Լափել են գազանաբար`սերունդներին թողնելով իրենց «մարսածի» պատասխանատվությունը

109

ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի շրջանակներում կատարված առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ։ Նախնական տվյալներով՝ 2009-2018թթ․ ծրագրի իրականացման ընթացքում, բազմաթիվ չհիմնավորված աշխատանքների, շինարարության ժամկետները երկարաձգելու, պայմանագրերում անհարկի փոփոխություններ կատարելու արդյունքում զգալիորեն բարձրացվել են խորհրդատվական ծառայությունների համար սահմանված նախնական արժեքները` տեղեկացնում է ՀՀ քրեական կոմիտեի տարածած հաղորդագրությունը։

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» չարչրկված ոդիսականը նախորդ իշխանությունների կիսատ թողած «մեգա»-ների շարքից է, նրանց կառավարման երկար ու ձիգ տարիների թալանի բացառիկ նմուշ։ Փայլուն հղացված գաղափարը երկրի տնտեսության վերակենդանացման լավագույն լուծումներից էր, որ պետք է իրականացներ կառավարությունը բազմատրանշ ֆինանսավորման տարբերակով, իսկ նպատակը 556 կմ ընդհանուր երկարությամբ «Հյուսիս-հարավ» մայրուղու Մեղրի- Երևան-Բավրա ավտոճանապարհի կառուցումն էր, որի միջոցով երկրի հարավը պետք է կապվեր հյուսիսին։ Արդյունքում ունենալու էինք ստրատեգիական նշանակություն ունեցող ճանապարհ, որը կապահովեր Հայաստանի հարավային սահմանից դյուրին երթևեկ մինչև Վրաստանի սահման, ապա նաև սևծովյան նավահանգիստներ։

Ավելին՝ հնարավոր կլինի իրականացնել միջազգային չափանիշներին բավարարող բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ, էականորեն կկրճատվեր ժամանակային և ֆինանսական ծախսումները։ Ուստի կարևորագույն այս նախագիծը կյանքի կոչելու համար պայմանագրեր կնքվեցին Ասիական զարգացման (ԱԶԲ), Եվրոպական ներդրումային (ԵՆԲ) և Եվրասիական զարգացման (ԵԱԶԲ) բանկերի հետ։

Շինարարության հաշվարկային արժեքը, նախնական փուլում, կազմում էր մոտ 1,5 մլրդ ԱՄՆ դոլար, որ տարիների հետ սկսեց աճել և առ այսօր աճում է։ 2009թ․ աշնանը տրվեց ծրագրի պաշտոնական մեկնարկը, իսկ 5 տրանշերից բաղկացած մայրուղու շինարարությունը սկսվեց 2012-ին, որը, համաձայն պայմանագրային պարտավորությունների, պետք է ավարտվեր 2019թվին:

Տրանսպորտի և կապի նախարարությունը նախարար Գագիկ Բեգլարյանի գլխավորությամբ գործին լծվեց մեծ ոգևորությամբ և ամպագոռգոռ հայտարարություններով, որոնք փուչիկի պես պայթեցին արդեն իսկ հաջորդ տարում։ Նախ Հայաստանը ստիպված եղավ վճարել 300 000 դոլարի չափով տուգանք ԱԶԲ-ին՝ ճանապարհային որոշ հատվածներ ճիշտ ժամանակին ավարտին չհասցնելու համար, ապա՝ Վերահսկիչ պալատն արձանագրեց բազմաթիվ թերացումներ և կոռուպցիոն ռիսկեր, որ առկա էին շինարարական աշխատանքներում։

Պատկերը հուսահատեցնող էր և աղաղակող։ Ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ հեշտ տարբերակը, բնականաբար, ճանապարհաշինության ժամկետների երկարաձգումն էր, որն ի վերջո փոխանցվեց իշխանության գլուխ անցած Կարեն Կարապետյանի կառավարությանը։ Վերջինս ակնհայտ դժգոհությամբ ստանձնեց նախորդների կիսատ գործը շարունակելու պատասխանատվությունը, տանձնեց միայն առերևույթ, քանի որ շատ շուտով ավտոմայրուղու շինարարությունը նորից կանգնեցվեց, իսկ վարկային համաձայնագրերում փոփոխություններ կատարվեցին։

Նոր կառավարության նոր հաշվարկներով նախագծի իրականացման արժեքը հատեց 2 մլրդ դոլարը, որ դեռ պետք էր հայթայթել։ Միանգամայն հնարավոր է, որ նախկին կառավարությանը հաջողվեր համոզել հանրությանը, որ ճանապարհաշինությունը հանաք բան չէ և յուրաքանչյուր սանտիմետրի համար ծախսվել են տասնյակ միլիոններ, եթե չլիներ վրա հասած հեղափոխությունը․․․ Դժբախտաբար թե բարեբախտաբար (չգիտես էլ ինչպես գնահատել իրավիճակը) նորընտիր կառավարությունը դարձավ «Հյուսիս-հարավի» խեղված ճակատագրի ժառանգորդը, որ ջանում է գլուխ հանել պատուհաս դարձած ճանապարհային միջանցքից։

Առայժմ հայտնի է միայն, որ անցած տարիներին վերակառուցվել է 31 կմ ճանապարհահատված, որի վրա ծախսվել է 150,3 մլն դոլար և 23,14 մլն եվրոյի չափով գումար։ Մնացյալ 525 կմ ճանապարհի շինարարության մասին կարելի է խոսել ֆինանսավորման հարցին ամբողջական լուծում տալուց հետո։ Իսկ ֆինանսավորում դեռևս չկա Արտաշատ- Սիսիան, Սիսիան-Քաջարան, Գյումրիի շրջանցիկ և Գյումրի-Բավրա հատվածների համար։

Մի խոսքով ծրագրի ապագան մշուշապատ է և վերջնաժամկետների մասին վաղ է մտածել: Ստույգ փաստվելիքը միայն այն է, որ նախկին իշխանությունները գազանաբար լափել են ոչ միայն շինարաության համար հատկացված գումարները, այլև խեղել երկրի բնակչության հավատը: Ապիկար գործելաոճի պատճառով երկիրը մտցվել է վարկային պարտավորությունների ծանր բեռան տակ` սերունդներին թողնելով իրենց «մարսածի» պատասխանատվությունը։

Քրիստինե ՀՈՎՍԵՓՅԱՆ



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache