին, նվաստացրել է նրա արժանապատվությունը, ինչը հանգեցրել է ծանր հետևանքի:

2016 թվականի ապրիլի 1-ին, առավոտյան ժամը 7-ից 9-ն ընկած ժամանակահատվածում Գևորգ Ա.-ն, ծառայության ընդգրկված լինելով առաջնագծում՝ որպես դիտորդ, իրեն ամրակցված գնդացիրով մենահատ կրակոց է արձակել իր բերանի շրջանում, ինքն իրեն պատճառել է միջանցիկ մահացու հրազենային վիրավորում և ինքնասպան է եղել:

Մհեր Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ինքնասպանության հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով:

Նույն տուժողի՝ Գևորգ Ա.-ի նկատմամբ ծառայության ընթացքում բռնություն գործադրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1-ին մասով, մեղադրանք է առաջադրված նրա ևս մի ծառայակցի՝ Պարույր Հ.-ին:

Ըստ մեղադրանքի՝ Պարույր Հ.-ն, լինելով ժամկետային զինծառայող, ստորադասության հարաբերությունների բացակայության պայմաններում խախտել է ներքին ծառայության կանոնագրքի համապատասխան կանոնները և 2016 թվականի մարտի 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում գումարտակի ծխարանում իր հասցեին վիրավորական արտահայտություն անելու հետ կապված՝ բռնություն է գործադրել համածառայակից, շարքային Գևորգ Ա.-ի նկատմամբ՝ բռունցքով հարվածել է նրա դեմքին՝ պատճառելով կապտուկ:

Ըստ դատական տեղեկատվական համակարգի՝ Պարույր Հ.-ի խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին, իսկ Մհեր Մ.-ն հանձնված է հրամանատարության հսկողությանը:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

hing.am

hing.am