Լրահոս

«Լայնածավալ պատերազմի դեպքում Ալիևը ոչ թե «Սքայփ»-ով է հետևելու դրա ընթացքին, այլ իր կաշվի վրա է զգալու ամենը»

 

1478158723-096

yerkir.am — Վերջին օրերին սահմանին ադրբեջանական կողմն ակտիվացել է` դիվերսիոն փորձ, նախահարձակ գործողություններ… Yerkir.am-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը նշեց, որ ադրբեջանական կողմի նման ագրեսիվ պահվածքը նորություն չէ, և անհասկանալի զարգացումներ չկան. ամեն ինչ կանխատեսելի է, քանի որ ունենք այդպիսի հակառակորդ: Ըստ նրա` քանի որ Ադրբեջանը, որպես պետություն, նացիստական է, պետք է նման քաղաքականություն էլ իրականացնի:

Սակայն Բաբայանը համոզված է, որ Ադրբեջանի գործողությունները բխում են նաև նրա ներքին խնդիրներից: «Առաջին հերթին` տնտեսական ճգնաժամից և քաղաքական այն կերպարանափոխություններից, որոնք տեղի են ունենում Ադրբեջանում` տնտեսական ճգնաժամի ներքո: Այսինքն` նավթի եկամուտները հիմա կտրուկ անկում են ապրում, ժողովուրդն ավելի վատ է ապրում` կենսամակարդակն իջնում է, և այս իրավիճակում Ալիևն ամբողջությամբ սեփականաշնորհում է քաղաքական դաշտն ու նախագահի պաշտոնը, որ հետո նաև իր հարստությունը բերի ցմահ իշխանության: Իհարկե, այս ամենն ազդում է, ժողովուրդը հասկանում է` ինչ է կատարվում, և որպեսզի շեղի ժողովրդի ուշադրությունը, փորձում է սահմանին իրավիճակը լարված պահել»,- ասաց նա:

Նա տեղեկացրեց նաև, որ առաջիկա 10 օրերի ընթացքում Ադրբեջանն ինչ-որ տոներ ունի` նոյեմբերի 9-ին պետական դրոշի, 12-ին` Սահմանադրության, 17-ին` ազգային վերածննդի: Տոնական օրերը, ըստ Բաբայանի, ինչ-որ ձևով ավելի «ճոխացնելու» համար էլ նրանք նման ագրեսիվ քայլերի են դիմում: «Սա նաև սրբապղծություն է, քանի որ դասական իսլամը ագրեսիա չի քարոզում, և այն, ինչ տեսնում ենք ահաբեկիչների մոտ, հիմա նույնն Ադրբեջանն է անում: Նրանք ոտնահարում են իրենց իսկ կրոնը` ոչ միայն քրիստոնյա հայերի նկատմամբ, այլ նաև իրենց տարածքում ապրող այն ազգային փոքրամասնությունների, որոնք մահմեդական են: Այդ նացիզմը հանգեցնում է նրան, որ բանականությունն ընդհանրապես խախտվում և այլասերվում է: Սա հիվանդություն է, որն, առաջին հերթին, վնաս է հենց Ադրբեջանին, քանի որ այդպիսի հասարակություններն ապագա չունեն` ուշ, թե շուտ կործանվում են»,- ասաց նա:

Կարծիք հայտնելով երեկ Արկադի Տեր-Թադևոսյանի` Еркрамас-ին տված հարցազրույցի մասին, որում նա ասել էր, որ եթե ցանկանանք, 20 րոպեում կարող ենք պայթեցնել Ադրբեջանը, քանի որ նրանց ենթակառուցվածքները շատ թույլ են, Բաբայանը նշեց, որ մենք երբևիցե ագրեսոր չենք լինելու, բայց դա չի նշանակում, որ թույլ ենք տալու` մեր անվտանգությունն ու անկախությունը վտանգի ենթարկվի:

«Ընդհանրապես, մենք դեմ ենք ցանկացած ահաբեկչական կամ պատերազմական գործողությունների, ոչ թե` որ վախենում ենք կամ ի վիճակի չենք պայքարել, այլ ուղղակի սա մեր քաղաքակրթությանը խորթ է: Մեր անվտանգության հայեցակարգում հիմնական դրույթն ակտիվ պաշտպանությունն է, ինչը նշանակում է նաև, որ պատերազմի վերսկսման դեպքում հակառակորդի գործողությունները կարող ենք տեղափոխել նրա տարածքի խորքը: Բայց մենք, ի տարբերություն Ադրբեջանի, երբևէ ահաբեկչությամբ չենք զբաղվել: Իհարկե, պատերազմն ունի իր կանոնները, և թող Ադրբեջանը լավ իմանա, որ եթե լայնածավալ պատերազմ լինի, այն չի սահմանափակվելու միայն Արցախի սահմանամերձ շրջաններում, և Ալիևը չի կարողանալու Բաքվի իր հողամասերում թաքնվել և այնտեղից «Սքայփ»-ով նայել ավերածություններին ու մարդկանց տառապանքներին, նա իր սեփական կաշվի վրա է զգալու այդ ամենը, եթե, իհարկե, չլքի իր երկիրը, ինչը, նրա դեպքում, շատ հավանական է»,- խոսքն ամփոփեց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարը:

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

Հրապարակող՝

newhing

newhing