Լրահոս

Լրագրողի աշխատանքը խոչընդոտած երիտասարդին «չեն գտնում»

 

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Տաթև Խաչատրյանի աշխատանքը խոչընդոտելու փաստով հարուցված քրեական գործով նախնական դատական նիստն այսօր տեղի չունեցավ ամբաստանյալի ու մեղադրողի բացակայության պատճառով: Դատարանը հետ էր ստացել ամբաստանյալ Հայկ Հունանյանին ուղարկված ծանուցագիրը՝ նիստի օրվա և ժամի վերաբերյալ: Դատարանը հայտնեց, որ Հունանյանի հետ չեն կարողացել կապվել նաեւ հեռախոսով, վերջինս փոխել է հեռախոսահամարը: Լրագրողի ներկայացուցիչ փաստաբան Երվանդ Վարոսյանը Aravot.am-ին ասաց, որ ամբաստանյալի նկատմամբ ընտրված է չհեռանալու մասին ստորագրություն խափանման միջոցը, ինչը քիչ հավանական է դարձնում նրա՝ երկրից դուրս լինելու հավանականությունը. «Մեղադրանքը լիովին հիմնավորված է՝ թե՛ վկաների ցուցմունքներով, թե՛ տեսաձայնագրություններով, խոսքը չի վերաբերում միայն Տաթեւ Խաչատրյանի կողմից արված տեսաձայնագրությանը, այլեւ ընտրական տեղամասում է տեսաձայնագրվել, որի սկավառակը քրեական գործին է կցված»: Հիշեցնենք, որ ամբաստանյալը մեղքը չի ընդունում՝ պատճառաբանելով, որ ինքը չի իմացել, որ Տաթեւ Խաչատրյանը լրագրող է, ինչը, ըստ փաստաբանի՝ հերքվել է թե՛ տեսաձայնագրությամբ, թե՛ վկաների ցուցմունքներով: Հիշեցնենք նաեւ, որ Հայկ Հունանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խոչընդոտել է Երևանի ավագանու 2017 թվականի մայիսի 14-ի ընտրությունների ընթացքը լուսաբանող «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Տաթև Խաչատրյանի լիազորությունների իրականացմանը: Այս գործով հաջորդ դատական նիստը հուլիսի 18-ին է:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing