Մանե Թանդիլյանը կոտրեց «ավանդույթը». Շատ բաներ են ջրի երես դուրս գալիս

168

Մեր զրուցակիցն է հրապարակախոս, քաղաքագետ Անուշ Սեդրակյանը

Տիկին Սեդրակյան, նոր կառավարության անդամներից Մանե Թանդիլյանը հրաժարական է տվել, որը կապված է կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի հետ։ Խոսակցություններ կան, որ նրան կարող է հաջորդել նոր հրաժարականներ։ Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը։

Նախ՝ բոլորիս շնորհավորում եմ Հայաստանում քաղաքական սկզբունքայնության մշակույթի ձևավորման առթիվ։ Հայաստանում արդեն ձևավորվում է ոչ թե ընդդիմադիր մշակույթ, այլ ավելի կարևոր մշակույթ. դա սեփական քաղաքական խոսքին, սեփական քաղաքական սկզբունքին հավատարիմ լինելու միտումն է, ընդ որում՝ դա ավելի կարևոր է դիտվում, քան պաշտոնը։ Հայաստանում մենք սովոր էինք, որ բոլոր քաղաքական հավատամքները զոհ են գնում պաշտոնի մոգական ազդեցությանը։ Ես ինձ համարում եմ այդ քաղաքական պրոցեսի շահառու, որովհետև համոզվում եմ, որ Հայաստանում  քաղաքական խոսքը սկսում է արժեք ձեռք բերել։ Դրանով Մանե Թանդիլյանը պատասխանատվության է կանչում մնացած բոլոր այն պաշտոնյաներին, որոնք հեղափոխությունից առաջ ասել են մի բան, հեղափոխությունից հետո ասում են մեկ այլ բան։ Դրանով նա կարծես լյուստրացիայի է ենթարկում բոլոր այն մարդկանց, ովքեր մինչև հեղափոխությունը պնդել են բացարձակապես իրարամերժ լոզունգներ, իսկ հիմա իրականացնում են դրան հակառակ գործողություններ։

Շատ բաներ են դուրս գալիս ջրի երես։ Շատերն ասում են՝ առաջին իսկ փորձության առջև ընկրկելու միտումի մասին, ինչին ես կտրականապես դեմ եմ։ Խոսքը հիմնարար քաղաքական սկզբունքի մասին է, որը պետք է տարածվի նաև այլ դաշտերի վրա։ Ասենք ԱԳ նախարարության վրա, որովհետև մենք ունենք բելառուսական զենքերի վաճառք Ադրբեջանին և չունենք ԱԳՆ-ից որևէ արձագանք դրան։ Մենք ունենք  բյուրոկրատական ապարատի նորանոր նշանակումներ, մինչդեռ այդ ապարատի ուռճացումը եղել է ընդդիմության գերակա խնդիրը։ Պետք է հասկանալ, որ այդ հեղափոխությունը Հայաստանի գերագույն նվաճումն է, և դա պահպանելու համար այդ հեղափոխությունը պետք է պահպանի իր բացարձակ թափանցիկությունը։ Թափանցիկությունը սոցիալական ցանցերում քաղաքացիների հետ անմիջական հաղորդակցվելը չէ։ Թափանցիկությունը քաղաքացիներին նախագծերի, պաշտոնյաների կենսագրությունների, պաշտոնյաների գործերի, նրանց քաղաքական հավատամքների ներկայացումն է։ Տեսեք, Մանե Թանդիլյանը հայտարարում էր, որ կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ ինքն այլ տարբերակներ էր առաջարկել։ Պետք էր այդ տարբերակների քննարկում անցկացվեր, որովհետև թափանցիկ գործելաոճն իր մեջ ներառում է մի քանի փուլեր։ Առաջինը մտայնությունների բարձրաձայնումն է, իսկ հետո փաստերի բարձրաձայնումը։

Ես հասկանում եմ, որ Հայաստանում մի ստվար զանգված կարող է բավարարվել բարի մտադրությունների շարադրանքով, և հեղափոխության նախնական  փուլում բոլորն են դրանով հիանում, բայց արդեն գալիս է երկրորդ փուլը՝ խոսքի և գործի համապատասխանության փուլը։ Որևէ մեկը չպետք է վիրավորվի, հատկապես հոգով և սրտով ժողովրդավարական իշխանությունը չպետք է նեղանա իր քաղաքացուց նման պահանջատիրության համար։

Այսինքն՝ տեղի ունեցածը առողջ գործընթա՞ց է։

Այո, ես դա որակում եմ բացարձակ առողջ գործընթաց։ Սա քաղաքական սկզբունքայնության ներդրումն է դաշտում։ Մանե Թանդիլյանը դրել է նաև պատգամավորի մանդատը, այսինքն՝ ամեն ինչ դրել է և ընտրել քաղաքական սկզբունքը։ Ինձ թվում է, որ ավելի ողջունելի մշակույթ հնարավոր չէ պատկերացնել։ Չի կարելի մարդուն դնել մի պաշտոնի և ստիպել, որ նա ասի իր նախնական ասելիքի հակառակը։ Այդպես չի կարող լինել։ Այդ պրակտիկայի պարագայում շատ երկրներում պաշտոնյաները հրաժարական են տալիս, ու դա նորմալ է։ Այստեղ ոչ թե խոսքը քաղաքական ու կառավարության գծի մասին է, այլ պետք է հասկանալ, որ Մանե Թանդիլյանը մտել է քաղաքական կյանք «Դեմ եմ կուտակայինին» կարգախոսով, ու նրանից պահանջել, որ նա պնդի հակառակը, քաղաքական պրոցեսի պրոֆանացիա է։

Եթե արտահերթ ընտրությունները ձգձգվում են, արդյոք այդ ընթացքում ժողովրդական ոգևորությունը գնալով կմարի։

Էյֆորիայի վրա կայացած քաղաքական գործընթացը քաղաքական գործընթաց չէ։ Այսինքն՝ հեղափոխությունն անում են էյֆորիայով և էնտուզիազմով, ընտրությունները անում են սառը հաշվարկներով և կայացած ծրագրերով։ Դա է քաղաքակիրթ աշխարհի նորմը։ Ես հուսով եմ, որ մենք մտնում ենք քաղաքական նորմայի մեջ։ Իսկ ո՞վ ասաց, որ  բոլորը պետք է էյֆորիայով քվեարկեն։ Ես 2012 թվականից սկսած այլևս որևէ էյֆորիայի չեմ ենթարկվում, բայց քաղաքական փաստերն ու գործընթացներն ինձ կարող են շատ հեշտությամբ համոզել, դարձնել կողմնակից կամ օպոնենտ։ Ես կարծում եմ՝ որքան շատ լինի փաստական գործառույթների մեջ ներգրավված քաղաքացիների քանակը, այնքան ավելի հզոր կլինի իշխանությունը, որովհետև նա կիմանա, թե ինչպես կարող է հենվել իր բանիմաց քաղաքացիների վրա, ինչ աջակցություն կարող է ստանալ և ինչ վերահսկողություն կարող է լինել նրանց կողմից։ Ժողովրդական վերահսկողությունը նորմալ ժողովրդավարական հասարակության պարտադիր պայմանն է։ Դա իրականացվում է մամուլի միջոցով, այլընտրանքային քաղաքացիական նախաձեռնությունների միջոցով և, իհարկե,  կան արդար դատարաններ, որոնց ձևավորումը Հայաստանում կարծես ուշանում է։

Կա՞  հակահեղափոխական վտանգ։

Ինձ դուր չի գալիս այդ «հակահեղափոխականներ» տերմինը։ Այսինքն՝ ով մի բացասական բան է նկատում, անմիջապես կպցնում են «հակահեղափոխական» պիտա՞կը։ Իհարկե, հեղափոխությունը շատերի մոտ առաջացնում է բազմաթիվ կնճռոտ հարցեր։ Հակահեղափոխականներն այն մարդիկ են, որոնք նվիրված և իրավամբ  ուզում են, որ հին համակարգը վերադառնա։ Բայց նախ այդ տեսլականը բացարձակ անիրատեսական է՝ բարոյապես  ջախջախված ՀՀԿ-ն, որը հին համակարգի տնօրենն է, որևէ կերպով չի վերադառնալու, որովհետև դա կլինի համաժողովրդական ցնցում։ Երկրորդ՝ հակահեղափոխականությունը օլիգարխիայի կազմակերպված ջանքերն են այդ ուղղությամբ, բայց դա արդեն իշխանության խնդիրն է, որը պետք է օրինական ճանապարհով օլիգարխիային զրկի իշխանության գալու մեխանիզմներից։ Այսինքն՝ պետք է կատարվեն օրենսդրական փոփոխություններ, որը թույլ չի տա նման բան տեղի ունենա։

Այսօր այնքան գործ կա անելու, որ որքան էլ խոսենք հեղափոխությունից, պետք չէ աչքաթող անել հիմնարար գործերը, որոնք մեզ սպառնում են։ Դա նախ ռուսական անվերջ հսկող աչքն է Հայաստանի գործընթացներին, երկրորդ՝ խոշոր օլիգարխիայի ներքին դժգոհությունն է, որը բնականաբար այդպես պետք է լինի, և երրորդը՝ այն հեղհեղուկ զանգվածն է, որը հեղափոխությունից ակնկալում է անմիջական օգուտ իր անձի համար, այսինքն՝ անմիջական պաշտոն, բարեկեցություն, կամ հարուստներից փողերը վերցնեն տան աղքատներին։ Այդ բոլոր հարցերը պետք է հերթականությամբ լուծել, բայց ժողովրդական վերահսկողությունը չի կարելի որակել որպես հակահեղափոխություն, այլապես կունենանք մի այլ տիպի ավտորիտար հեղափոխություն, որն էլի ընդունելի չէ և երկար չի դիմանա։ Դրա համար ռեսուրս չունի։ Հեղափոխության արմատավորման միակ տարբերակը ժողովրդավարական ինստիտուտներն են, որոնց կայացման միակ տարբերակը ժողովրդական վստահությունն է։ Ժողովրդական վստահության գրավականը քաղաքական սկզբունքայնություն է, որն իրականացնում է Մանե Թանդիլյանը։

Դուք նշեցիք Ռուսաստանի գործոնը, բայց Նիկոլ Փաշինյանն արդեն երկրորդ այցն է կատարում Ռուսաստան։ Ի՞նչ հունով կընթանան հայ-ռուսական հարաբերությունները, և արդյոք կարդարանան արևմտամետների ակնկալիքները նոր իշխանությունից։

Արևմտամետ չկա, կա քաղաքակրթական արժեքները ավելի գնահատող քաղաքական ուղղություն։ Այո, այդ մարդիկ քիչ են, բայց քաղաքակրթական արժեքը գոնե այն ուղենիշն է, որ շատ կայուն է։ Այդ քաղաքակրթական արժեքներն այդպես մի տեսակ սվաղել կամ դրանց վրա ուշադրություն չդարձնել նույնիսկ ԱՄՆ-ի պես հզոր երկրի վրա շատ ցավոտ է նստել հետագայում։ Այնուամենայնիվ, մարդկությունը գաղափարական կառույց է, և մարդկությունն առաջնորդվում է կենսունակ գաղափարներով։ Պետք չի արհամարհել այդ կենսունակ գաղափարները, պետք է իրավիճակներին լուծումներ տալ, բայց առաջնորդվելով հիմնարար արժեքներով։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache