Լրահոս

Լապշինի անակնկալը Հայաստանին. անհարմար բան ստացվեց

 

Իսրայելի եւ ՌԴ քաղաքացի, Հայաստանում արդեն բավականաչափ հայտնի բլոգեր Լապշինը անդրադարձել է Հայաստանում զբոսաշրջային ոլորտի վիճակին, բարձր գներին, ենթակառուցվածքների թերզարգացածությանը, այդ ուղղությամբ քայլերի անբավարարությանը:

Լապշինը գրել է, թե Հայաստանում ավիատոմսերը եւ հյուրանոցները բավական թանկ են, ավելի թանկ է մեկ շաբաթ հանգստանալ Հայաստանում, քան օրինակ Փարիզում կամ եվրոպական մի շարք այլ քաղաքներում: Լապշինը դժգոհել է նաեւ Հայաստանում ներքին հաղորդակցական ցանցից, որի խիստ թերզարգացածությունը զբոսաշրջիկին թույլ չի տալիս հարմարավետ տեղաշարժվել Հայաստանում: Իսրայելցի բլոգերը հարցնում է, թե ինչու չկան էժան բյուջետային ավիաընկերությունները, համեստ, մաքուր, բայց միաժամանակ էժան հյուրանոցներ:Առաջին հայացքից Լապշինը չի ասում որեւէ նորություն: Նա մատնանշում է բաներ, որոնց մասին Հայաստանում գիտեն եւ խոսում են շատերը: Բայց Լապշինի շուրթերից դա հնչում է առանձնահատուկ ուժով, հաշվի առնելով բլոգերի «ադրբեջանական» հայտնի պատմությունը: Արցախ այցելելու եւ Ալիեւի մասին վատ բաներ ասելու համար նրան հայտարարեցին միջազգային հետախուզում, ձերբակալեցին Բելառուսում, իսկ ամիսներ անց արտահանձնեցին Ադրբեջանին:

Մի քանի ամիս անց ազատվելով ադրբեջանական կալանքից, Լապշինը սկսեց գրառումների շարք, որով մերկացնում էր Ադրբեջանի իշխանությանը, բարքերը, քաղաքականությունը:Հայաստանում այդ գրառումները ընդունվում, ընթերցվում էին մեծ ոգեւորությամբ, տարածում գտնում, տիրաժավորվում, ինչը միանգամայն հասկանալի է:Եվ ահա, հանկարծ Լապշինը հարվածում է Հայաստանին: Իհարկե դա ամենեւին այն հարվածը չէ, որ նա տալիս է Ադրբեջանին: Բայց այդուհանդերձ, նա մատը դնում է բավական ցավոտ կետի վրա, հաշվի առնելով այն, թե որքան մեծ է Հայաստանի զբոսաշրջային ռեսուրսը, բայց որքան ցածր է դրա օգտագործման արդյունավետությունը:Դա մի կողմից ապաքաղաքական գրառում է, բայց մյուս կողմից էլ պարունակում է բավական մեծ քաղաքականություն, թե «բաղդատենք» զբոսաշրջություն հասկացությունը իր լայն բաղադիչներով:Ինչն է հետաքրքիր՝ Լապշինի գրառումը գրեթե համընկել է նախագահի նստավայրում Սերժ Սարգսյանի անցկացրած խորհրդակցությանը, որտեղ նա խոսել է մինչեւ 2030 թվական տնտեսական զարգացման ռազմավարության, մի քանի հարյուր հազար բարձր վարձատրվող աշխատատեղերի եւ այլ իրողությունների մասին:

Լապշինն իհարկե հազիվ թե տեղյակ լիներ այդ խորհրդակցությունից, բայց նրա կողմնակի հայացքով գրառումը մերկացնում է այդ խորհրդակցությունն իբրեւ կառավարման իրողություն, բացահայտում դրա ցուցանակային բնույթը, որովհետեւ 2030-ի ռազմավարության մասին հնչեղ խոսքերի ֆոնին ակնհայտ է դառնում 2018-ի ռազմավարության եւ մարտավարության գրեթե իսպառ բացակայությունը:

Օրերս Սերժ Սարգսյանն այցելել էր Երեւանի նորաբաց հյուրանոցներից մեկը, որը լյուքս դասի, շքեղ հյուրանոց է, «Ալեքսանդր» խորհրդանշական առումով: Իսկ Լապշինն օրինակ հարցնում է, թե ինչու Հայաստանում քիչ են օրական 50 եվրոյից ավելի էժան արժեցող հյուրանոցային համեստ, բայց մաքուր հյուրանոցները:Հիանալի է, երբ կառուցվում են շքեղ եւ բրենդային հյուրանոցներ, սակայն զբոսաշրջության խորքային, համալիր զարգացման եւ մուլտիպլիկատիվ էֆեկտի համար անհրաժեշտ է միջավայր, որտեղ բավական արագ կզարգանա այսպես ասաժ բյուջետային հյուրանոցների համակարգը, որը ահռելի խթան կլինի նաեւ միջին խավի ձեւավորման համար:Թեեւ, սա արդեն սկզբունքային քաղաքական խնդիր է, իսկ Հայաստանում ներկայում վարվող տնտեսական քաղաքականության առանցքում, փիլիսոփայության հիմքում ոչ թե միջին խավ ձեւավորելու, այլ այսպես ասած գերիշխող խավի էֆեկտիվությունը բարձրացնելու եւ ավելի ցածր խավին մասհանվող ռեսուրսի ծավալը մի փոքր ավելացնելու տրամաբանությունն է:Ահա այստեղ է քաղաքականությունը:

Դա իհարկե չի նշանակում, թե Հայաստանում չկա փոքր ու միջին բիզնես կամ անհնար է զբաղվել բիզնեսով, սկսել նոր բիզնես: Խոսքն այդ մասին չէ: Խնդիրը այն է, թե ինչքանով է դրան միտված պետական տնտեսական քաղաքականությունը եւ ինչքանով է այդ շերտի ձեւավորումը պարզապես ինքնահոսով՝ ըստ առանձին անհատների եւ խմբերի այսպես ասած ճեղքողունակության, կամքի, հաստատակամության:Բիզնեսն անշուշտ խոշոր հաշվով հրամայական է դարձնում այդ հատկանիշների առկայությունը, առանց դրա չի լինում բիզնես, բայց միայն դրանով էլ չի լինում կայուն, հաստատուն միջին խավը, որը պետությունը փոխում է ուղղակի «հոգու խորքից», ձեւավորում բոլորովին այլ որակներ եւ հանրային հոգեբանություն ու մտածողություն:

Այստեղ է հարցերի հարցը, օրինակ, երբ խոսք է գնում տնտեսական աճի ներառականության մասին, ինչի վերաբերյալ խոսել էր նաեւ Սերժ Սարգսյանն անցկացրած խորհրդակցությանը: Խնդիրը այն է, թե ինչի ներառականության մասին է խոսքը՝ ռեսուրսների, այսինքն հանրությանը մի քիչ ավելի փող թողնելու՞, հանրության ստացած փո՞ղն ավելացնելու, թե՞ ստեղծագործական ներուժն իրացնելու հնարավորությունները ավելացնելու ներառականության:Տնտեսական ա՞ճը պետք է ավելի համաչափ բաշխվի, ապաբեւեռացվի, թե՞ տնտեսական աճ ապահովելու հնարավորությունները: Այստեղ է սկզբունքային խնդիրը եւ դրանից է կախված, օրինակ, թե Հայաստանն ինչ որակական պատկեր կունենա 2030-ին կամ 2040-ին, ինչպիսի հասարակություն եւ հոգեբանություն՝ գերիշխող խավի տվածի՞ց կամ թողածի՞ց, թե՞ իր ստեղծածից գոհ հասարակություն:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing