Լրահոս

Կտրուկ շրջադարձ հարաբերություններում

 

Ռուսաստանը դադարեցնելո՞ւ է գազի մատակարարումը Հայաստանին
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Թեհրանում քննարկել է իրանական գազի գնման եւ Իրանի տարածքով թուրքեմանական գազը Հայաստան տեղափոխելու հարցերը: Այս մասին հայտարարել է Իրանի նավթի նախարարի տեղակալ Ամիրհոսեյն Զամինինիային:
Հայաստանը տեղեկություն չի հայտնել պայմանավորվածությունների վերաբերյալ: Ավելին, պաշտոնական տեղեկություններում վարչապետի այցի մասին ավելի շատ ընդհանուր բառեր են, քան կոնկրետ պայմանավորվածություններ: Մարդիկ հարցնում են՝ ինչու՞ է Կարեն Կարապետյանը գնացել Ռուհանիի մոտ: Եթե իրոք պայմանավորվածություն կա գազ գնելու մասին, նշանակու՞մ է, որ տարածաշրջանում էներգետիկ կոնյուկտուրան փոխվել է:
Իրանի նավթի նախարարի տեղակալն ընդգծել է. «Քննարկվել է նաեւ Հայաստան թուրքմենական գազի «սվոփ» սխեմայով փոխադրման հարցը: Իրանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու այդ ծրագրի իրագործմանը»:
Եթե Հայաստանը ցանկանում է Թուրքմենստանից Իրանով գազ գնել, դա կարող է նշանակել, որ Հայաստանին ռուսական գազի մատակարարումը կասկածի տակ է: Բանն այն է, որ Հայաստանը բավարար չափով ռուսական գազ է ստանում, անգամ պետք եղածից ավելին: Պայմանագրում նշված տարեկան 2.2 միլիարդ խ/մ ծավալը չի ապահովվում: 2016 թվականին, օրինակ, Հայաստանն ընդամենը 1.87 միլիարդ խ/մ գազ է գնել, իսկ 2015-ին՝ 1.92 միլիարդ:
Ինչու՞ է Հայաստանն այլընտրանք փնտրում ռուսական գազին: Հայաստանի ղեկավարությունը տեղեկություննե՞ր ունի, որ Վրաստանը կարող է հրաժարվել ռուսական գազի տրանզիտից, թե՞ տրանզիտի պայմանները կփոխվեն այլ պատճառներով:
2017 թվականի հունվարին Վրաստանը Գազպրոմի հետ տրանզիտի համաձայնագիր է ստորագրել, որի համաձայն Թբիլիսին տրանզիտի դիմաց գումար է ստանալու, այլ ոչ թե նախկինի պես գազ: Համաձայնագիրը, ճիշտ է, ընդամենը երկու տարով է ստորագրվել՝ մինչեւ 2018 թվականի ավարտը:
Վրաստանի էներգետիկայի նախկին նախարար Կախա Կալաձեին մեղադրում էին այդ համաձայնագիրը ստորագրելու համար: Կալաձեն արդեն նախարար չէ, եւ Թբիլիսիում չեն բացառում, որ 2018 թվականին Վրաստանը կհրաժարվի ռուսական գազը Հայաստան տեղափոխելուց:
Հնարավոր է, դրանով են պայմանավորված Թուրքմենստանից գազ ստանալու Հայաստանի փորձերը: Ճիշտ է, հարց է ծագում, թե ինչու ոչ Իրանից: Ի վերջո, Իրանը գազի հսկայական պաշարներ ունի եւ կարող է Հայաստանին մատակարարել: Սակայն Երեւանն ու Թեհրանը կամ չեն կարողանում գին պայմանավորվել, կամ Իրանը չի ցանկանում գազ մատակարարել ռուսական (կամ եվրասիական) ենթակառուցվածքներին, կամ էլ Ռուսաստանը չի կարողանում Իրանի հետ սվոփի շուրջ պայմանավորվել:
Արդյոք գտնվել է «փոխզիջումային» ելք՝ գազ գնել Թուրքմենստանից, իսկ Իրանին վճարել տրանզիտի համար: Այս տարբերակը ձեռնտու է բոլորին, առավել եւս, որ վերջերս Պուտինը Թուրքմենստանում էր, եւ չի բացառվում, որ Բերդիմուհամեդովի հետ համաձայնեցրել է Հայաստանին սվոփ մատակարարումների հարցը:
Այս ֆոնին երկու կարեւոր հարց է մնում՝ Վրաստանը կդադարի՞ տրանզիտային երկիր լինել Հայաստանի համար, եւ ինչու՞ Հայաստանն ու Իրանը չեն կարողանում պայմանավորվել ուղիղ մատակարարումների շուրջ:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing