«Կոմունալային տեռոր». ո՞վ է պատասխան տալու սրա համար

0

Քաղաքացիները երեք օր ունեն փետրվար և մարտ ամիսների կոմունալները վճարելու համար։ Եթե չվճարեն, ապրիլի 27-ից «Գազպրոմ Արմենիան» և «Հայաստանի էլեկտրական ցանցերը» կդադարեցնեն բնակիչների գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը:

Այս ընկերություններն այդ մասին արդեն տեղեկացրել են իրենց կայքերում՝ հղում կատարելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա հայտարարությանը: Իսկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ ավելի վաղ հայտարարել է, որ կոմունալ ծառայությունների դիմաց վճարումները կատարելուն խոչընդոտող ֆորս-մաժորը այսօրվանից համարվում է վերացած, և հորդորում է բոլոր բաժանորդներին կատարել կոմունալ վճարումները՝ անխափան մատակարարում ապահովելու համար:

Ըստ հանձնաժողովի՝ ֆորս-մաժորը վերացված է համարվում, քանի որ պարետի կողմից հայտարարված սահմանափակումները գործունեության մի շարք տեսակների համար վերացել են, և էապես մեղմվել է սոցիալապես անապահով և խոցելի բնակիչներին մատուցված կոմունալ ծառայությունների դիմաց վճարման խնդիրը:

Ավելորդ է ասել, որ անկախ հորջորջվող հանձնաժողովի ու օպերատորների հայտարարությունները երեկ բուռն արձագանք էին հարուցել մեր հասարակության շրջանում՝ հարուցելով վերջինիս բնական զայրույթը։

Խնդիրն այստեղ դիտարկելի է մի քանի հարթության վրա, մանավանդ, որ ՀԾԿՀ-ն հղում է անում պարետատանը, իսկ կառավարությունը երեկ համարժեք արձագանք չի տվել տեղի ունեցածին։

Ֆորմալ առումով՝ երկրում արտակարգ դրության ռեժիմը վերացված չէ, գործում է մինչև մայիսի 14-ը, իսկ դա նշանակում է, որ ֆորս-մաժորը վերացված չի կարող լինել հենց իրավական առումով։ Հակառակ ցանկացած պնդում հակադրության մեջ է մտնում ոչ միայն իրավունքի, այլ նաև բանականության հետ։

Մյուս կողմից՝ իմիտացվում է, թե երկրում հաղթահարվել է կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամը։ Այս հարցում, ցավոք, չենք կարող մեղադրել միայն հանձնաժողովին։ Դա քաղաքականություն է, որը վերջին օրերին հետևողականորեն իրականացվում է նաև կառավարության ու պարետատան կողմից, ու առիթ ունեցել ենք անդրադառնալու այն անոմալ վիճակին, որ արդեն տասը օր է՝ երկրում արտակարգ դրությունը գործում է միայն ձևականորեն, իսկ իրականում մարդկային կուտակումները Երևանում ու հանրապետության մյուս բնակավայրերում դարձել են սովորական երևույթ։ Ու այս ամենը տեղի է ունենում ոստիկանության, մեղմ ասած, անգործության ֆոնին։

Ուշագրավ է, որ վերջին օրերին կորոնավիրուսի համաճարակը կարծես երկրորդ ալիքն է ապրում, համենայնդեպս՝ մենք աստիճանաբար վերադառնում ենք մարտ ամսվա վերջի ոչ բարենպաստ ցուցանիշներին, ու այս պարագայում համաճարակային ճգնաժամի հաղթահարման իմիտացիան շատ թանկ կարող է արժենալ մեր հասարակության, առողջապահական համակարգի վրա։ Նորաշենի, Մարալիկի, Վարդենիսի դեպքերը հուշում են, որ համաճարակի պիկին տակավին չենք հասել, ու ցանկացած սխալ որոշում կարող է ճակատագրական, անդառնալի հետևանքներ ունենալ երկրի ու հասարակության համար։

Ու վերջապես՝ խնդիրն ունի սոցիալական ընդգծված ենթատեքստ։ Տնտեսության շատ քիչ ճյուղեր են վերաբացվել, ու մի քանի օր աշխատանքի վերադարձած սահմանափակ թվով մարդիկ նույնիսկ աշխատավարձ չեն ստացել, ու այս իրավիճակում հասարակության մի զգալի մասը պարզապես ի վիճակի չէ վճարել կոմունալ ծախսերը՝ նույնիսկ կառավարության մասնակի, այս դեպքում՝ համեստ աջակցության պարագայում։

«Գազպրոմ Արմենիան» և «Հայաստանի էլեկտրական ցանցերը», ըստ էության, ռուսական կապիտալով աշխատող ընկերություններ են, ու նրանց նույնիսկ կարող է ձեռնտու լինել Հայաստանում սոցիալական հուզումների հեռանկարը՝ հաշվի առնելով նաև հայ-ռուսական հարաբերություններում վերջին օրերին դրսևորվող ֆորսմաժորային երևույթները։

Անհասկանալի է, թե ինչո՞ւ է մեր կառավարությունն անվրդով նպաստում պայթյունավտանգ իրավիճակի ստեղծմանը։ Ո՞վ է պատասխան տալու «կոմունալային տեռորի» համար։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի


Բաժանորդագրվեք և ստացեքհրապարակումների ծանուցումները