Մահացած զինծառայողի մարմնին առկա են քերծվածքներ

55

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ ժամկետային զինծառայող, շարքային Ժորիկ Պետրոսյանի մահվան բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։

Զինծառայող Ժ. Պետրոսյանի մահացու հրազենային վիրավորումն ստանալու մասին ահազանգն ստացվել է 2018 թվականի հուլիսի 24-ին։ Դեպքի վայրում կատարված զննության և առաջնային անհետաձգելի դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված տվյալները վկայել են, որ զինծառայողը վնասվածքն ստացել է ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով:

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով՝ զենքի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, մշակվել է քննչական պլան, առաջ քաշվել հնարավոր այլ աշխատանքային վարկածներ ևս, որոնք ստուգելու ուղղությամբ ձեռնարկվում են մեծածավալ քննչական գործողություններ, օպերատիվ-որոնողական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություններ տրվել ռազմական ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին։

Քրեական գործով կարևոր նշանակություն ունեցող մի շարք հարցեր պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԱՆ ԴԲԳԳԿ ՊՈԱԿ-ի փորձագետներին:

Մասնավորապես՝ վերջիններիս առաջադրվել են մի շարք հարցեր՝ տուժողի ստացված վնասվածքների, դրանց բնույթի, եղանակի և մահվան հետ պատճառահետևանքային կապի վերաբերյալ։ Այն է՝ դիակի վրա ինչպիսի վնասվածքներ կան, դրանց տեսակը, որտեղ են տեղակայված, պարզել պատճառման մեխանիզմը, ծանրության աստիճանը, վաղեմությունը, պատճառման հաջորդականությունը` յուրաքանչյուր վնասվածքով առանձին-առանձին: Հրազենային վնասվածքի դեպքում՝ դրանք միջանցիկ (թափանցիկ) են, կույր, թե՝ շոշափող, գնդակային են, բեկորային, թե հասցվել է կոտորակով: Ինչ հեռավորությունից է կատարվել վնասվածք պատճառած կրակոցը, այն ընդհուպ է, թե՝ ոչ (նշել մոտավոր հեռավորության չափը), ինչպիսին է հրազենի ու տուժողի փոխադարձ դիրքը և կատարված կրակոցի տարածությունը: Երբ է վրա հասել Ժորիկ Պետրոսյանի մահը, որն է նրա մահվան անմիջական պատճառը, վնասվածքները կենդանության օրոք են պատճառված, թե՝ հետմահու, որ վնասվածքն ինչ պատճառական կապ ունի մահվան հետ: Դիակի սկզբնական դիրքը փոփոխվել է, թե՝ ոչ, եթե՝ այո, ապա մահվանից որքան ժամանակ հետո: Հայտնաբերված վնասվածքներում /վերքերում/ օտար առարկաներ, մանրաթելեր, միկրոմասնիկներ կան, թե՝ ոչ, եթե՝ այո, ապա որտեղ են դրանք հայտնաբերվել և ինչպիսին են:

Դատաբժշկական փորձաքննության ընթացքում կատարվել է դիահերձում, որին մասնակցել են տուժողի հորեղբայրը և հորաքրոջ տղան։ Փորձագետների կողմից արձանագրվել է, որ դիակի տարբեր հատվածներում առկա են տարբեր քերծվածքներ՝ կեղևակալված վիճակում, որոնք պատճառվել են կենդանության օրոք, դրանց վաղեմությունը և պատճառման մեխանիզմը, ծանրության աստիճանը դատաբժշկի կողմից կնշվի եզրակացությամբ:

Քրեական գործով, ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցանքի կատարման կասկածանքով ձերբակալվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ա.Ադամյանը:

Ինչ վերաբերում է տուժողի հարազատների կողմից հնչեցված այն դիտարկմանը, որ դիրքի ավագը հերթապահություն իրականացնելիս մարտական դիրքում չի գտնվել, ապա տեղեկացնում ենք, որ այդ հանգամանքը ևս դարձվել է քննության առարկա։

Նախաքննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache