Լրահոս

Կլոունադան ավարտվեց

 

Ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովն ասում է, որ Հայաստանն ունի ապագայի երկու տեսլական. առաջինը՝ լինել Եվրասիական տնտեսական միության կամ Եվրոպական միության կազմում, երկրորդը՝ չլինել ինտեգրացիոն որևէ կառույցի անդամ:
«Հայաստանի հարևաններից Եվրոպական միության անդամակցության ճանապարհով են գնում Վրաստանը և Թուրքիան: Հայաստանը ուզո՞ւմ է մի կառույցի անդամ լինել, որի անդամ կարող է դառնալ Թուրքիան, թե՞ ուզում է մնալ ինքնիշխան պետություն: Եվրամիությանն անդամակցել նշանակում է անդամակցել տարածքով: «Ելք»-ը պիտի այդ առաջարկությունը կատարելիս հարց բարձրացնի՝ հրաժարվելով Հայաստանից և ընտրելով Եվրամիության ճանապարհը, Հայաստանը պատրա՞ստ է բացել իր սահմանները Թուրքիայի հետ: Եվրոպական ինտեգրացիան նշանակում է Թուրքիայի հետ բաց սահմաններ»:
Կոլերովը հայտնի քաղաքագետ է, մասնավորապես հայկական թեմաներով, ով նաեւ որոշակի դեր է ունեցել հայկական ներքաղաքական գործընթացներում: Մասնավորապես, Հայաստանում «բուրժուա-դեմոկրատական հեղափոխության» եռուն շրջանում նա հարցազրույց էր տվել ու հայտարարել, թե ովքեր ուզում են Մոսկվայի օգնությամբ իշխանության գան Հայաստանում, կլոուններ են: Դրանից հետո Սերժ Սարգսյանը ցրեց «կրկեսը», բայց մինչ այդ «բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունն» արդեն հասցրել էր անել իր բաժին սեւ գործը Հայաստանը ԵՏՄ խցկելու մասով:
Եվ ահա, այս իրադարձություններից երկու տարի անց Կոլերովը խոսում է արդեն ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու եւ առավել եւս ԵՄ-ին ինտեգրվելու հեռանկարների մասին:
Պետք է նշել, որ Կոլերովն այս հարցում կորցրել է թարմությունն ու ինքնատիպությունը, թեեւ նա այդքան էլ մեղավոր չէ: Պարզապես երկու տարվա մեջ սպառվել են բոլոր հնարավոր ու անհնար փաստարկները:
Կա մի կարեւոր հանգամանք եւս՝ ԵՏՄ-ին անդամակցելն ինքնին Հայաստանում կլոունադա էր իր բոլոր դրսեւորումներով՝ արդարացումներով, փաստարկներով, հաշվարկներով, եւ գուցե այլ կերպ հնարավոր էլ չէր՝ մի կողմից հայաստանյան քաղաքականության, մյուս կողմից՝ քաղաքական կոչվող գործիչների որակների պատճառով:
Թեեւ, հանուն արդարության պետք է նշել որ եվրասիական տարածքում պրո-ռուսական տնտեսական ու ռազմաքաղաքական բլոկներն ինքնին կլոունադա են հիշեցնում, ընդ որում՝ գնալով ավելի ու ավելի շատ, երբ շուտով ուժի մեջ կմտնեն նոր սահմանափակումները:
Ընդամենը երկու տարում սպառվեցին բոլոր փաստարկները, եւ դա ԵՏՄ-ի թերեւս միակ իրական օգուտն էր հայ հանրությանը՝ իրականության հանդեպ քիչ ինչ ավելի իրատես հայացք ձեւավորելու, միֆերից ու կարծրատիպերից քիչ ինչ ձերբազատվելու, տեսակետից:
Ռուսաստանը Հայաստանում կորցրել է ամենակարեւորը՝ հանրային վերաբերմունքը Հայաստանում քրեական ռեժիմների աջակցության, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ Հայաստանի շահերի հաշվին հարաբերություններ կառուցելու եւ այլ պատճառներով: Որքան էլ մեծ լինի Մոսկվայի ազդեցությունն իշխող համակարգի ու տնտեսության վրա, այդ ազդեցությունը զրկվել է ամենակարեւոր հիմքից՝ վստահությունից:
Կլոունադան այդ իմաստով ավարտվել է, եւ զուր չէ, որ հաճախացել են արեւմտյան առաջարկները Հայաստանին, ինչպես նաեւ խոսակցությունները ԵՏՄ-ից դուրս գալու մասին:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing