«Կրեմլյան ցուցակը»՝ Կրեմլում հեղաշրջման համար. Հայաստանին կկանգնեցնե՞ն երկընտրանքի առջև

3

Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը հունվարի 30-ին Կոնգրեսին է ներկայացրել այսպես կոչված «կրեմլյան զեկույցը»՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատը ներկայացնող ռուսաստանցի այն պաշտոնյաների, գործիչների, գործարարների ցուցակը, որոնց նկատմամբ կարող են սահմանվել ամերիկյան պատժամիջոցներ:

«Կրեմլյան ցուցակը», պատժամիջոցներն ու նոր Սառը պատերազմը

Ցուցակն ընդգրկում է 210 հոգու անուն: Ըստ էության, ներառված են ՌԴ կառավարության գրեթե բոլոր անդամները, նախագահի աշխատակազմի աշխատակիցները, այլ «բարձրաստիճան քաղաքական ղեկավարներ», խոշոր գործարարներ և օլիգարխներ: Հայկական ազգանուններ ևս կան «կրեմլյան ցուցակում»: Նրանք են ռուսաստանաբնակ հայ գործարարներ Սամվել Կարապետյանը, Դանիլ Խաչատուրովը և Սերգեյ Գալիցկին (Հարությունյան): Թեև սա դեռ նախնական ցուցակ է, և պատժամիջոցներն առայժմ սահմանված չեն, բայց, բնականաբար, ցուցակի հրապարակումը մեծ իրարանցում է առաջացրել Ռուսաստանում: Նախագահ Պուտինն այս քայլը որակել է «ոչ բարեկամական գործողություն»՝ ավելացնելով, թե իրականում այդ ցուցակի մեջ ընդգրկվել են բոլոր ռուսաստանցիները՝ 140 միլիոն բնակչությունը: Ռուսաստանցի փորձագետների մի մասը կարծում է, թե ամերիկացիները այս քայլով փորձում են ազդել առաջիկայում Ռուսաստանում կայանալիք նախագահական ընտրությունների վրա, մյուսներն ասում են, թե ԱՄՆ-ը «պալատական հեղաշրջում» է ծրագրում Ռուսաստանում, քանի որ «գունավոր հեղափոխություններն» այլևս էֆեկտիվ չեն: Բոլոր դեպքերում պատժամիջոցներին Ռուսաստանում շատ լուրջ են վերաբերվում՝ տարակուսելով, թե ինչպե՞ս կարելի է դիմագրավել ամերիկյան հզոր ֆինանսական մեքենային: Իհարկե, առավել շրջադարձային ու կարևոր է համարվում 2017 թ. ամռանը ԱՄՆ Կոնգրեսի երկու մարմինների՝ Սենատի և Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված պատժամիջոցների փաթեթը Ռուսաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի նկատմամբ, որը ստացավ օրենքի ուժ, ինչը նշանակում է, որ ԱՄՆ նախագահը չի կարողանա այլևս միանձնյա ինչ-որ փոփոխություններ անել պատժամիջոցների փաթեթում, եթե, ասենք, ռուսները փորձեն իրենց հարցերը կարգավորել Թրամփի հետ: Շատ ռուս քաղաքագետներ կարծում են, որ Միացյալ Նահանգները 2017 թ. օգոստոսի 2-ի օրենքով երկրորդ Սառը պատերազմ է հայտարարել Ռուսաստանին:

Հայաստանցիներիս համար առավել կարևոր հարցն այս համատեքստում, իհարկե, այն է, թե ամերիկյան պատժամիջոցների քաղաքականությունն ինչպե՞ս կարող է ազդել Ռուսաստանի հետ սերտ կապեր ունեցող երկրների և մասնավորապես Հայաստանի քաղաքականության և տնտեսության վրա՝ հաշվի առնելով Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները և Կրեմլի ազդեցությունը մեր երկրում: Եվ այստեղ խոսքն ավելի գլոբալ և ռազմավարական ազդեցությունների մասին է, ոչ թե պարզապես Ռուսաստանում բնակվող հայազգի որոշ խոշոր գործարարներին ամերիկյան պատժամիջոցների ցուցակում ընդգրկելու հեռանկարի մասին, թեկուզև նրանք սերտորեն առնչվում են հայաստանյան իրականությանը և քաղաքական վերնախավին:

Ռիսկերը մինիմալ են

Հարցին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադարձավ The Armenian Interest վերլուծական կենտրոնի ղեկավար, ամերիկագետ Արեգ Գալստյանը՝ ասելով, որ «կրեմլյան ցուցակի» ռիսկերը Հայաստանի համար մինիմալ են: Փորձագետի կարծիքով՝ Հայաստանին ավելի շատ պետք է անհանգստացնի ոչ թե այս ցուցակը, այլ այն իրական պատժամիջոցները, որոնք կսահմանվեն մոտ ժամանակներս՝ համաձայն Կոնգրեսի կողմից ընդունված H.R.3364 օրենքի:

«Կրեմլյան զեկույցը» ուղղակի կապ չունի Հայաստանի հետ, բայց այն, որ ցուցակի մեջ են հայտնվել հայկական ծագումով ռուսաստանցի միլիարդատերերը, որոնք միաժամանակ հանդիսանում են Հայաստանի տնտեսության խոշորագույն ներդրողներից, իհարկե, բավական տհաճ է, որովհետև, եթե այդ մարդկանց նկատմամբ պատժամիջոցներ ընդունվեն, նրանք հավանաբար արդեն չեն կարողանա նախկին ծավալներով աջակցել այն խոշոր ներդրումային ծրագրերին, որոնք իրենք կուզենային իրականացնել: Բայց սրանք ընդամենը տեսական դատողություններ են, որովհետև գործնականում սա ընդամենը ցուցակ է այն մարդկանց, որոնք պոտենցիալ կերպով կարող են ենթարկվել պատժամիջոցների: Բացի այդ, ցուցակը բավական անկանոն կերպով է կազմվել: Ատլանտյան խորհրդի (Atlantic Council) փորձագետները հայտարարեցին, թե սա այն ցուցակը չէ, որ պետք է լիներ: Իրենք բոլորովին այլ ցուցակ էին պատրաստել: Եվ հիմա չգիտես՝ ում հավատաս: Այս ցուցակի մեջ են ընդգրկվել բոլոր գործարարները, որոնք մեկ միլիարդ դոլարից ավելի եկամուտ ունեն: Եթե ամերիկացիները փորձում են ասել, թե խնդիրներ կարող են ունենալ բոլորը, ապա դա խնդիր է նաև Հայաստանի համար, բայց եթե սա պարզապես ամենահարուստ մարդկանց ցուցակն է, որոնց կարող են ինչ-որ կերպ դիտարկել, ապա այդ դեպքում վտանգը մինիմալ է, որովհետև ո՛չ Սամվել Կարապետյանը, ո՛չ էլ մյուս հայազգի միլիարդատերերը առանձնապես չեն խառնվում քաղաքականությանը, լրջորեն չեն ազդում քաղաքական որոշումների վրա, և դժվար թե ամերիկացիները լուրջ խնդիրներ ունենան նրանց հետ: Կարծում եմ՝ հայ օլիգարխներին ամերիկյան պատժամիջոցների մեջ ընդգրկելու իրական վտանգ չկա: Տեսականորեն ամեն ինչ էլ հնարավոր է: Ես չգիտեմ, թե ինչ են մտածում նախագահի վարչակազմի ներկայացուցիչներն ու սենատորները: Նրանց կկպնեն ամենավերջին հերթին, որովհետև նրանք Ռուսաստանի նախագահի ամենամերձավոր մարդիկ չեն: Այնտեղ կան այնպիսի հսկաներ, ինչպիսիք են Լեոնիդ Միխելսոնը, Միխայիլ Ֆրիդմանը, Տիմչենկոն, Ռոտենբերգ եղբայրները»,- մեկնաբանեց ամերիկագետը:

Պատժամիջոցների դրական և բացասական կողմերը Հայաստանի համար

Արեգ Գալստյանի խոսքերով՝ ավելի լուրջ խնդիրներ կարող են առաջանալ այն դեպքում, եթե ամերիկացիները պատժամիջոցներ սահմանեն Ռուսաստանի ռազմարդյունաբերական ոլորտի նկատմամբ և փորձեն ազդել այլ երկրներին ռուսական զենքի մատակարարումների վրա: Դա կարող է ազդել հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության վրա, թեև մյուս կողմից նման հեռանկարն ունի նաև իր դրական կողմերը, որովհետև այդ դեպքում կարող է սահմանափակվել Ռուսաստանի կողմից հարձակողական զինատեսակների մատակարարումը Ադրբեջանին:

«Հայաստանին ավելի շատ պետք է անհանգստացնեն այն իրական պատժամիջոցները, որոնք սահմանվելու են մոտ ժամանակներս: Եթե հավատանք ԱՄՆ ֆինանսների նախարարության և Կոնգրեսի հայտարարություններին, այդ օրենքի երկրորդ բաժինն ընդլայնվելու է՝ մասնավորապես այլ երկրների հետ Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության ուղղությամբ, և ամենայն հավանականությամբ, շատ ընկերություններ, որոնք զենքի առքուվաճառքի գործարքներ են իրականացնում Ռուսաստանի հետ, կարող են ենթարկվել պատժամիջոցների: Սա գոնե ֆորմալ անհանգստության առիթ է, եթե, ասենք, հարց բարձրացվի, թե Ռուսաստանը կարո՞ղ է շարունակել զենքի մատակարարումները Հայաստանին, և ի՞նչ կլինի Հայաստանի հետ, եթե նա զենք գնի Ռուսաստանից: Սրանք առայժմ անորոշ հարցեր են: Բայց ես կարծում եմ, որ սկզբունքորեն միշտ էլ կարելի է գտնել ձևեր՝ շրջանցելու սանկցիոն պատնեշները: Թեև եթե Կոնգրեսը շատ լուրջ տրամադրված լինի, ամենայն մանրամասնությամբ մշակի բոլոր մեխանիզմները և մանրադիտակի վերցնի բոլոր երկրներին, որոնք զենք են գնում Ռուսաստանից, դա, իհարկե, կարող է բերել լուրջ հետևանքների: Մյուս կողմից, պատժամիջոցներն ունեն ոչ միայն բացասական, այլև դրական կողմեր, և ես նույնիսկ չգիտեմ՝ ավելի շատ մինուսներն են, թե պլյուսները: Օրինակ՝ Ռուսաստանի համար ավելի դժվար կլինի զանազան հարձակողական զինատեսակներ վաճառել Ադրբեջանին: Դա ևս վերահսկողության տակ է լինելու»:

Հայաստանին կկանգնեցնեն երկընտրանքի առջև

Գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռահրը իր հերթին կարծիք հայտնեց, թե պատժամիջոցները, բնականաբար, կազդեն Հայաստանի վրա:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսելով թեմայի շուրջ՝ նա նշեց հետևյալը. «Կարծում եք՝ Արևմուտքը կհրաժարվի՞ Հայաստանի վրա ճնշում գործադրելու փորձերից, որպեսզի վերջինս վաղ թե ուշ գնա Ուկրաինայի ճանապարհով և ստորագրի Ասոցացման համաձայնագիրը Եվրամիության հետ: Արևմուտքում ոչ ոք չի ուզում հյուսիս-եվրասիական միության (տարածության) վերականգնումը: Նրանք գործադրում են բոլոր ջանքերը՝ դա կանխելու համար: Բայց մյուս կողմից, պետք է նաև նայել, թե ի՞նչ է Եվրոպական միությունը առաջարկում Հայաստանին: Ամեն դեպքում Եվրամիությունը չի ընդլայնվելու, Հայաստանը չի անդամակցելու Եվրամիությանը, իսկ Եվրամիության հետ կապված լինելը և Ռուսաստանից հեռանալը, կարծում եմ, ձեռնտու չէ Հայաստանին: Ուստի կարծում եմ, որ այդ հարցն ուղղված է հայ քաղաքական գործիչներին: Պետք է հասկանալ, որ դժվար է լինելու: Ես, իհարկե, ցավում եմ և՛ Հայաստանի, և՛ հայկական ղեկավարության համար՝ այնպես, ինչպես ցավում եմ բելառուսների, մոլդովացիների և մյուսների համար: Նրանց բոլորին կանգնեցնելու են այդ հիմար երկընտրանքի առջև՝ կա՛մ մեզ հետ եք, կա՛մ էլ մեր դեմ եք»:

Անմեղ ցուցակ

Քաղաքագետի գնահատմամբ՝ իրադրությունը շատ բարդ է, և Ռուսաստանի համար շատ դժվար է բանակցել մի երկրի հետ, որտեղ իշխանության ճյուղերը հստակ տարանջատված են, այսինքն՝ Կոնգրեսը, ուժային կառույցները անկախ են, և ԱՄՆ նախագահի համար դժվար է ազդել նրանց որոշումների վրա:

«ԱՄՆ-ի իշխանության ներսում պայքար է ընթանում տարբեր ուժերի միջև: Կոնգրեսը և ուժային կառույցներն ուզում են շատ կոշտ քաղաքականություն իրականացնել և ամբողջությամբ քանդել Ռուսաստանի տնտեսությունը՝ Ղրիմի և ԱՄՆ-ին դիմակայելու պատճառով, իսկ նախագահ Թրամփը դա չի ուզում, սակայն նա չի կարող կասեցնել այդ պատժամիջոցները: Եվ Թրամփը, Ռուսաստանի, Պուտինի շրջապատը ներկայացնող առանձին մարդկանց դեմ կոշտ պատժամիջոցներ սահմանելու փոխարեն, վերցրեց և հրապարակեց մի անմեղ ցուցակ: Իմ կարծիքով՝ սա ռուսաստանցի չինովնիկների, գործարարների անմեղ ցուցակ է, մարդկանց, ովքեր ներկայացնում են Պուտինի շրջապատը: Սա պարզապես ծիծաղելի է: Դրանով նա ծաղրեց իր քաղաքական հակառակորդներին և փորձեց հանգստացնել ամերիկյան լսարանին, թե տեսեք, ես հրապարակեցի ցուցակ, բայց առայժմ Ամերիկան չի պատրաստվում պատժամիջոցներ սահմանել: Եվ այս իրավիճակում պարզապես տարվում է տեղեկատվական, պրոպագանդիստական պատերազմ՝ աշխարհն իրենց օգտին վերակառուցելու նպատակով: Կարծում եմ, որ այս ցուցակը չպետք է որևէ մեկին նյարդայնացնի, այն չի հանգեցնի պատժամիջոցների: Ընդհանրապես այն ծիծաղաշարժ է: Ամերիկացիները չեն կարող պատժամիջոցներ սահմանել Ռուսատանի բարձր և միջին ղեկավարության նկատմամբ»:

Ռահրը համաձայն է այն գնահատականների հետ, թե ամերիկացիներն այս պատժամիջոցներով ուզում են ազդել Ռուսաստանի նախագահական ընտրությունների վրա. «Այո, սրանով փորձում են ցույց տալ, թե ով է Ռուսաստանում, այսպես ասած, միլիոնատեր, փորձում են առաջացնել հանրության դժգոհությունը, նախանձը կոռումպացված չինովնիկների նկատմամբ: Բայց այստեղ նոր բան չկա: Ըստ էության, ռուսական լրատվամիջոցներն արդեն զբաղվում են դրանով: Ես չգիտեմ, թե ինչ կլինի վաղը, բայց առայժմ, կարծում եմ, սա լուրջ չէ: Իհարկե, Ռուսաստանը պետք է արձագանքի, որովհետև նա ստորացվել է այդ ցուցակով, բայց չի պատժվել Ամերիկայի կողմից, քանի որ ցուցակի հրապարակումը գործնական հետևանքներ չի ունենա»:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache