good-banner
Լրահոս

Լավրովը բացահայտեց բանակցային գործընթացը

 

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ գոյություն չունի որեւէ «լավրովյան պլան» եւ սեղանին են այն առաջարկները, որոնք տարիներ առաջ արել են Մինսկի խմբի համանախագահ եռյակի երկրները՝ Ֆրանսիայի, ԱՄՆ եւ Ռուսաստանի նախագահները:ՌԴ արտգործնախարարը գործնականում բացահայտում է կարգավորման գործընթացի ներկայիս վիճակը, ցույց տալով, որ զուտ կարգավորման տարբերակների առումով դրանում չկա որեւէ նոր բովանդակություն: Թեեւ ակնհայտ էր, որ կազանյան պլանը նոր բովանդակության փորձ էր, մադրիդյան սկզբունքների ռուս-ադրբեջանական սրբագրման փորձ, որը ջնջեց հայկական զինուժն ապրիլին:Լավրովը հայտարարել է նաեւ, որ Արցախի հակամարտության կարգավորման գործընթացում համանախագահ երկրները միասնական են:Այդ հայտարարությունը շատերն են մեկնաբանում իբրեւ երեք համանախագահ երկրների միջեւ կարգավորման տարբերակի միասնական մոտեցման առկայություն:

Սակայն, այստեղ առկա է որոշակի թյուրըմբռնում: Փորձենք «միասնականությունը» ենթարկել տրամաբանության քննությանը:Արդյոք որեւէ մեկը իրատեսական կարող է համարել, որ ՄԱԿ անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից երեքի՝ միջուկային երեք գերտերությունների միասնական որեւէ որոշում կարող է արգելակվել Հայաստանում եւ Ադրբեջանում:

Միջուկային երեք տերությունները կգտնեն այդ միասնական որոշումը պարտադրելու բազմաթիվ ձեւեր, ամենադաժանից մինչեւ ամենափափուկ: Ի վերջո, միջազգային քաղաքականության պատմությունն ունի դրանց բոլոր օրինակները, երբ հանկարծ կայացվում է վճռական եւ պարտադիր որոշում:Համանախագահները միասնական են ոչ թե կարգավորման որեւէ տարբերակի, այլ պարզապես գործընթացի հարցում, որ պետք է ապահովել գործընթացի շարունակություն եւ պահպանել համանախագահության եռակողմ ֆորմատը, որը միջազգային հարաբերությունների առանձնահատուկ ֆորմատ է, որտեղ Վաշինգտոնը, Փարիզն ու Մոսկվան արդեն երկու տասնամյակ քննարկում են աշխարհքաղաքական կարեւորագույն հանգույցի՝ կովկասյան լայն տարածաշրջանի հետ կապված բազմաթիվ հարցեր:Ընդ որում, այստեղ է թերեւս թյուրըմբռնման հիմքը կամ արմատը. Հայաստանի հանրության մի զգալի մասում առկա է այն մտայնությունը, որ երեք համանախագահները հավաքվել են Արցախի խնդիրը կարգավորելու համար, եւ եթե այդ խնդիրը կարգավորվի, ապա նրանց հավաքը եւ ֆորմատը այլեւս չունի իմաստ:Գուցե երեք համանախագահները միասնական ֆորմատում հավաքվեցին Արցախի խնդիրը կարգավորելու համար, թեեւ առավել հավանական է, որ ընդամենը Արցախի խնդրի առիթով: Բայց գործընթացի տարածության եւ ժամանակի կտրվածքով Արցախի խնդիրը դադարեց լինել եռակողմ ֆորմատի իմաստը եւ գլխավոր մոտիվը:

Գլխավոր մոտիվը միջազգային քաղաքականության, աշխարհակարգի, միջազգային անվտանգության համակարգի հարցն է:

Արցախի խնդիրը ներկայում ընդամենը այդ հարաբերություններում դիտարկվող բաղադրիչներից մեկն է, որն ինքն է ենթակա դրանց, ոչ թե դրանք են ենթակա Արցախի խնդրին:Իսկ այդ պարագայում ակնհայտ է, որ կարգավորման «միասնական մոտեցման», այն էլ որոշման մասին հնարավոր է խոսել այն դեպքում միայն, երբ համարենք, որ կամ Ռուսաստանն է Կովկասը հանձնել ԱՄՆ-ին ու Եվրոպային, կամ հակառակը:

Ընդ որում, նույնիսկ այդ դեպքում կան Իրան եւ Թուրքիա, առնվազն:Ըստ այդմ ակնհայտ է, որ աշխարհքաղաքական բարդագույն հանգույցում կարող են լինել տարբեր թելադրանքներ, սակայն գործնականում բացառվում է Մինսկի խմբի համանախագահ եռյակի «միասնական» թելադրանք:Միեւնույն ժամանակ, հնարավոր է միասնական մոտեցում առ այն, որ տարածաշրջանը պետք է զերծ պահել տեւական, արյունալի մասշտաբային բախումներից, քանի որ այդ պարագայում Կովկասը կլինի ընդամենը վառոդով լեցուն տակառ, որի մոտ կրակ են վառում:Ավելին, այդ մոտեցումը ներկայում առկա է եւ թերեւս առավել ամրապնդված է ապրիլյան պատերազմից հետո, երբ հստակ դարձավ, որ «բլից-կրիգով» հարց լուծելու տարբերակը կենսունակ չէ թե լոկալ՝ հայ-ադրբեջանական մակարդակում, թե առավել գլոբալ՝ համանախագահ երկրներից որեւէ մեկի նախաձեռնողականության մակարդակում, ապրիլի դեպքում՝ Ռուսաստանի:

Միեւնույն ժամանակ, լայնամասշտաբ ապակայունացում թույլ չտալու համար համանախագահ երկրներին անհրաժեշտ է որեւէ գործընթաց, որեւէ օրակարգ, եւ բնական է, որ նրանք մշտապես պետք է հայտարարեն առկա այս կամ այն առաջարկի, պլանի մասին, փորձեն կողմերին բերել որեւէ գործընթացի, քանի դեռ հնարավոր չի լինում գալ իրավիճակի առավել «ինստիտուցիոնալ» ամրագրման:

Այդ ամրագրման համար ընտրված է հրադադարի պահպանման մեխանիզմների ներդրման տարբերակը, որն անգամ, սակայն, երեք համանախագահների շրջանում ակնհայտորեն չունի միասնական ընկալում, թեեւ հրապարակային հայտարարությունների մակարդակում բոլոր երեքն էլ ընդունում են դրա անհրաժեշտությունը:Խնդիրը սակայն այն է, որ հրադադարի մեխանիզմի ներդրումը համանախագահներից մեկին՝ Ռուսաստանին, գործնականում զրկում է հակամարտությունը կառավարելու գերիշխող դիրքից, միաժամանակ նաեւ հանդիսանալու է Կովկասի անվտանգության ռուս-թուրքական հարյուրամյա համակարգի եզրագիծ, որին կփոխարինի արդեն անվտանգության ամերիկա-ռուս-ֆրանսիական համակարգի «հիմնարկեքը», հետագա զարգացումները բխեցնելով արդեն հենց այդ տրամաբանությունից:

Ընդհանրապես, ըստ ամենայնի արցախյան խնդրում առանցքային է մոտեցումներն ու ռազմավարությունը կառուցել ոչ թե միջնորդների կամ այլ միջազգային կառույցների հրապարակային հայտարարությունների վրա, այլ առանձին-առանձին նրանց ռազմավարական շահերի, երկարաժամկետ հետաքրքրությունների, նաեւ դրանց հիմքով երկկողմ ու բազմակողմ հնարավոր հարաբերությունների վրա՝ մինչ այդ իհարկե փորձելով խորապես ուսումնասիրել դրանք, հնարավորինս ճշգրիտ եզրակացության եւ մշակումների համար:

Загрузка...
Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing