good-banner
Լրահոս

Կոլերովը սպառնում է. Հայաստանը կոչնչացվի, եթե Ռուսաստանն ու Արևմուտքը ընդհանուր մոտեցում չունենան Ղարաբաղյան հարցում

 

826e8830e68c4d16d6918db197067a8d

yelaket.am -«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքագետ Մոդեստ Կոլերովը:

– Պարոն Կոլերով, ի՞նչ նոր միտումներ եք տեսնում Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում՝ հաշվի առնելով օգոստոսի 8-10-ը կայացած հանդիպումները Ռուսաստանի և Ադրբեջանի, Ռուսաստանի և Թուրքիայի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև: Ո՞ր փուլում է այսօր հիմնախնդրի կարգավորումը:

– Հիմա ամենասկզբնական փուլն է, քանի որ ապրիլյան պատերազմը վերադարձրեց կարգավորումը գրեթե զրոյի մակարդակին, և կողմերը ստիպված եղան նորից սկսել հակամարտության կարգավորումը: Դրանից հետո Ռուսաստանի ակտիվ մասնակցությունը կարգավորման նոր փուլին Վիեննայի հանդիպումից հետո կարելի է ձևակերպել կարճ բանաձևով, որն օգտագործեց նախագահ Պուտինը: Ռուսաստանի նախագահը առաջին անգամ այդքան արմատական հստակությամբ հավասարության նշան դրեց հակամարտության երկու՝ հայկական և ադրբեջանական կողմերի և երկու շահերի միջև: Նա առաջին անգամ շատ հստակ հայտարարեց, որ անհրաժեշտ է գտնել հավասարակշռություն տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքների միջև: Սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը այլևս բացարձակ առաջնահերթություն չէ Ռուսաստանի համար, և սա ամենագլխավոր արդյունքն է:

Սրանից կարելի է եզրակացնել, որ փոխզիջման բանաձևը կարող է լինել Լեռնային Ղարաբաղին անկախություն տալը ինչ-որ պայմանների դիմաց: Սա ամենագլխավոր արդյունքն է:

– Այդ դեպքում ինչո՞ւ են ոչ պաշտոնական դեմքերը Ռուսաստանից կամ այլ կողմեր, օրինակ՝ Ադրբեջանը և իր դաշնակից Թուրքիան, շեշտը դնում առաջին հերթին «տարածքները վերադարձնելու» հարցի վրա: Նրանք ասում են՝ թող Հայաստանը հանձնի 5 շրջանները, հետո կմտածենք:

– Ադրբեջանի այդ դիրքորոշման մեջ որևէ նոր բան չկա: Բայց ես կրկնում եմ՝ Պուտինը կոչ է արել փոխզիջում գտնել երկու սկզբունքների՝ տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման միջև: Սա նշանակում է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը այլևս բացարձակ նշանակություն չունի Ռուսաստանի համար:

Ինչ վերաբերում այս հարցում Թուրքիայի դիրքորոշմանը, ապա կարելի է այն անտեսել, քանի որ Թուրքիան չի մասնակցում կարգավորման գործընթացին:

– Բայց Ռուսաստանը քննարկում է Ղարաբաղյան հարցը Թուրքիայի հետ: Սա տարօրինակ չէ՞, եթե հաշվի առնենք, որ հայկական կողմն անընդունելի է համարում Թուրքիայի մասնակցությունը գործընթացին:

– Ռուսաստանը քննարկում է Ղարաբաղյան հարցը բոլոր նրանց հետ, ովքեր կարող են ազդել իրավիճակի վրա: Քանի որ Թուրքիան Ադրբեջանի ռազմական դաշնակիցն է, ապա Թուրքիայի հետ Ղարաբաղյան հարցը քննարկելն անիմաստ չէ:

– Իսկ ի՞նչ դիրքորոշում ունի Ռուսաստա՛նը տարածքների հանձման հարցի վերաբերյալ՝ նկատի ունենալով շրջանառվող տեղեկությունները «Լավրովի ծրագրի» կամ կարգավորման ռուսական ծրագրի մասին, որով առաջարկվում է հանձնել 5 շրջանները՝ Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի դիմաց:

– Նման տեղեկություն չկա: Պաշտոնական այդպիսի տեղեկություն չկա 5 շրջանների և այլնի մասին: Այն հորինվել է:

– Այդ դեպքում ո՞րն է բանակցությունների տրամաբանությունը: Ի՞նչ են քննարկում Պուտինը, Ալիևը, Սարգսյանը հանդիպումների ժամանակ:

– Ամենագլխավորը, որ այսօր քննարկվում է, փոխզիջման բանաձևն է, թե ի՞նչ զիջումների պիտի գնա հայկական կողմը և ի՞նչ զիջումների պիտի գնա ադրբեջանական կողմը: Ես կարծում եմ, որ Ադրբեջանի կողմից փոխզիջումը Լեռնային Ղարաբաղի անկախությունն է, իսկ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի փոխզիջման բանաձևը տարածքային զիջումներն են, որոնք իրենք կհստակեցնեն:

– Բայց Ադրբեջանը հայտարարում է, որ երբեք չի համաձայնի անկախ Լեռնային Ղարաբաղի գոյությանը, իսկ Հայաստանը պաշտոնապես հայտարարել է, որ դեմ չէ որոշ տարածքային զիջումներին, եթե Ադրբեջանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Այս պայմաններում ինչպե՞ս կարելի է հասնել փոխզիջման:

– Եթե զիջումներ չլինեն, խնդրի լուծումը կհետաձգվի:

– Ուրեմն կարող է նոր պատերա՞զմ լինել:

– Այո, կարող է լինել, բայց ներկայիս ստատուս-քվոն՝ Լեռնային Ղարաբաղի փաստացի պետականության ստատուս-քվոն, աշխատում է Լեռնային Ղարաբաղի օգտին: Որքան ավելի երկար գոյություն ունի Լեռնային Ղարաբաղը՝ որպես դե ֆակտո անկախ պետություն, այնքան ավելի ամուր են նրա դիրքերը ապագա կարգավորման մեջ:

– Ապրիլյան պատերազմից հետո բանակցությունները Ղարաբաղյան հակամարտության շուրջ նվիրված էին հիմնականում անվտանգության մեխանիզմների ստեղծմանը կամ ամրապնդմանը շփման գծում, բայց Սանկտ Պետերբուրգի հանդիպումից հետո այդ հարցերը աստիճանաբար դուրս եկան օրակարգից, և հիմա քննարկվում են միայն կոնկրետ կարգավորման հարցերը՝ տարածքային զիջումներ, կարգավիճակի հարց և այլն: Ինչո՞վ եք բացատրում այս փոխակերպումը:

– Ես արդեն ասացի, որ ապրիլյան պատերազմը վերադարձրեց կարգավորումը սկզբնական դիրքերին, այդ պատճառով առաջին հերթին անհրաժեշտ էր լուծել հրադադարի հաստատման, անվտանգության հարցերը, և միայն դրանից հետո քննարկել կարգավորման բուն նախագիծը: Այժմ, երբ հույս կա, որ զինադադարը Լեռնային Ղարաբաղի շուրջ գործում է, կարելի է նաև բարձրացնել կարգավորման հարցերը:

– Դուք ասում եք, որ կողմերը բանակցությունների ընթացքում քննարկում են խնդրի լուծման փոխզիջումային տարբերակներ, բայց կարծում եք, որ կարգավորման ռուսական ծրագիր գոյություն չունի: Այդ դեպքում ո՞ր փաստաթուղթն է այսօր քննարկվում, ի՞նչ է դրված բանակցությունների սեղանին:

– Կողմերը քննարկում են բոլոր այն փաստաթղթերը, որոնք մշակվել են կարգավորման նախորդ փուլերի ընթացքում, նորացված Մադրիդյան սկզբունքներ, կազանյան հռչակագիր: Այժմ քննարկվում է Մինսկի խմբի համանախագահների՝ դեռ նախորդ տարի արված նոր առաջարկը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի բարձրացման հարցը՝ որպես կարգավորման կողմ: Վերջ: Որևէ այլ բան չկա, և համանախագահներն առանձին չեն գործում. նրանք համերաշխ են իրենց դիրքորոշումներում:

– Փորձենք գնահատել գործընթացը Ռուսաստանի քաղաքականության տեսանկյունից: Ինչո՞վ է բացատրվում Ռուսաստանի շատ ակտիվ ներգրավումը կարգավորման գործընթացին հատկապես վերջին ամիսներին և այն, որ Մոսկվան սկսել է քննարկել Ղարաբաղյան հարցը առանձին ձևաչափերով՝ Մինսկի խմբի եռանախագահների ձևաչափից դուրս:

Եթե հաշվի առնենք Պուտինի հայտարարությունը Սերժ Սարգսյանի հետ ասուլիսի ժամանակ, որ ինքն անիմաստ է համարում Ուկրաինայի հարցով բանակցությունները նորմանդական ձևաչափով (ինչը փաստորեն նշանակում է հրաժարում Արևմուտքի հետ երկխոսությունից), կարո՞ղ ենք եզրակացնել, որ Ռուսաստանը կարող է հրաժարվել Արևմուտքի հետ երկխոսությունից նաև Ղարաբաղյան հարցում:

– Ոչ, չի կարելի այդպիսի եզրակացություն անել, որովհետև որևէ հիմք չկա նման եզրակացություն անելու համար: Դա հորինված եզրակացություն է: Կրկնում եմ՝ համանախագահները միասնական դիրքորոշում ունեն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի բարձրացման վերաբերյալ: Սա ընդհանուր դիրքորոշում է, որի մասին բազմիցս հայտարարվել է: Ֆրանսիայի նախագահի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի ներկայացուցիչների հանդիպումները կողմերի հետ հավելյալ հանդիպումներ են, համանախագահները հերթականությամբ փորձում են օգնել հիմնախնդրի կարգավորման գործին:

– Շատ լավ, բայց եթե Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունները վատթարանում են, դա չի՞ ազդում այս հարցի վրա:

– Եթե Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունների վատթարացումը կարող է ինչ-որ կերպ անդրադառնալ Ղարաբաղյան կարգավորման վրա, ապա Հայաստանը կոչնչացվի որպես պետություն: Ես զարմանում եմ, որ մարդիկ Հայաստանում կարող են ինչ-որ խաղ խաղալ դրա վրա: Եթե Ռուսաստանը և Արևմուտքը ընդհանուր մոտեցում չունենան Ղարաբաղյան հարցում, Հայաստանը կոչնչացվի՝ որպես պետություն…

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing