Կծիկը իսկապես քանդվում է, հարցն այն է, թե մինչև ուր

84

Հատուկ քննչական ծառայությունում Մարտի 1-ի գործով հարցաքննությունից հետո մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրանք է ներկայացվել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Միաժամանակ, ըստ պաշտոնական հաղորդագրության, դատարան է ներկայացվել նրա խափանման միջոցը կալանքն ընտրելու միջնորդություն: Ինչ կորոշի դատարանը, բավական բարդ է ասել, որովհետև պետք է խոստովանել, որ շատերի համար անսպասելի էր արդեն իսկ այն, որ առաջին իսկ հարցաքննությունից հետո Ռոբերտ Քոչարյանին ներկայացվել է մեղադրանք:

Անսպասելի էր ոչ այն առումով, որ հանրությունը չէր տեսնում դրա հնարավոր, թեկուզ ենթադրական հիմքերը, որոնք առավել իրական են դարձել հարցաքննության արդյունքում: Խնդիրն այն է, որ հանրությունը թեկուզ իներցիայով երևի թե չէր հավատում, որ անգամ թավշյա հեղափոխությունից հետո հնարավոր էր նախկին նախագահի հանդեպ մեղադրանքի առաջադրում և կալանավորման միջնորդություն: Հանրությունը չուներ վստահություն այդ հարցում անգամ այն հայտարարություններից հետո, որ արել էր Նիկոլ Փաշինյանը՝ կապված այն հանգամանքի հետ, որ չկա և չի կարող լինել Մարտի 1-ի գործի օբյեկտիվ ու ամբողջական քննության որևէ քաղաքական արգելք:

Իրավիճակն անսպասելի է եղել նաև Քոչարյանի համար, որը երեկ հարցազրույցում հայտարարել է, որ ինքը գալիս էր հարցաքննության, բայց քանի որ հենց սկզբից ներկայացրել են մեղադրանք, հրաժարվել է հարցաքննությունից: Ըստ էության, Քոչարյանն ակնարկում է, որ իրեն ներքաշել են ծուղակ:

Այսպիսով, Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրված, ինչը հանրության համար հերթական ազդակն է, որ Հայաստանում իրապես իրավիճակ է փոխվել, և այդ մասին հայտարարությունները ամենևին էլ դեկլարատիվ բնույթի չեն, առնվազն առայժմ:

Ի՞նչ կանի դատարանը՝ հավանություն կտա՞ կալանավորմանը, թե՞ կլինի ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին: Թերևս ակնհայտ է, որ խափանման միջոցը արդեն նվազագույնը լինելու է հենց դա: Սակայն այստեղ առավել էական է և այն, թե ինչ քաղաքական ու քրեաիրավական շարունակություն է ունենալու այդ ամենը՝ հատկապես հաշվի առնելով այն, որ Քոչարյանին մեղադրանք է ներկայացվել «մի խումբ անձանց հետ» նախնական համաձայնության համար, և ըստ այդմ՝ կարծես թե ակնառու է դառնում, որ պետք է հաջորդեն անձինք, որոնք ևս ենթակա են լինելու մեղադրանքի և կալանքի:

Մեկի մասով արդեն հայտնի է, նա առաջինն էր՝ պաշտպանության այդ ժամանակաշրջանի նախարար Միքայել Հարությունյան: Միևնույն ժամանակ, հուլիսի 26-ին ՀՔԾ հարցաքննության է եկել նաև Յուրի Խաչատուրովը, որն այն ժամանակ բարձրաստիճան զինվորական էր, ներկայումս ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: Ի դեպ, հետաքրքիր է, թե կարո՞ղ է արդյոք այդ հանգամանքը յուրօրինակ անձեռնմխելիություն ապահովել Խաչատուրովի համար, որը փաստորեն միջազգային կառույցի ղեկավար է:

Ովքե՞ր են այն անձինք, որոնց հետ նախնական համաձայնությամբ արել է Քոչարյանն այն քայլերը, որի համար նրան ներկայացվում է մեղադրանք: Մի բան հստակ է, որ շրջանակը կարող է չափազանց մեծ լինել, մինչև անգամ հասնել խորհրդարան, որը քվեարկել էր Քոչարյանի սահմանած արտակարգ դրության օգտին կամ առնվազն չէր դիմադրել նրա քայլերին: Եվ այստեղ, իհարկե, առանցքային անուն է դառնում նաև Սերժ Սարգսյանը, որը գործող վարչապետն էր, իշխող մեծամասնության ղեկավարը և պաշտոնապես ընտրված նախագահը: Սերժ Սարգսյանի հետ նախնական համաձայնություն Քոչարյանն ունեցե՞լ է, թե ոչ: Սերժ Սարգսյանը ստանալո՞ւ է հարցաքննության ծանուցագիր որպես վկա, թե՞ նա միանգամից կներգրավվի որպես կասկածյալ կամ առավել ևս մեղադրյալ:

Կծիկը իսկապես քանդվում է, հարցն այն է, թե մինչև ուր: Միաժամանակ հստակ է նաև, որ Մարտի 1-ի գործի ներկայիս փուլը կտևի բավականին երկար ժամանակահատված, և ըստ ամենայնի պետք է արձանագրել, որ կլինի արտահերթ նախընտրական գործընթացին զուգահեռ ծավալվող աղմկոտ մի գործընթաց, որը ֆորմալ առումով կապ չունենալով ընտրական զարգացումների հետ՝ ոչ ֆորմալ տեսանկյունից ուղղակի լինելու է դրանց ստվերը, եթե չասենք, որ այդ զարգացումները կարող են մնալ այս գործի ստվերում:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache