Լարվածությունը կհասնի գագաթնակետին մարտ-ապրիլին, պայթյունը պարտադիր տեղի կունենա

1

Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանի կարծիքով՝ եթե Սերժ Սարգսյանը ապրիլին կայացնի վարչապետ դառնալու որոշում, դա կլցնի ժողովրդի համբերության բաժակը։ Գրիգորյանը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Հայաստանում իրավիճակը պայթյունավտանգ է։ «Ամեն պահի հնարավոր է պոռթկում լինի, իսկ եթե այդ վերջին սրիկայությունն էլ արեց՝ անկանխատեսելի հետևանքներ կարող են լինել։ Չնայած ես չեմ կարծում, թե իր փոխարեն այլ մանիկենի դնելը իրավիճակի լուծում կարող է լինել»,- նկատեց մեր զրուցակիցը։

Ստորև ներկայացնում ենք «Առաջին լրատվական»-ի հարցազրույցը Աշոտ Գրիգորյանի հետ։

-Պարոն Գրիգորյան, տարին հայաստանցիների համար տհաճ անակնկալով մեկնարկեց՝ թանկացան լայն սպառման մի շարք ապրանքներ՝ բենզինը, սեղմված գազը։ «Ելք» դաշինքը նախաձեռնում է ընդդեմ թանկացումների բողոքի երթ անցկացնել, իր հերթին Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է հրավիրել, հրահանգել մեղմել գնաճի հետևանքները։ Ինչպե՞ս կբնութագրեք ընդհանուր իրավիճակը, արդյո՞ք կա սոցիալական բունտի հնարավորություն։

-Ես բազմիցս նշել եմ և հիմա էլ վերահաստատում եմ իմ այն կարծիքը, որ Հայաստանում պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել, և հնարավոր են անկանխատեսելի հետևանքներ։

Բունտը միանգամայն հավանական է և եթե դա տեղի ունենա, ապա անմիջապես կառավարությունն ու Սերժ Սարգսյանը պետք է բանակցեն ու փորձեն լուծումներ տալ։ Չի կարելի արյունահեղություն թույլ տալ։ Մենք այստեղից շատ ուշադիր ենք հետևում և թույլ չենք տա նման բան։

Ինչ վերաբերում է «Ելք» դաշինքի հրավիրած երթին, ապա ըստ իս՝ դա Սերժ Սարգսյանի հետ համաձայնեցրած քայլ է։

-Նշեցինք, որ արյունահեղություն թույլ տալ չի կարելի, բայց Հայաստանում, նաև Սփյուռքում շարունակում է գոյություն ունենալ այն տեսակետը, որ միայն զենքով է հնարավոր հասնել փոփոխության, քանի որ ընտրություններն ու խաղաղ ճանապարհը չեն աշխատում։ Արդյո՞ք այսպիսի մթնոլորտը վտանգավոր չէ։

Ասեմ, որ ես դեմ եմ արյունահեղությանը։ Մեր ֆորումի նախագահությունը, մեր գործընկերները՝ ևս։ Բայց սա ամենևին չի նշանակում, որ իշխանությունները պետք է օգտագործեն այն իրավիճակը, որ չի կարելի զենքով պայքարել կամ կոպիտ մեթոդների դիմել, ու իրենք դիմեն կոպիտ մեթոդների։ Մոտենում է Մարտի մեկի ահաբեկչության ևս մեկ տարին, ու չի կարելի թույլ տալ, որ նման հանցագործությունները կրկնվեն, մինչ այսօր բոլոր ապստամբությունները իշխանությունները ճնշել են անօրինական ու հանցավոր մեթոդներով։ Գոլորշու աստիճանը, ճնշման անկյունը մեծացել է, պայթյուն է լինելու։ Մենք այստեղից երկու կողմերի վրա էլ պետք է ազդենք։ Եթե Սերժ Սարգսյանը չի հասկանում, որ ինքը նույնպես ահաբեկչություն իրականացնելու իրավունք չունի՝ իրավիճակը անկանխատեսելի կդառնա։ Պետական ահաբեկչությունն ավելի վատ է։ Մեր ֆորումի դերը պետք է դա լինի՝ մենք չպետք թույլ տանք արյունահեղություն։ Բայց դա չի նշանակում, որ իշխանությունները պետք է ճնշեն ժողովրդին ու թույլ տան այս խարդավանքները։ Մենք հասկանում ենք՝ հեղափոխական իրավիճակ չստեղծելն ու արյուն չթափելը պարտադիր է։ Բայց եթե այսպես շարունակվի, ժողովուրդն իրեն կկորցնի, կորցնելուց հետո վախը կվերանա, իսկ վախը վերանալուց հետո ինչ ասես՝ կարելի է սպասել։ Այնպես որ, առաջինը Սարգսյանների ընտանիքի վիճակն է վտանգված։ Աշխարհում բազմաթիվ օրինակներ կան, թե այդպիսի կլաններն ինչ ճակատագրի են արժանացել։

Մենք փորձելու ենք դառնալ միջնորդ և չափն անցնող կողմին՝ դրսից մեր հեղինակավոր խոսքն ասենք ու կարգի հրավիրենք։ Դեմ եմ «Սասնա ծռեր» երկուսին, բայց նաև դեմ եմ, որ իշխանությունները շարունակեն իրենց վայրագ քաղաքականությունը՝ վախեցնել ժողովրդին, զինվորներին գրգռիչներ բաժանել, որ այդպիսի բունտերի ժամանակ գազանի վերածվեն։ Թող փորձեն բունտերի դեպքում նման վիճակ ստեղծել՝ դրսի ռեակցիան կտեսնենք՝ մենք այդ սցենարներին պատրաստ ենք։

-Ինչ կարծիք ունեք Զարուհի Փոստանջյանի՝ համահայկական ընդվզում սկսելու նախաձեռնության մասին։ Նա եղավ Լոս Անջելեսում, Ռուսաստանում, Բեյրութում։ Կարծում եք՝ Սփյուռքը կմիանա՞ իրեն, կներգրավվի՞ Հայաստանի ներքաղաքական խնդիրներում։

-2013 թվականի մեր ֆորումի համագումարին մենք իշխանափոխության հարց դրեցինք, առաջին անգամ մենք մեր կարևոր՝ արտաքին քաղաքական գործերը թողեցինք ՀՀ ներքին կյանքին պատրաստ լինելու համար։ Այն ժամանակ էլ ենք նշել, որ պետք է միավորվենք ու հզոր ընդդիմություն ստեղծնեք։ Բոլորս էլ գիտենք, որ Հայաստանում կան գրպանային ընդդիմություն հանդիսացող շատ ուժեր, նրանք կապված են Սերժ Սարգսյանի հետ ու միայն իրենց փորը լցնելու խաղն են տանում։ Դա նույնքան վտանգավոր է, որքան շատ չինովնիկների արածը։ Այդ առումով՝ մենք ոչ մի կուսակցության չենք վստահում, ավելի շատ վստահում ենք այն շարժումներին, որոնք կուսակցություններ չեն, բայց ներկայացնում են ժողովրդի մտահոգություններն ու պահանջը։ Չգիտեմ՝ ինչ կարող է անել Զարուհի Փոստանջյանը։ Ողջունում եմ, որ նա մտածում է ժողովրդի մասին, բայց ինչպե՞ս է իրականացնելու իր մտադրությունները՝ այլ հարց է։ Չեմ հավատում, որ Զարուհու հետևից կգնան։ Անձամբ իրեն չեմ ճանաչում, համակրելի աղջիկ է, գովելի է, որ Հայաստանում կա ընդվզման գնալու ցանկություն, այն էլ կին գործչի մոտ, բայց չեմ կարող դատել ու ասել, թե նրա հետևից ինչքան ժողովուրդ կգնա, և արդյոք նրա բռնած ուղին հաղթանակ է խոստանում։

-Սեֆիլյանի կոչով ձևավորված ճակատը չի բացառում, որ ակտիվ գործողություններ կսկսի Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալու դեպքում։ Դուք կարծում եք՝ այդ օրակարգը և նման սցենարը հասարակությանը ոտքի կհանի՞։

-Կասկած չունեմ։ Վաղ թե ուշ Սարգսյանների ընտանիքը պատասխան տալու է, բայց ցանկալի է, որ այդ պատասխանը լինի արդարադատության և ոչ ժողովրդի հաշվեհարդարի միջոցով։ Ես արյունահեղությանը դեմ եմ։ Ժիրայր Սեֆիլյանի կոչը բերելու է ժողովրդական ընդվզման, որը շատ սարսափելի է։ Ես կոչ եմ անում Սերժ Սարգսյանին լավ հաշվարկել իր քայլերը, որովհետև պայթյունը լինելու է՝ կլինի մարտի մեկին, ապրիլի կեսին, մայիսին կամ հունիսին՝ էական չէ։ Եթե ինքը փորձեց խաբել՝ սարսափելի հետևանքներ կարող են լինել։ Տարբերակ է՝ ինքը վարչապետ, Էդիկ Նալբանդյանին նախագահ նշանակելն է, մի մարդու, որին ատում է ողջ հայությունը։ Ամեն պահի հնարավոր է պոռթկում լինի, իսկ եթե այդ վերջին սրիկայությունն էլ արեց՝ անկանխատեսելի հետևանքներ կարող են լինել։ Չնայած ես չեմ կարծում, թե իր փոխարեն այլ մանիկենի դնելը իրավիճակի լուծում կարող է լինել։

Ասեմ, որ լարվածությունը կհասնի գագաթնակետին մարտ-ապրիլ ամիսներին, պայթյունը պարտադիր տեղի կունենա, լավ կլինի, որ Սարգսյանը դա նախապես գիտակցի։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache