Լարված իրավիճակ Պուշկինո գյուղում (լուսանկարներ, տեսանյութ)

102

Armtimes.com — Լոռու մարզի Պուշկինո գյուղի բնակիչները նախօրեին գյուղում բողոքի ակցիա են իրականացրել՝ ընդդեմ հատուկ քննչական ծառայության կողմից իրենց անտառտնտեսությունում իրականացվող ստուգումների: Գյուղացիների խոսքով՝ քննիչը եկել է անտառ ու սկսել արձանագրել հատված ծառերը, որոնց մեծ մասը ավելի քան 10 տարվա պատմություն ունի, ինչի համար արդեն իսկ մարդիկ ժամանակին պատասխանատվություն են կրել, ազատազրկվել ու ազատվել. «Մարդիկ էդ կտրված ծառերի համար գնացել դատվել են, ազատվել են, մահացել են, հմի նորից եկել գործ են բացում»,-ասում են բողոքող բնակիչները, չժխտելով, որ իրենք եւս տարիներ շարունակ ապօրինի անտառահատումներ են իրականացրել. «Անտառտնտեսության տնօրենը օրենքով մեզ հասնող 8 խմ թափուկը չի տվել, իրանք իրանցով անտառը սրբել են, մենք էլ ստիպված գնահեց հատել ենք՝ մեր երեխեքին տաքացնելու համար, որ թուղթը տար, էսպես չէր լինի»:

Մեզ հասած տեղեկություններով՝ հայտնաբեվել է պետությանը պատճառված ավելի քան 97 մլն դրամի վնաս, ինչի մեղավորությունը ըստ գյուղում հավաքվածների, փորձում են կոտրել միայն անտառապահի գլխին, ով մի քանի ամիս է միայն աշխատել, ներկայումս ազատման դիմում է գրել. «Էս ջահել անտառապահի գլխին են ուզում ջարդել, բայց մենք բոլորս ենք կտրել էդ ծառերը, ինչի պետք ա մենակ իրա գլխին կոտրվի…անտառապահի մեղքը էն ա, որ թողել է էս սոված ժողովրդին տաքացնել իր երեխուն»:
Գյուղացիները համապատասխան մարմիններից պահանջում են նախ անտառտնտեսության ղեկավարությանը պատասխանատվության ենթարկել՝ պաշտոնական դիրքի չարաշահման համար, այնուհետ նաեւ պատասխանատվության չենթարկել երիտասարդ անտառապահին. «Պետք է էսօր համապատասխան մարմինները ներկա լինեին, մեզ խոստացել էին, բայց ոչ ոք չեկավ: Նոր կառավարությունից խնդրում ենք ուշադրություն դարձնել ու հարցը քննարկել նաեւ բարոյական հարթության մեջ, ոչ թե միայն իրավական»,-ասում են գյուղացիները:

Բողոքի ակցիան Պուշկինո համայնքում կշարունակվի նաեւ երկուշաբթի օրը:

Մանրամասները՝ Armtimes.com-ի տեսանյութում



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache