good-banner
Լրահոս

Լարված իրավիճակ ՀՀԿ-ում. Դրված է կուսակցության հարցը

 

arm147344132735

lragir.am — ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը սեպտեմբերի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը մի քանի ուշագրավ արտահայտություն է արել վարչապետի փոփոխության, նոր վարչապետի նշանակման եւ 2017 թվականի խորհրդարանի ընտրության կապակցությամբ:
Վահրամ Բաղդասարյանն օրինակ հայտարարել է, թե անգամ փոփոխություններ լինելու դեպքում հստակ չէ, թե խորհրդարանի ընտրությունը կլինի ՀՀԿ օգտին: Բաղդասարյանը միաժամանակ ասել է, թե հստակ չէ, որ Կարեն Կարապետյանը կարող է գլխավորել կառավարությունը նաեւ 2017 թվականի ընտրությունից հետո: Ըստ Բաղդասարյանի, դա կախված է նրանից, թե ինչպես կաշխատի Կարապետյանը եւ ինչպես կգնահատեն այդ աշխատանքը իրենք: Իսկ ո՞վ ասաց, որ մենք հեռահար ծրագրեր չունեինք նաեւ հին կառավարության հետ կապված, ասել է Բաղդասարյանը:
ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավարի արտահայտությունների տողատակերն արտացոլում են այն անորոշ իրավիճակը, որ ստեղծվել է ՀՀԿ-ում կառավարության փոփոխությունից հետո, հատկապես Սերժ Սարգսյանի ելույթից հետո, որտեղ նա հայտարարեց, թե Կարեն Կարապետյանի հետ երկար է խոսել ՀՀԿ-ին նոր ոգի հաղորդելու շուրջ:
Կառավարությունից բացի, դրված է ՀՀԿ հարցը, ու Սերժ Սարգսյանն այն փաստորեն դրել է բավական բաց, ինչը նշանակում է առկա որոշակի լուրջ մտադրությունների մասին: Այն, որ խնդիրը ոչ թե միայն վարչապետի պաշտոնը կամ կառավարությունն է, այլ իշխանության քաղաքական հենարան ՀՀԿ-ի ուժերի հարաբերակցության վերանայումը, ակնհայտ արտահայտված էր նաեւ Հովիկ Աբրահամյանի հրաժեշտի ելույթում, որտեղ նա ահազանգում էր այսպես ասած իշխանության «ավանդական» թեւին, որ իր հեռացումը ընդհանրապես ՀՀԿ-ում ստատուս-քվոյի փոփոխության մեկնարկ է:
Այն, որ Սերժ Սարգսյանը ձեռնամուխ էր լինելու այդ խնդրին, աներկբա էր: Վերադասավորելով իշխանության ճյուղերը իր համար հնարավորինս վստահելի ստատուս-քվոյով, Սերժ Սարգսյանն այդ իրավիճակը կարող է ամրագրել միայն հիմքի՝ քաղաքական հենարանի վստահելի ստատուս-քվոյով: Հակառակ դեպքում նա մշտապես կանգնած է լինելու «հակահեղափոխության» վտանգի առաջ:
Սարգսյանը այդ սխալը թույլ տվեց Տիգրան Սարգսյանի դեպքում՝ ձեւավորելով իր համար կառավարելի գործադիր մարմին, բայց նվազ կառավարելի եւ վստահելի հենարան, ինչի հետեւանքով տեղի ունեցավ 2014 թվականի ապրիլի փաստացի ներիշխանական թավշյա հեղաշրջումը:
Ներկայում կա մեկնարկային պայմանների որոշակի տարբերություն՝ Սարգսյանի համար շահեկան առումով: Բանն այն է, որ թավշյա հեղաշրջման սուբյեկտները այդպես էլ չհամարձակվեցին նրա դեմ դուրս գալ բաց առճակատման, ինչը նպաստեց, որպեսզի Սարգսյանը հերթով կարողանա չեզոքացնել նրանց՝ զգալիորեն նաեւ հենց իրենց իսկ ձեռքով:
Այդ տարբերությունը Սարգսյանին ներկայում հնարավորություն է տվել բաց կերպով հայտարարել ՀՀԿ ուժերի հարաբերակցությունը փոխելու մտադրության մասին:
Վահրամ Բաղդասարյանի հայտարարություններն այդ հայտարարության, Սարգսյանի այդ մտադրությունների գիտակցական կամ ենթագիտակցական արձագանքն են: Գործնականում աննախադեպ է, երբ մշտապես հաղթանակի մասին խոսող եւ այն երբեք կասկածի տակ չդնող ՀՀԿ ներկայացուցիչը ասում է, թե անգամ փոփոխության դեպքում երաշխավորված չէ հաջողությունը:
Կամ, Սերժ Սարգսյանը խոսում է Կարեն Կարապետյանի հետ երկարաժամկետ, հեռահար ծրագրերի մասին, իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավարը հայտարարում է, թե դեռ պետք է գնահատեն նրա աշխատանքը, նոր միայն որոշեն՝ կլինի վարչապետ 2017-ից հետո, թե ոչ:
Արդյոք Վահրամ Բաղդասարյանի շուրթերով բարբառում է ՀՀԿ «ավանդական» հատվածը, որի դիրքերին մարտահրավեր է նետվել սեպտեմբերի 8-ին: Ընդ որում, նետողը եղել է հենց կուսակցության նախագահը: Վահրամ Բաղդասարյանն արտահայտում է կուսակցության ներսում պարտիզանական պայքարի տրամադրությունների առկայությունը, արտահայտում է գիտակցված, ծրագրված ակնարկներով կամ ենթագիտակցորեն:
Տվյալ պարագայում սակայն կա ուշագրավ մեկ այլ հանգամանք: Պարզ չէ, որոշակիորեն, թե իսկ որն է ՀՀԿ «ոչ ավանդական» թիմը, կամ պայմանականորեն Կարեն Կարապետյանի կառավարության քաղաքական հենարան թիմը, ովքե՞ր են այդ թիմի անդամներ: Այդ թիմի անդամ ինքնաբերաբար դառնում են նրանք, ովքեր խնդի՞ր ունեն կամ ունեցել են Հովիկ Աբրահամյանի հետ, թե՞ դա դեռ չի նշանակում «ոչ ավանդականություն»:
Սերժ Սարգսյանն ըստ երեւույթին միտումնավոր է անորոշ թողնում այդ սահմանը կամ բաժանումը, եւ հավանաբար միտումնավոր է ձեռնպահ մնում կողմնորոշվելու հստակ չափանիշ սահմանելուց, գիտակցելով ՀՀԿ-ում պարտիզանության անխուսափելիությունն ու ստեղծելով մի իրավիճակ, երբ պարտիզանները գրեթե չունեն կոնկրետ թիրախներ:
Այդ վիճակում, պարտիզանները փաստորեն իրենք են հայտնվում թիրախ դառնալու ռիսկի տակ: Ու առաջինը կարծես թե ռիսկի գոտում հայտնվեց Վահրամ Բաղդասարյանը, ինչն ամենեւին չի նշանակում իհարկե, որ կհետեւի նրան ուղղված որեւէ հարված: Դա կխանգարի Սարգսյանին բացահայտել մյուս թիրախները:
Ընդ որում, չի բացառվում նույնիսկ, որ Բաղդասարյանը ոչ թե առաջին հակադրվողն է Սերժ Սարգսյանին, այլ հակառակը՝ կօգնի նրան իրական «պարտիզաններին» ոտքի հանելու եւ բացահայտելու հարցում:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am