Կտրուկ արձագանք. ինչպես Դոն Պիպոյի քրեական հեղաշրջումը կասեցվեց

303

1in.am — Նախօրեին անդրադարձել էինք հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի` Դոն Պիպոյի, Էջմիածնում կազմակերպած քրեական խրախճանքի ն և արձանագրել էինք, թե իսկական ողբերգությունն այն է, որ Դոն Պիպոյի բանդան գործում է թավշյա հեղափոխության անունից` նրա կարգախոսներով, սիմվոլներով, խորհրդանիշներով, Նիկոլ Փաշինյանի լուսանկարներով:

Գոհունակությամբ արձանագրենք, որ մեր հրապարակումից հետո ֆեյսբուքյան գրառում է կատարել Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն` արձագանքելով Էջմիածնի իրադարձություններին, ըստ էության` կրկնել է մեր մտահոգությունները. «Անընդունելի է, որ քրեածին տարրերը պղծեն սիրո եւ համերաշխության հեղափոխության խորհրդանիշները: Թույլ չենք տա»:

«Թույլ չենք տա» արտահայտությունը, երբ դա հնչում է պետության ղեկավարի շուրթերից, ենթադրում է կոնկրետ գործողություններ` քրեական բեսպրեդելը, Էջմիածնում քրեական հեղաշրջումը կանխելու նպատակով:

Կասկածից վեր է, և դա արձանագրվել է Փաշինյանի գրառման մեջ, որ Դին Պիպոն ընդամենը փորձում է օգտագործել Հայաստանում ստեղծված համատեքստը` քրեական օրակարգ հրապարակ բերելու նպատակով: Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ Դոն Պիպոն փորձում է Էջմիածինն «ազատագրել» գեներալներից: Երբ Մոսկվայից Հայաստանի վարչապետի պաշտոնին տեղափոխվեց Կարեն Կարապետյանը, նրա հետ միասին մեր երկրում փորձեց ամրապնդվել ռուսահայ քրեաօլիգարխիան, որի կառկառուն ներկայացուցիչներից մեկը Դոն Պիպոն էր, որը համացանցում դիֆերամբներ էր ձոնում Կարեն Կարապետյանի հասցեին` «խաչակրաց պատերազմ» հայտարարելով Մանվել Գրիգորյանին:

Դոն Պիպոն, ըստ էության, Կարեն Կարապետյանի վարչապետության հետևանքն է, այն կրիմինալ մտածողության դրսևորումը,  ինչի դեմ ուղղված էր թավշյա հեղափոխությունը:

Նիկոլ Փաշինյանի այսօրվա գրառումն առնվազն ենթադրում է, որ Էջմիածնի քրեականացման գործընթացը կասեցված է, սակայն հիմա պետությունը պարտավոր է կատարել հաջորդ քայլերը` զինաթափել Դոն Պիպոյին և ռուսական դիմագիծ ունեցող նրա թիկնազորին. դոնպիպոները չպետք է տեղ ունենան նոր Հայաստանում, որտեղ կրիմինալ մտածողությունը, բարքերը մղված են լուսանցք:

Իհարկե, քաղաքական և հանրային կյանքի ապաքրեականացումը, որը հանգեցնելու է Դոն Պիպոյի բանդայի չեզոքացմանը, չպետք է առիթավորի, այսպես կոչված, երկրապահական էլտային: Կարծում ենք` տեղի ունեցածը լուրջ ազդակ է, որպեսզի էջմիածինցի գեներալներն ինքնակամ հրաժարվեն «ֆեոդալական» բարքերից, քրեաօլիգարխիայի կողմից ստացված քվոտաներից, պաշտոններից, մանդատներից: Պետությունը հարգում է  գեներալների հերոսական մարտական ուղին, նրանք էլ` իրենց հերթին, պետք է ընդունեն նոր Հայաստանի բովանդակային, ինստիտուցիոնալ ներկայությունը: Հակառակ դեպքում` թավշյա հեղափոխության հաջորդ թիրախը  կդառնան հենց օլիգարխացած գեներալները:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache