Կրեմլը գոհ է, որ Հայաստանում իրավիճակը չի ապակայունացել

0

azatutyun.am — ՌԴ դաշնային հեռուստաալիքները վերջապես սկսեցին լուսաբանել հայաստանյան իրադարձությունները:

Կրեմլը հայտարարում է, թե գոհ է, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը չի զարգանում ապակայունացման ճանապարհով, և հույս է հայտնում, որ կայունությունը կպահպանվի ու քաղաքական փոխհամաձայնություն կհաստատվի: «Այն, ինչ կատարվում է Երևանում, մեր հայ բարեկամների, դաշնակիցների ներքին գործն է»,- այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Մենք հույս ունենք, որ Հայաստանում կպահպանվի կարգուկանոնը, կայունությունը, և ամենամոտ ժամանակում ի հայտ կգան հայ ժողովրդին ներկայացնող ուժերի փոխհամաձայնությամբ որոշված քաղաքական կոնֆիգուրացիայի ուրվագծերը»,- նաև ասել է Վլադիմիր Պուտինի խոսնակը: Ըստ էության՝ նա կրկնել է Սերժ Սարգսյանի հրաժարականից կես ժամ առաջ արած իր նախորդ հայտարարությունը: Հիշեցնենք՝ երեկ Պեսկովը դեռ մինչև Սարգսյանի հրաժարականն ասել էր․ «Սա բացառապես Հայաստանի ներքին գործն է։ Մենք ուշադիր հետևում ենք իրադարձություններին: Հայաստանը մեր մտերիմ դաշնակիցն է, որի հետ մենք զարգացնում ենք ամենամտերիմ հարաբերություններ»:

Լրագրողներից մեկի հարցին էլ՝ արդյո՞ք Ռուսաստանի իշխանությունները կարող են միջամտել Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, Պեսկովը հակադարձել էր․ «Իսկ ինչո՞ւ պետք է Մոսկվան միջամտի այդ իրադարձություններին: Կարծում եմ, որ հիպոթետիկ բնույթի նման դատողությունները բացարձակապես տեղին չեն»: Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը մինչև Սերժ Սարգսյանի հրաժարականը նաև նշել էր, թե տեղյակ չէ՝ արդյո՞ք պաշտոնական Երևանը վերջին օրերին փորձել է կապ հաստատել Կրեմլի հետ` երկրում ստեղծված իրադրության կապակցությամբ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով:

Ռուսաստանյան մամուլը, առավելապես՝ Կրմելից անկախ լրատվամիջոցներն ակտիվորեն լուսաբանում էին Հայաստանում ծավալվող իրադարձություները դեռ ապրիլի 13-ից սկսած: Սակայն՝ ՌԴ դաշնային հետուստաընկերությունների լրատվական ծարագրերն այդ թեմային գրեթե չէին անդրադրանում: Թեմային գրեթե անդրադարձ չէր կատարվում նաև դաշնային հեռուստաալիքներով հեռարձակվող բազմաթիվ թոք-շոուներում: Վերջին օրերին այդ հաղորդումների հիմնական թեմաներն էին մնում ուկրաինական հակամարտությունը, Սիրիան և ռուս-ամերիկյան հարաբերությունները:

Հայաստանյան իրադարձություններին, ըստ էության առաջին անգամ, համապետական սփռում ունեցող ռուսական ալիքներն անդրադարձան միայն երեկ, երբ հայտնի դարձավ, որ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Հատկանշական է, որ այս թեմային նվիրված երեկվա թոք-շոուներում պարբերաբար շեշտվում էր, որ «հայկական թավշյա հեղափոխությունը» տարբերվում է ուկրաինական ու վրացական հեղափոխություններից, և որ այն պետք չէ բնութագրել որպես «մայդան»:

«Եկեք պայմանավորվենք, որ այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, հայաստանցիների ներքին գործն է, մեզ դա չի վերաբերվում: Մեզ միայն հետաքրքում է, որ մեր հարաբերությունները Հարավային Կովկասում մեր ամենակարևոր դաշնակից Հայաստանի հետ, մնան անփոփոխ»,- հայտարարել է ռուսական «Առաջին ալիքի» մեկնաբանը: Ռուս քաղաքագետ Մաքսիմ Յուսին, իր հերթին, հեռուստաեթերում ընդգծել է՝ Հայաստանում ով էլ լինի իշխանության ղեկին, միևնուն է՝ մնալու է Ռուսաստանի դաշնակիցը, քանի որ ունի «հավերժ թշնամիներ», ի դեմս Թուրքիայի և Արդբեջանի: «Ռուսաստանը Հայաստանի համար այլընտրանք չունի»,- ասել է Յուսինը:

Ռուսաստանյան ինտերնետ-տարածքի որոշ օգտատերեր էլ սոցիալական ցանցերում զարմացած կատակում են՝ Կրեմլի համար այսուհետ գոյություն ունի երկու տիպի հեղափոխություն՝ «վտանգավոր գունավոր հեղափոխությունները և ճիշտ հայկական հեղափոխությունը»:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache