Լրահոս

Լֆիկ Սամոն մատնեց Սերժ Սարգսյանին

 

arm148421157525

Ալյուրն ու շաքարավազը թանկացել են, սպասվում է, որ հետագայում նույնպես թանկացումներ կլինեն: Պետական իրավասու մարմինները բնականաբար այս ամենի համար բացատրություններ կգտնեն, հիմնավորելով նաեւ համաշխարհային շուկաներում տիրող իրավիճակով:Այստեղ, իհարկե, կան օբյեկտիվ հանգամանքներ, համաշխարհային շուկայում օրինակ հունվարին նկատվել են գնի տատանումներ:Այս ամենը լիարժեք կլիներ, եթե չլիներ մեկ այլ հանգամանք՝ Հայաստանի տնտեսա-քաղաքական համակարգի կառուցվածքն ու առանձնահատկությունները, ներքին հարաբերությունների տրամաբանությունը, որը շատ քիչ առնչություն ունի բիզնես-միջավայրի տրամաբանության հետ:Հայաստանի տնտեսությունը քվոտավորված է մենաշնորհների, արտոնությունների ու ստվերի հստակ բաշխման միջոցով, եւ այս պարագայում գործում են այլ «օրենքներ» ու տրամաբանություն: Այս քվոտաների «տերերը», բացի պետական հարկերից, վճարում են նաեւ «օբշակին», որից ծախսեր են արվում օլիգարխիկ համակարգի պահպանման նպատակով: Մասնավորապես, ընտրությունների, քաղաքական կուսակցությունների ու հասարակական տարբեր խմբերի ֆինանսավորման եւ այլ նպատակներով:

Հայաստանյան այս համակարգի խորհրդանիշներից մեկը ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է՝ Լֆիկ, այդ թվում՝ շաքարավազի ու ալյուրի շուկաներում: Նա համակարգի քաղաքական եւ այլ բնույթի «միջոցառումների» խոշոր դոնորներից մեկն է, որի դիմաց էլ պահպանում է իր տնտեսական արտոնություններն ու քվոտաները:Ինչ ասես արժեր միայն Մալաթիա-Սեբաստիայի թաղապետի նշանակման պատմությունը: Այդ պաշտոնը թափուր մնաց այնքան ժամանակ, մինչեւ լրանա ներկայիս թաղապետի՝ Լֆիկ Սամոյի քրոջ որդու համապատասխան տարիքը, որից հետո էլ նա նշանակվեց:Այս ֆոնին, անլուրջ է խոսել թանկացումների «օբյեկտիվ հանգամանքների» մասին, որքան էլ դրանք օբյեկտիվ լինեն:

Առաջիկայում խորհրդարանի ընտրություն է, որի ժամանակ մեծ փողեր են պետք, այն էլ ներկայիս ֆինանսական խնդիրների պարագայում: Ընդ որում, հետաքրքիր է, որ եթե նախկինում թանկացումները սովորաբար հաջորդում էին ընտրություններին՝ «դոնորներն» այդպիսով հետ էին վերադարձնում իրենց ծախսած փողը, ներկայում դա տեղի է ունենում ընտրությունից առաջ:Դա նշանակում է երկու բան. Առաջին՝ համակարգն իսկապես ունի ֆինանսական լուրջ խնդիրներ, արտաքին ներարկումների՝ տրանսֆերտների, դրամաշնորհների նշանակալի անկման պայմաններում:Երկրորդ՝ քանի որ Սերժ Սարգսյանը հայտարարել է «գոնե այս անգամ անբիծ ընտրություն» անցկացնելու մասին, պետք է բոլոր խնդիրները լուծել նախօրոք, որպեսզի քվեարկության օրն անցնի անաղմուկ:Իսկ դա իր հերթին նշանակում է, որ մեծանում է ծախսը, որովհետեւ «ընտրողներին» ու ընտրախաժամուժին կանխավճար տալուց բացի պետք է առատորեն վճարել նաեւ այսպես կոչված ընդդիմությանը կամ ոչ իշխանական խմբավորումներին, որ նրանք աղմուկ չբարձրացնեն:Թե ում համար են որոշել «անբիծ ընտրություն» անցկացնել՝ անհասկանալի է: Հանրության մի մասի համար դա վաղուց զավեշտ է, մյուս մասի համար՝ փող ստանալու միջոց, Արեւմուտքում վաղուց չեն հետաքրքրվում հայաստանյան ընտրությունների բնույթով, իսկ Ռուսաստանին դա ընդհանրապես պետք էլ չէ: Իզուր ժողովուրդն է «քաշվում»:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...