Լավրովը հանեց պատասխանատվությունը Երևանի վրայից ու դրեց Բաքվի վրա

161

1in.am — Արցախը բանակցային կողմ դարձնելու վերաբերյալ Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որ հնչել է նախօրեին Մոսկվայում Հայաստանի արտգործնախարարի հետ մամուլի ասուլիսի ընթացքում, ի պատասխան լրագրողի հարցի, Հայաստանում արժանացել է մեծ ուշադրության: Իսկ Լավրովը, հիշեցնենք, հայտարարել էր, որ Երևանի ու Բաքվի պայմանավորվածությամբ է Արցախը դուրս մնացել բանակցությունից, և եթե երկու կողմը պայմանավորվեն վերադարձի շուրջ, ապա իրենք կհարգեն այդ որոշումը: Արցախը բանակցությունից դուրս թողնելու վերաբերյալ բանավեճ ծավալվեց Երևանում, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց բանակցային կողմ լինելու մասին:

Նախ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը այդ հայտարարությունը գնահատեց վտանգավոր, իսկ հետո դրան միացավ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, հիշեցնելով 1994 թվականի ԵԱՀԿ բուդապեշտյան գագաթնաժողովը, ըստ որի՝ հակամարտությունն ունի երեք կողմ՝ Հայաստան, Արցախ և Ադրբեջան: Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ Նիկոլը ճիշտ է, իսկ Վիգեն Սարգսյանը՝ սխալ: Կա տեսակետ, որ Վիգեն Սարգսյանի դեմքով իրականում խոսում էր Սերժ Սարգսյանը: Միացավ Ռոբերտ Քոչարյանը, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանը նրան էր մեղադրել Արցախը դուրս թողնելու հարցում: Քոչարյանը հայտարարեց, որ դուրս թողել է Տեր-Պետրոսյանը, երբ դեռ ինքը չէր դարձել Հայաստանի վարչապետ: Այդպիսով, Հայաստանում երեք նախագահների փոխադարձ մեղադրանքների մի օղակում «խեղդվեց» իրականում լրջագույն քաղաքական քննարկում և բանաձևում պահանջող հարցը՝ ինչպես վերադարձնել Արցախի սուբյեկտությունը կարգավորման գործընթաց, այդպիսով բարձրացնելով հայկական կողմից իրավիճակի քաղաքական կառավարման էֆեկտիվությունը:

Լավրովի հայտարարությունը ընկալվում է տարբեր կերպ: Ոմանք ասում են, որ նա այդպիսով ամեն ինչ գցեց Ադրբեջանի վրա և քաղաքավարի կերպով ուղղակի մերժեց Նիկոլ Փաշինյանին: Սակայն հատկանշական է, որ Լավրովն ինքը որևէ կերպ խնդրհարույց չհամարեց հարցադրումը և, միակ խնդիր, փաստորեն, դիտարկեց Ադրբեջանը: Իսկ Ադրբեջանը խնդիր է ոչ միայն այդ մասով, այլ ընդհանրաես կարգավորման գործընթացի, որովհետև Ադրբեջանը միայն Արցախի հարցը չէ, որ մերժում է, այլ մերժում է ամեն ինչ ընդհանրապես: Այլ կլիներ իրավիճակը, եթե Ադրբեջանը մնացյալ առումներով պատրաստ լինել քաղաքական կարգավորման գործընթացի, լիներ կառուցողական և չպահանջեր ամեն ինչ: Այ դեպքում Հայաստանը կհայտնվեր ոչ շահեկան վիճակում՝ դնելով Արցախի կողմ լինելու հարցը, որովհետև դա կլիներ Բաքվի «միակ» մերժումը և այդպիսով միավոր կբերեր Բաքվին: Մինչդեռ Բաքուն մերժում է ամեն ինչ և դա ստեղծում է նպաստավոր իրավիճակ, որպեսզի հայկական կողմը բարձրացնի իր քաղաքական դիրքորոշումների նշաձողը և այդ մասով պահը հարմար է դնել հարց, որն իրականում վաղուց պահանջված է առնվազն հայկական կողմերի շահի և անվտանգության դիտանկյունից:

Ահա այդ կոնտեքստում Լավրովի հայտարարությունը, կամա թե ակամա, ըստ էության վերածվում է Երևանի աջակցության և Բաքվին ուղղված նախատինքի, այն իմաստով, որ Բաքուն է մեղավոր Երևանի դիրքորոշումների կոշտացման համար, և եթե ունի այդ կապակցությամբ հարցեր, ապա միայն ու միայն իրեն, ու ոչ թե համանախագահներին կամ Ռուսաստանին, մասնավորապես: Ամբողջ խնդիրը տվյալ պարագայում այն է, թե բարձրացված հարցը Հայաստանի ներքաղաքական և ներհասարակական դիսկուրսում երբ է դուրս գալու երեք նախագահների միմյանց մեղադրանքների շրջանակից ու քննարկվելու արդեն նոր հայկական իրողությունների պարագայում, ձևավորվելով որպես այդ իրողություններից բխող բանաձև, հայեցակարգ:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache